Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ ՀԱՄԱՐԺԵՔ



ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ ՀԱՄԱՐԺԵՔՌազմակրթական բուհերի միավորման արդյունքում, մի շարք մեծամասշտաբ բարեփոխումների համատեքստում, վերակազմավորվեցին նաև որոշ ամբիոններ, այդ թվում՝ ճշգրիտ առարկաների ամբիոնը, որն այս պահին ներառում է 7 մասնագիտական լաբորատորիաներ՝ վերազինված ու կահավորված ժամանակակից կրթական չափանիշներին համարժեք գույքով, սարքավորումներով և նյութատեխնիկական միջոցներով։

Այսօր արդեն ռազմական ակադեմիայում դասախոսում են նաև միջազգային որակավորում ունեցող մասնագետներ, հանրապետության առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններից հրավիրյալ գիտնականներ, որոնց ներկայությունը կրթական միջավայրը է՛լ ավելի մրցակցային ու պահանջված է դարձնում։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ֆիզիկայի ամբիոնի դասախոս, դոցենտ Արման Ոսկանյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի  ճշգրիտ առարկաների ամբիոնի ղեկավարության հրավերով համատեղությամբ դասախոսում է նաև ռազմական ակադեմիայում։

-Դասավանդելու հրավերն ընդունել եմ առաջին հերթին առաջնորդվելով Հայրենիքին ծառայելու պատրաստակամությամբ։ Բանակի ապագա հրամանատարներին կրթելը մեծագույն պատիվ ու պատասխանատվություն եմ համարում,- ասում է Արման Ոսկանյանը:

Կուրսանտ Լևոն Հարությունյանը ֆիզիկայի դասերին մեծ ոգևորությամբ է սպասում։

-Հատկապես դաշտային պարապմունքների ժամանակ, մարտական տեխնիկայի հետ գործ ունենալիս ես գիտակցում, զգում գիտելիքի կիրառելիության արդյունավետությունը և բնականաբար, է՛լ ավելի արժեքավոր է դառնում լսարանում անցկացրած ցանկացած վայրկյանը,- ասում է Լևոնը:

Լաբորատոր լսարաններից մեկում էլ կուրսանտները էլեկտրոնային սարքեր ու ուժեղարարներ են ուսումնասիրում։ Էլեկտրատեխնիկայի այբուբենի  հետ Անուշ Ավանեսյանն է ծանոթացնում, ով երկար տարիներ ծառայել է զինված ուժերի հակաօդային պաշտպանության միջոցները սպասարկող ստորաբաժանումներում։

-Այսօր գիտական ներուժը պետք է ծառայեցնենք նոր սերնդի կրթության կազմակերպմանը, մեր գիտելիքներն ու հմտությունները փորձենք փոխանցել ապագա սպաներին,- վստահեցնում է տիկին Ավանեսյանը:

Անահիտ Շամամյանը նույնպես համատեղությամբ «Բարձրագույն մաթեմատիկա» է դասավանդում ռազմական ակադեմիայում։

-Ապագա սպաներին դասավանդելու մեծ ցանկություն առաջացավ, երբ  անձամբ սկսեցի առնչվել զինվորական ծառայությանը։ Որդիս զինված ուժերի սպա է։ Հատկապես պատերազմից հետո որոշեցի, որ հնարավորությունների շրջանակում անպայման իմ ներդրումն ունենամ մեր բանակի վերազինման ու վերակառուցման գործում,- ասում է մաթեմատիկայի փորձառու մասնագետը:

Ամբիոնի որոշ լաբորատորիաներ էլ ամբողջությամբ շահագործման կհանձնվեն առաջիկայում։ Նոր ուսումնական տարում նորի ու նորարարության պակաս չի զգացվի։ Վերազինվող լաբորատորիաներից մինչև ամբողջությամբ նոր կառուցվող ենթակառուցվածքներ՝ լողավազան ու մարզասրահ, ճաշարան ու բուժկետ, լավագույն բուհերից հրավիրված փորձառու մասնագետ-դասախոսներ, մինչև անգամ՝ միջազգային առաջատար ռազմակրթական բուհերում կրթությունը շարունակելու հնարավորություն… Նոր ուսումնական տարում առաջին կուրսեցիների առաջ ռազմական ակադեմիան իր դռները կբացի՝ առաջարկելով մասնագիտական կարիերա կառուցելու բոլորովին այլ հնարավորություններ։

ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Խորագիր՝ #16 (1529) 1.05.2024 - 8.05.2024, Ազգային բանակ


10/05/2024