Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՉԵՄ ՀՐԱԺԱՐՎԻ ԻՄ ՀԱՂԹԱՆԱԿԻՑ



ՉԵՄ ՀՐԱԺԱՐՎԻ ԻՄ ՀԱՂԹԱՆԱԿԻՑՖեյսբուքյան լուսանկարներում Լիլիթ Խաչատրյանը զինվորական համազգեստով է և կարատեիստի սպիտակ կիմանոյով:

-Բայց զարմանալին Ձեր մեղմ ու կանացի հայացքն է՝ հագուստին ու մասնագիտությանը անհարիր,- ասում եմ ես:

-Ինչո՞ւ անհարիր,- զարմանում է Լիլիթը,- կանացիությունը հոգու հատկանիշ է, ի՞նչ կապ ունի մասնագիտության հետ:

Ու մենք հենց այս թեմայից էլ սկսում ենք մեր զրույցը:

-Գուցե սխալվում եմ, բայց, իմ կարծիքով, ֆիզիկական մեծ ուժն ու կանացիությունը դժվար համատեղելի են: Մի տեսակ՝ չեմ պատկերացնում կին կարատեիստ, այն էլ՝ Եվրոպայի փոխչեմպիոն:

-Մորս հիշեցի: Նա աշխարհի ամենաքնքուշ, ամենափխրուն, ամենամեղմ կինն էր: Բայց երբ հայրս մահացավ՝ երկու մանկահասակ երեխաներին մեծացնելու բեռը մնաց մայրիկիս ուսերին: Մայրս մեր աչքի առաջ հետզհետե փոխվեց: Արտաքուստ փոխվեց: Հոգու խորքում նա նույն խոցելի, բարեսիրտ, խաղաղ կինն էր, բայց ստիպված էր պաշտպանել իր զավակներին, պայքարել նրանց անհոգ ու ապահով մանկության համար: Ես մեր ընտանիքի ավագ երեխան էի, եղբայրս մեկ տարով փոքր էր ինձնից, և ուժեղ լինելը ինձ համար նույնպես կենսական կարևորություն ուներ: Հայրս չէր իջնելու բակ ինձ նեղացնողներին սաստեր, ինձ համար ճանապարհ չէր հարթելու: Ես պիտի ամեն ինչ անեի, որ հնարավորինս քիչ հոգս պատճառեի մայրիկիս: Երբեմն մարդը իր թուլությունը գիտակցելով է գնում դեպի ուժը: Ագրեսիվ մարդիկ իրականում վախկոտ են ու անվստահ, իսկ հոխորտալը պարզունակ ինքնապաշտպանություն է:

-Ե՞րբ սպորտը հայտնվեց Ձեր նախասիրությունների շարքում:

-Ես նկարչություն էի պարապում ու երազում էի զինվորական դառնալ: Մտածում եմ, որ զինվորական դառնալու մղումը մեր հարևան Վարդան պապիկի նվերն էր ինձ. նա մասնակցել էր 90-ականների մարտական գործողություններին ու մեծ ներշնչանքով պատմում էր իր զինակից ընկերների մասին: Ես արտառոց ներշնչանքով էի լսում այդ պատմությունները: Պաշտում էի Դուշման Վարդանին, Վազգեն Սարգսյանին… Ինչքան ինձ հիշում եմ՝ զինվորական համազգեստ եմ ունեցել: Իմ նախասիրությունները ակնհայտորեն մորս սրտով չէին: Նա 10 տարի պարել էր Գյումրիում հայտնի պարուսույց Շաբոյանի խմբում ու ինձ տարավ պարի խմբակ: Ես մի քանի պարապմունքից հետո կտրուկ հրաժարվեցի պարել, այս անգամ մայրս ինձ ուղարկեց կար ու ձև սովորելու: Իմ մարզական կարիերան հենց այդտեղից էլ սկսվեց: …Բանն այն է, որ կար ու ձևի սրահի կողքի շենքում տղաները թեկվանդո էին պարապում: Մի անգամ ես կար ու ձևի խմբի սրահ մտնելու փոխարեն մտա մարզադահլիճ: Պարզվեց, որ մարզիչը մեր հարևան Ռուբիկն է: Ասացի՝ ես էլ եմ ուզում կարատե պարապել: Այստեղ գոնե մի աղջիկ տեսա՞ր՝ մերժեց ընկեր Ռուբիկը: Ես ամեն օր կտորները, թելերն ու ասեղները պայուսակս լցրած՝ գալիս էի մարզադահլիճ ու նայում, թե ոնց են տղաները մարզվում: Մի օր էլ ընկեր Ռուբիկն ասաց՝ քեզ կմարզեմ, բայց եթե առաջին մրցույթի ժամանակ պարտվես, սուսուփուս կգնաս տուն ու էլ մարզադահլիճ չես գա: Ես համաձայնեցի:

-Ենթադրում եմ՝ հաղթեցիք:

-Առավոտից իրիկուն մարզվում էի: Տղաները գնում էին տուն, ես շարունակում էի պարապել: Աշխարհում անհաղթահարելի ոչինչ չկա, կարևորը՝ քո ցանկության մեծությունն է ու քո ձգտման ուժը: Հարևանները, ազգականները շնորհավորում էին մորս իմ հաղթանակի առթիվ, իսկ նա շվարած նայում էր շուրջն ու ասում՝ կար ու ձևի մրցույթը ո՞րն է: Ես շատ երախտապարտ եմ իմ մարզիչին ոչ միայն մարզական հաջողություններիս, այլև մեծ երազանքներից չհրաժարվելու քաջության համար: Ես կարող եմ ոտքի կանգնել ոչ միայն ծնկած դիրքից, այլև՝ երբ բերանքսիվայր ընկած եմ գետնին: Անդունդում ես կարող եմ երազել թռիչքի մասին:

-Դուք ռինգում պարտվելու մասի՞ն եք խոսում:

-Ե՛վ ռինգում, և՛ կյանքում: Միջազգային ելույթներից առաջ մայրս ինձ հրաժեշտ տալիս ասում էր՝ Հայրենիքի պատիվը բարձր կպահես: Արտերկրում ես հանուն Հայաստանի էի պայքարում: GTF TAEKWON-DO-ի Եվրոպայի առաջնության ժամանակ պիտի մրցեի ինձնից 40 կիլոգրամով ծանր մարզուհու հետ՝ աշխարհի հնգակի ու Եվրոպայի քառակի չեմպիոնի: …Երբ առաջին անգամ նրան տեսա, մտածեցի, տեսնես՝ ո՞ւմ է բաժին ընկնելու էս ահռելի տանկը, սա յուրաքանչյուրին կճխլի: Մասնագետները ինձ առաջարկեցին հրաժարվել մարտից, բայց ես, այդուամենայնիվ, ռինգ մտա:

-Ինչո՞ւ: Չէ՞ որ ասում եք՝ նրան հաղթելու հնարավորություն չկար:

-Միայն ռինգում կարող ես հստակ որոշել՝ հաղթելու հնարավորություն ունե՞ս, թե՞ ոչ: Մարտից մի քանի րոպե անց, մի քանի հուժկու հարված ստանալուց հետո ես հասկացա, որ պարզապես կարող եմ սպանվել ռինգում ու դադարեցրի մարտը: Ես կարծում եմ, որ և՛ ռազմադաշում, և՛ ռինգում ստույգ մահվան գնալը անհեթեթություն է, եթե վստահ չես, որ գործը շահելու է դրանից: Պիտի նահանջես, ժամանակ շահես, որ վերականգնես ուժերդ: Ոչ մի պարտություն, ոչ մի կորուստ դատավճիռ չէ, քանի դեռ ողջ ես, քանի դեռ ուզում ես հաղթել և պատրաստ ես ամբողջովին, անմնացորդ նվիրվել քո երազանքին:

ՉԵՄ ՀՐԱԺԱՐՎԻ ԻՄ ՀԱՂԹԱՆԱԿԻՑ-Ձեր նկարներից մեկում կուրսանտական սև համազգեստով եք:

-Դա իմ կադետական համազգեստն է: Ուզում եմ պատմել, թե ինչպես առաջին անգամ տեսա Վազգեն Սարգսյանին: Նա մի քանի բարձրաստիճան զինվորականների հետ եկել էր մեր դպրոց՝ դիտելու «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը, որին մասնակցում էր նաև մեր կադետական դասակը: Դասակի հրամանատարը ես էի: Վազգեն Սարգսյանն ասաց՝ հաղթող թիմը կարող է ինձնից խնդրել՝ ինչ ուզում է: Հավասար միավորներով՝ մենք ու մի դպրոցական թիմ հաղթեցինք: Հակառակորդ թիմը Վազգեն Սարգսյանից՝ որպես մրցանակ, խնդրեց իրենց ռեստորան տանել: Հիմա պատմեմ, թե ես ինչպես խոսեցի Սպարապետի հետ: Նախ՝ սիրտս սկսեց շատ արագ բաբախել, որովհետև Վազգեն Սարգսյանն ինձ համար հերոս էր, դյուցազուն, ու ես պիտի խոսեի նրա հետ: Ասացի, որ ուզում եմ մեզ տանի Շուշի, ինձ նվիրի Հայաստանի դրոշն ու մի կանաչ բերետ: Ինչո՞ւ կանաչ՝ հետաքրքրվեց Վազգեն Սարգսյանը: Որովհետև կանաչը խաղաղության գույնն է, իսկ ես խաղաղություն եմ ուզում իմ Հայրենիքի համար: Վազգեն Սարգսյանը սևեռուն նայեց, ոչինչ չպատասխանեց…  Բայց ես գիտեի, որ նա խնդրանքս չի մերժի: Օրեր անց Սպարապետը եկավ դպրոց: Մենք ձիգ շարվել էինք դրսում… Վազգեն Սարգսյանն ասաց, որ 40 աշակերտի տանելու է Արցախ: Հետո ինձ դուրս կանչեց շարքից, նվիրեց իմ խնդրած կանաչ բերետն  ու Եռագույն դրոշը: Ես ուրախությունից մի պահ կորցրի գլուխս, հանեցի իմ կադետական բերետը, Վազգեն Սարգսյանի նվիրածը դրեցի գլխիս ու դրոշը օդում ծածանելով՝ սկսեցի վազել դպրոցի շարահրապարակում:

-Դուք, փաստորեն, այդքան սիրելով զինվորական գործը, շարունակել եք մարզական կարիերան ու չեք եկել բանակ:

-Ես երազանք ունեմ. ուզում եմ աշխարհի չեմպիոն դառնալ: Սա անդունդում թռիչքի մասին երազելու նման է: Նոր եմ վիրահատվել, դեռ չեմ կարող մարզվել, պիտի վերականգնվեմ: Բայց չեմ էլ հրաժարվելու իմ հաղթանակից:

-Դուք մասնակցել եք 44-օրյա պատերազմին. զինվորական համազգեստով ու ավտոմատով նկար ունեք:

-Մորս ասացի՝ գնում եմ խանութ ու նստեցի կամավորականներին տեղափոխող ավտոբուսը: Մեկ շաբաթ՝ որպես կամավորական, ռազմաճակատում էի: Հետո ինձ ուղարկեցին աղջիկների ջոկատի հետ մասնակցելու զորավարժությանը՝ որպես դասակի հրամանատար:

-Լիլի՛թ, ֆիզիկական ուժը, մարզական հաջողությունները, մարզիչի աշխատանքը, Ձեր անցած ճանապարհը չե՞ն կոփել Ձեր ներքին դիմադրողականությունը, Ձեր հոգին…Չե՞ն փոխել Ձեզ:

-Մենք դարձյալ վերադառնում ենք կանացիության ու տղամարդկային մասնագիտությունների մասին զրույցին: Ես երկու ձեռքով կողմ եմ բանակում կանանց ներգրավմանը: Իմ կարծիքով՝ զորքերում պիտի ավելի շատ կանայք ծառայեն: Գաղտնիք չէ, որ կանայք կենցաղում ավելի կազմակերպված են, ավելի կարգապահ, անկաշառ, սիրառատ: Այս գեղեցիկ ու պետքական հատկանիշները նրանք բերում են բանակ, ինչից զորքը միայն կշահի: Իսկ զինվորական համազգեստը ոչ թե ստվերում, այլ շեշտում է կնոջ կանացիությունը: Ինչ համազգեստ էլ հագնի, ինչ գործ էլ անի, եթե կինը կանացի է հոգով՝ մեղմ է, բարի է, քնքուշ, եթե սիրո, նվիրումի, հավատարմության կարիք ունի, երբեք չի կորցնի իր հմայքը:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #15 (1528) 23.04.2024 - 30.04.2024, Բանակ և հասարակություն


02/05/2024