Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԾԱՌԱՅԵԼԸ՝ ՍՐԲԱԶԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ



ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԾԱՌԱՅԵԼԸ՝ ՍՐԲԱԶԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԶինված ուժերում ուսումնական եռուն շրջան է: Որոշ ստորաբաժանումներ մասնակցում են ճամբարային հավաքների՝ տեսական գիտելիքները կատարելագործելով գործնական վարժանքներով:

-Ամենօրյա հետեւողական պարապմունքները միտված են զինվորների տեսական ու գործնական կարողությունների, մասնագիտական հմտությունների կատարելագործմանը,- ասում է զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Արմեն Սարգսյանը: -Զինվորների ազատ ժամանակը եւս հետաքրքիր ու բովանդակալից է անցնում: Նրանք ծանրաբեռնված պարապմունքներից հետո լիարժեք հանգստանում են, լիցքաթափվում, այցելում են մշակութային օջախներ՝ թատրոն, թանգարան…

-Մեր զինվորները ոչ միայն զինվորական բարձր գիտելիքներով են աչքի ընկնում, այլ նաեւ իրենց տաղանդով ու շնորհներով,- մեր զրույցին է միանում չորրորդ դպրոցի պետի ԲՀԱ գծով տեղակալ, կապիտան Հմայակ Աշոտյանը: -Զորամասը շնորհալիների պակաս չունի՝ ջութակահարներ, ասմունքողներ, նկարիչներ, ունենք ժամկետայիններից կազմված ինքնագործ խումբ, որը համերգային ծրագրով հանդես է գալիս զորամասում, ճամբարային հավաքներում ընդգրկված մասնակիցների համար:

Ի դեպ, մարզական հաջողություններ գրանցած զինվորներն էլ քիչ չեն զորամասում՝ համաբանակային տարբեր մրցումների են մասնակցում, մրցանակային տեղեր զբաղեցնում:

Շարքային Ռաֆայել Բաբայանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանող է: Մինչ բանակ զորակոչվելը շախմատով է զբաղվել եւ զգալի հաջողություններ ունեցել: Մասնակցել է զինված ուժերում ընթացող շախմատի առաջնությանն ու առաջին հորիզոնականը զբաղեցրել, խրախուսվել արձակուրդով:

-Շախմատը սպո՞րտ է, թե՞ արվեստ, -հարցնում եմ Ռաֆայելին:

-Ե՛ւ սպորտ, ե՛ւ արվեստ, ե՛ւ գիտություն,- անմիջապես պատասխանում է երիտասարդը: -Մեր շախմատային հսկան՝ Տիգրան Պետրոսյանը, շատ դիպուկ ձեւակերպում ունի՝ շախմատը ձեւով խաղ է, բովանդակությամբ՝ արվեստ, իսկ խաղին տիրապետելու բարդությամբ՝ գիտություն:

Ռաֆայելն ազատ ժամանակ զինակից ընկերներին սովորեցնում է շախմատային խաղի կանոնները, 64 վանդականի խաղատախտակի վրա երբեմն բավականին «թեժ մարտեր» են ընթանում:

Զինվորական մասնագիտությամբ Ռաֆայելը հրետանու հաշվարկող է:

-Շախմատի իմացությունն օգնում է զինվորական մասնագիտությանս մեջ, որքան տեղյակ եմ, շախմատը համարում են նաեւ ռազմական խաղ, անգամ խաղաքարերի որոշ անվանումներն են զինվորական… Շախմատը մտքի մարզանք է, սովորեցնում է մտածել, տրամաբանել, պատկերացնել, վերլուծել, ծրագրել, ի վերջո՝ պաշտպանվել, գրոհել եւ հաղթել: Կյանքն էլ ինչ-որ առումով նման է շախմատի, ամեն քայլ անելիս պետք է ծանրութեթեւ անել, նախօրոք մտածել հետեւանքների մասին, ընդամենը մեկ քայլն էլ կարող է որոշիչ լինել:

Ռաֆայելի համար նախընտրելի շախմատիստը աշխարհի նախկին չեմպիոն Մագնուս Կառլսենն է.

-Մագնուս Կառլսենը շատ խորաթափանց խաղաոճ ունի, նա զգում է հակառակորդի հոգեբանությունը եւ ամենակարեւորը՝ երբեք չի կորցնում հավատը հաղթանակի հանդեպ:

***

ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԾԱՌԱՅԵԼԸ՝ ՍՐԲԱԶԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ Շարքային Գարիկ Նալբանդյանը եւս հրետանու հաշվարկող է:

-Ճշգրիտ հաշվարկ, կրակի կառավարում, նշանակետի խոցում… Հրետանին կոլեկտիվ զինատեսակ է ու պահանջում է համախումբ աշխատանք, ամեն մեկիս սխալ գործելն ուղղակիորեն կազդի վերջնարդյունքի վրա: Յուրաքանչյուրս հասկանում ենք մեր գործի կարևորությունն ու ջանում կատարյալ տիրապետել մեր զենքին, որ, թվում է՝ երկաթի կտոր է, բայց մարտի դաշտում քո վստահելի եւ հուսալի մարտական ընկերն է:

Գարիկը մաթեմատիկայի, երկրաչափության հանդեպ մեծ սեր ունի, բայց իր համար առաջնայինը գծագրությունն է:

-Գծագրություն շատ եմ սիրում, մինչ բանակ գալս կյանքս էլ էի հստակ գծագրել, բայց բանակը փոխեց կյանքիս «գծագրերը»,- ժպիտով պատմում է Գարիկը: Վանաձորցի երիտասարդը նպատակադրվել է «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայել:

-Երբ զորամասում ներկայացրին «Պաշտպան հայրենյաց»-ի հնարավորություններն ու առավելությունները, ծրագիրը գրավեց ինձ: Ծնողներիս, ծառայակից ընկերներիս հետ էլ խորհրդակցեցի, մի՞թե լավ չէ՝ իմ երկրում կունենամ կայուն աշխատանք՝ բարձր աշխատավարձով, տանս մոտ գտնվող զորամասում կծառայեմ: Ծրագիրը հնարավորություն է տալիս նաեւ ծառայությանը զուգահեռ սովորել: Մինչ բանակ զորակոչվելս պոլիտեխնիկական համալսարան էի ընդունվել, այսինքն՝ ուսումս էլ կիսատ չի մնա, հեռակա ուսուցման բաժնում կսովորեմ: Այս բոլոր հնարավորություն-արտոնություններից առավել կարեւորում եմ այն իրողությունը, որ ես իմ հայրենիքի պաշտպանն եմ, մենք պետք է պահենք մեր երկիրը:

-Իսկապես՝ ավելի շատ պատիվ է, սրբազան իրավունք, քան պարտք ու պարտականություն հայրենիքի պաշտպան լինելը, անսահման հպարտություն է ու հարգանք քո երկրի հանդեպ ,- զրույցին միանում է շարքային Վահագն Զեյնալյանը:

Հետաքրքրությունների լայն շրջանակ ունի Վահագնը՝ ֆիզիկա, քիմիա, բնագիտություն, զբաղվել է ծրագրավորմամբ, համակարգչային խաղերի ստեղծումով: Հիմա էլ ծառայությունից ազատ ժամերին տարբեր գրքեր է կարդում, ձգտում զարգացնել գիտելիքները:

-Բանակը մի յուրատիպ կյանքի դպրոց է, որ կրթում է քեզ ֆիզիկապես, հոգեպես… Երկու տարի ժամանակ ունես քեզ նորովի ճանաչելու, ինքդ քեզ բացահայտելու, կարեւորելու, հասկանալու ու արժեւորելու քո դերը հայրենի եզերքն ամուր պահելու գործում:

Վահագնը ֆրանսիական համալսարանի ուսանող է:

-Հայրս մի քանի բարձրագույն կրթություն է ստացել, ես էլ ձգտում եմ նմանվել նրան եւ բազմակողմանի կրթություն ստանալ, մտադրություն ունեմ հետագայում ուսումս շարունակելու Հայաստանի ամերիկյան համալսարանում: Իսկ մինչ երազանքներիս իրագործումը ես հայրենիքիս զինվորն եմ:

Ընկերոջ խոսքը շարունակում է ապագա իրավաբան, այժմ շարքային Էրիկ Մեսրոպյանը:

-Մինչ 44-օրյա պատերազմը իմ բոլոր երազանքները արտերկրում էի մտադրվել իրագործել: Պատերազմը կտրուկ փոխեց մտադրություններս. մեր հարազատներից մեկը զոհվեց, ինձնից ընդամենը երկու տարով էր մեծ, հազար երազանք ուներ… Հիմա ես բոլոր երազանքներս իրականացնելու եմ հայրենիքում, որի ամեն միլիմետրը արյունով է գծված… Մեզնից ամեն մեկը գիտակցումով ծառայում է, գիտակցումով սովորում զինվորական մասնագիտության ամեն նրբություն:

Ուսումնական շրջանն անցնելուց հետո ծառայելու ենք առաջնագծում, ու երբ պատկերացնում ես, թե ինչ խնդիր է քո առաջ դրված, ինչ պատասխանատվություն է քո ուսերին, առավել նվիրումով ես ծառայում: Զինակից ընկերոջս խոսքով էլ ասելիքս եզրափակեմ՝ սրբազան իրավունք է, հպարտություն ու պատիվ Հայրենիքին ծառայելը…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարները՝  ՌԱԶՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #16 (1529) 1.05.2024 - 8.05.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


10/05/2024