Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎՍՏԱՀ ԻՐԵՆՑ ՈՒԺԵՐԻՆ



ՎՍՏԱՀ ԻՐԵՆՑ ՈՒԺԵՐԻՆՄեր հանրապետության սահմանագծի մեծ մասի հարևանությամբ մեր գյուղերն են՝ երբեմն անչափ մոտ առաջնագծին: Նման հատվածներում ծառայությունը կրկնակի պատասխանատվությամբ է իրականացվում։ Այդպես է նաև անցած չորս տարիներին զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների շարքում լավագույնը ճանաչված գումարտակի պահպանության տեղամասում: Գումարտակում պայմանագրայիններ են՝ պարտադիր ժամկետային ծառայություն անցած, մասնագիտական համապատասխան պահանջները բավարարող: Առաջնագծում նրանց մարտական խնդիրը նույնն է, ինչ սահմանի մյուս բոլոր հատվածներում: Շատերի պնդմամբ՝ պայմանագրայինները դիրքերում ավելի կազմակերպված, մարտունակ են, ինչն իր օբյեկտիվ պատճառներն ունի` նրանք արդեն որոշակի փորձ, վարժվածություն ունեն: Բացի այդ, պայմանագրային գումարտակում շատ են մոտակա գյուղերի բնակիչները: Ապրում են սահմանին շատ մոտ, նաեւ զենքով պաշտպանում իրենց հարազատ տունը: Նրանց պարտականությունն է ոչ միայն իրենց, այլև յուրաքանչյուր հայ գյուղացու անվտանգության ապահովումը: Այստեղ բնակչության հետ շփումներն ամենօրյա են. պատասխանատուները հետևում են, որ գյուղացիները սահմանված տեղանքից այն կողմ չանցնեն, պարբերաբար անվտանգության խնդիրների հետ կապված բացատրական աշխատանքներ են տանում: Նման ծառայությունը զինծառայողի համար լրացուցիչ խթան է՝ կատարելագործելու պատրաստվածության աստիճանը:

Գումարտակի հրամանատարի հետ շրջում ենք հենակետերից մեկի դիրքերում։ Փոխգնդապետը ներկայացնում է կատարված ինժեներական լայնածավալ աշխատանքները, ինչի շնորհիվ հենակետերն ավելի ամուր ու ապահով են դարձել։ Խրամատները հիմնականում քարակոփ են, դիտակետերը՝ անվտանգ, բոլոր կացարանները կառուցվում են կենցաղային արդի պահանջներին համապատասխան: Ընդ որում, դիրքերի բարելավման աշխատանքները շարունակական են։ Կացարանը մաքուր էր, ամեն ինչ իր տեղում, ննջարանը, զինանոցը, խոհանոցը, պահեստարանը՝ առանձնացված:

Դիրքերից մեկում ուսումնական վարժանք է։ Հրամանատարի հրամանով «տագնապ» է հայտարարվում, դիրքը բերվում է մարտական վիճակի: Վայրկյաններ անց զինանոցը դատարկվում է, յուրաքանչյուրն իրեն ամրակցված զենքով շտապում է դեպի սահմանված կետը, զբաղեցնում համապատասխան խրամաբջիջը: Շատ ժամանակ չէր անցել, երբ դիրքի ավագը զեկուցեց, որ անձնակազմն անցել է շրջանաձև պաշտպանության և պատրաստ է կատարելու իր առջև դրված խնդիրը: Բոլորը գործում էին վստահ, հանգիստ, առանց ավելորդ շտապողականության։ Հրամանատարի գնահատմամբ՝ արդյունքը գոհացուցիչ էր, փաստում էր ստորաբաժանման մասնագիտական պատրաստվածության բարձր աստիճանը:

Հերթափոխը հանձնած զինծառայողները վերադառնում են կացարան, լիցքաթափում են զենքերը, զրահաբաճկոնների հետ տեղավորում զինապահեստում։ Ուսումնական տագնապի մասին չեն խոսում. դա իրենց համար սովորական բան է: Զինվորականին անսահման վստահող գյուղացին էլ, հայտարարված տագնապին անտեղյակ, զբաղված է իր գործով՝ հող է մշակում, բերք ու բարիք ստեղծում։

Կացարանում, դիտակետերում զրուցում եմ պայմանագրայինների հետ։ Մեծ մասը մոտակա գյուղերից են։ Պատմում են ծառայողական պայմանների, դիրքային առօրյայի, մարտական հերթապահություն իրականացնող զինվորի հոգեվիճակի մասին։ Տղաները հստակ ներկայացնում էին իրենց ծառայության անցկացման կարգը, յուրաքանչյուրի պատասխանատվության գոտին և պարտականությունները, հնարավոր արտակարգ դեպքերում գործողությունների հաջորդականությունը` ողջ ընթացքում խստորեն հետեւելով անվտանգության կանոնների պահպանմանը:

Լեյտենանտ Ժորա Համբարձումյանը դասակի հրամանատար է։ Պարտադիր ժամկետային ծառայության ընթացքում նույնպես դիրքապահ է եղել և որոշել է՝ զինվորական է դառնալու։

ՎՍՏԱՀ ԻՐԵՆՑ ՈՒԺԵՐԻՆ-Պայմանագրային ծառայության անցնելիս մարդիկ մտածում են իրենց ընտանիքի, տան, հայրենիքի մասին, որ սկսվում է խրամատից։ Ես Այգեպար գյուղից եմ, մեր տունը մի քանի հարյուր մետրի վրա է, ընտանիքս, երեխաս այնտեղ են,- ասում է լեյտենանտը։ Խրամատն ու ընտանիքը փոխկապակցված են, միասին ավելի են արժևորվում։ Այնպես որ, ամբողջ կյանքում դիրքապահ եմ, իմ գյուղն է, իմ ծննդավայրը, իմ հողը, ուրիշ տեղ ինձ չեմ պատկերացնում։ Ասեմ, որ մեր դիրքերն անընդհատ ամրացվում են, ուժեղացվում, անձնակազմն էլ լիարժեք տիրապետում է ամրակցված զենքին, վստահ է իր ուժերին և պատրաստ է ցանկացած առաջադրանքի։

Ժորան դիրքում ամենակրտսերն է, սակայն ծառայությունը կազմակերպում է գերազանց։

-Հրամանը հրաման է, պետք է կատարվի։ Որևէ խախտում, բացթողում չի ընդունվում։ Առավել ևս, որ դիրքում իրոք ընտանիքի պես ենք, միասնական,- ասում է Ժորան ու ժպտալով ավելացնում,- ջան եմ ասում, ջան լսում, ուրիշ բան հարկավոր չէ։

Լեյտենանտ Համբարձումյանը մարտական հերթապահությանը զուգահեռ պատրաստվում է ատեստավորման քննություններին։

-Ֆիզիկական պատրաստությունից հաստատ «գերազանց» կստանամ, այլ տարբերակ չկա։ Հրաձգության արդյունքներս դեռ «գերազանցի» ու «լավի» արանքում են, փորձում եմ բարելավել։ Ազատ ժամանակը նպատակային ենք օգտագործում, պարապում, մարզվում ենք, որ քննությունները հաջող հանձնենք, ու մեր կյանքը բարելավվի։

-Կրտսեր սերժանտ Էդգար Գրիգորյան, Տավուշի մարզի Չինչին գյուղից եմ, ծառայում եմ արդեն 20 տարի,- ներկայանում է դիտորդը։ -Մարտական հերթապահությունն ընթանում է բնականոն կարգով, խնդիրներն ու առաջադրանքները կատարում ենք բարեխիղճ, մարտական ոգին բարձր է։ Հետևում ենք շարժին, անհրաժեշտության դեպքում՝ զեկուցում, սպասում հրահանգների։ Ունենք դիտարկման համապատասխան միջոցներ, բացի այդ, ամեն մեկս իր գործում մասնագիտացած է և հուսալիորեն ապահովում է սահմանագծի պաշտպանությունը։ Բոլորս էլ գիտակցում ենք՝ մեր սահմանը մենք պիտի պահենք, ու հենց դա էլ մեզ պինդ կապում է մեր հողին։ Գյուղից գնալու մտադրություն բացարձակ չկա, երեխաներիս ապագան միայն այստեղ եմ պատկերացնում։

Պատրաստվում եմ ատեստավորման քննություններին, հույս ունեմ լավ կհանձնեմ։ Կրակային վարժանքներ ենք անցկացնում, ֆիզպատրաստության հրապարակում մարզվում նույնիսկ մարտական հերթապահության օրերին։ Հրամանատարությունը հետևողական է, ապահովում է անհրաժեշտ պայմանները մեր մասնագիտական զարգացման համար, մենք էլ պարտավոր ենք կատարելագործել մեր հմտությունները։

ՎՍՏԱՀ ԻՐԵՆՑ ՈՒԺԵՐԻՆՄյուս դիտորդը՝ շարքային Կլեկչյանը, Տավուշ գյուղից է, երեք դուստր ունի։

-17 տարի ծառայության եմ, այլ տեղ ինձ չեմ պատկերացնում։ Թողեցի, գնացի, բա մեր հողն ու ջուրը, մեր տունուտեղն ո՞վ պիտի պահի։ Գյուղից պայմանագրայիններ շատ կան, բոլորն էլ ինձ պես են մտածում։ Ծառայությունից դժգոհություն չունեմ, միայն մեր մեծերի պես կասեմ՝ աշխարհին խաղաղություն թող լինի, որ մեր մասնագիտական գիտելիքները միայն վարժանքների ժամանակ ցուցադրենք։ Բայց, դե, մեր ուժերին վստահ ենք, մարտական տրամադրված։ Ծառայության 17 տարիների ընթացքում շատ բան է անցել գլխովս։ Ամենակարևորը՝ ցանկացած իրավիճակում վստահ եմ եղել՝ ընկերներս կողքիս են։ Մեր անձնակազմից ոչ մեկն ընկերոջը մենակ կամ վիրավոր չի թողնի, որ գլուխը փրկի, դա շատ մեծ վստահություն է հաղորդում, երբ զենքը ձեռքիդ կանգնած ես առաջնագծում։ Շատ կարևոր է նաև ընդհանուր տրամադրվածությունը։ Հատկապես լարված, հոգնած պահերին փորձում ենք կատակել, ծիծաղել, ուրախ տրամադրությունը տեղն ենք պահում։ Ասում, խոսում ենք, ու ցանկացած գործ ավելի հեշտ է արվում։

Հերթափոխը հանձնող կազմի հետ վերադառնում ենք կացարան։ Կրտսեր սերժանտ Ռոբերտ Բաղդասարյանի, շարքայիններ Հակոբ Գիժլարյանի, Ռոբերտ Սահակյանի հետ զրուցում ենք ծառայողական անցուդարձից։ Բոլորն էլ առանձնացնում են իրենց գումարտակում տիրող միջանձնային հարաբերությունները, ընկերական մթնոլորտը, հատկապես անսահման վստահությունը մեկը մյուսի հանդեպ, ինչի շնորհիվ էլ մարտական հերթապահությունը գերազանց է իրականացվում՝ արժանանալով բարձր գնահատականի։

 

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #17 (1530) 9.05.2024 - 15.05.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


15/05/2024