ՎՍՏԱՀ ԷԻ ՈՒԺԵՐԻՍ
Արդեն 22 տարի է, ինչ գնդապետ Տիգրան Հակոբյանն իրեն նվիրել է հայրենիքի պաշտպանությանն ու բանակի մարտունակության ամրապնդմանը։
Զորային բոլոր օղակներով անցած բարձրաստիճան սպան վաղ տարիքից զբաղվել է սպորտային մարմնամարզությամբ և սամբո մարտարվեստով, նվաճել է Հայաստանի չեմպիոնի կոչումը, մրցանակային տեղեր զբաղեցրել միջազգային տարբեր մրցաշարերում։
Տիգրանը զինված ուժերում էլ չի դադարել մարզվել, զարգացնել ֆիզիկական ունակություններն ու հմտությունները։
-Օրվա մեջ մարզվելու համար ժամանակ գտնում եմ: Զինվորականը անդադար պետք է կատարելագործվի, հղկի իր ֆիզիկական և մասնագիտական կարողությունները: Եվ հենց դրան է միտված նաև բանակում ընթացող ատեստավորման գործընթացը,- համոզված է գնդապետ Հակոբյանը:
Ի դեպ, Տիգրանը աշնանն է մասնակցել ատեստավորման քննություններին՝ չորս քննական առարկաներից ստացել է երեք «գերազանց», և միայն մեկից՝ կրակային պատրաստությանից է «լավ» գնահատական ստացել։ Մշտապես կատարելության ձգտող գնդապետը դիմել և անցած ամիս կրկին հանձնել է ատեստավորումը ՝ չորս առարկաներից էլ ստանալով «գերազանց» գնահատականներ։
Ատեստավորմանը գերազանց հանդես եկած գնդապետը փայլեց հատկապես ֆիզիկական պատրաստության քննության ընթացքում՝ պտտաձողի վրա կատարելով երեսուն ձգում։
-Ատեստավորման գործընթացի հավելյալ, սակայն, ոչ պակաս կարևոր մասն է կազմում նաև զինծառայողների դրամական բավարարման շեշտակի բարձրացումը։ Գրեթե կրկնապատկվող աշխատավարձը լուծում է ընտանիքի սոցիալական բազմաթիվ հարցեր:
-Քննության ընթացքում լիովին վստահ էի ուժերիս, քանի որ լրջորեն եմ վերաբերվում թե՛ ատեստավորմանը և թե՛ առհասարակ ամենօրյա զինվորական ծառայությանը: Անընդմեջ կատարելագործում եմ գիտելիքներս շարային, ֆիզիկական, մասնագիտական և կրակային պատրաստությունից։ Գլխավոր խթանը հնարավոր ցանկացած առաջադրանքի կատարմանը մշտապես պատրաստ լինելու մղումն է: Սպան ամեն օր պետք է կատարելագործի իր ունակությունները,- համոզված է ատեստավորման քննությունները գերազանց հանձնած գնդապետ Տիգրան Հակոբյանը:
ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ
Լուսանկարը՝ ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆԻ
Խորագիր՝ #16 (1529) 1.05.2024 - 8.05.2024, Ազգային բանակ