«ԼՌՈՒԹՅԱՆ ԳՈՏԻ»
Երկրագնդի վրա կան մի շարք վայրեր, որոնց մասին մարդկությունը դեռ քիչ բան գիտի: Կան այնպիսի խորհրդավոր տարածքներ, որտեղ տեղի են ունենում անբնական երևույթներ: Դրանց վերաբերյալ գիտնականները դժվարանում են հստակ պատասխան տալ: Ստեղծվում են բազմաթիվ թեզեր, հնչում են տարբեր կարծիքներ, որոնք, միևնույն է, հստակություն չեն մտցնում տվյալ իրադարձությունների պարզաբանման գործում: Նման մի խորհրդավոր վայր է «Լռության գոտի» կոչվածը, որը գտնվում է Մեքսիկայի հյուսիսային մասում, Էլ-Պասո քաղաքից 400կմ դեպի հարավ: Գիտնականները պատահական չեն անվանել այդ տարածքը «Լռության գոտի»: Այստեղ մարում են ռադիոէլեկտրոնային սարքավորումները, ալեհավաքները չեն ընդունում ռադիոալիքները, մեքենաների շարժիչները հանկարծակի անջատվում են, կողմնացույցի սլաքը անվերջ պտտվում է, իսկ ժամացույցը կանգ է առնում: Գիտնականների հավաստմամբ, «Լռության գոտին» երկրագնդի ամենաառեղծվածային տարածքներից է, այն կարելի է համեմատել «Բերմուդյան եռանկյունու», եգիպտական Բուրգերի և Հիմալայներում գտնվող Բուդդայական վանքերի առեղծվածի հետ: Հատկանշականն այն է, որ վերը նշված այս տարածաշրշանները երկրագնդի վրա գտնվում են միևնույն լայնության վրա, ինչը ևս առեղծվածային է համարվում: Եվ ինչով է պայմանավորված այս առեղծվածների շարքը, մի հարց, որ տասնամյակներ շարունակ գիտնականների ուշադրության կենտրոնում է:
«Լռության գոտին» ընդհանուր առմամբ անապատ է, որտեղ կարելի է հանդիպել նոսր բուսականության (հիմնականում` կակտուսներ): Գիտնականների մի խումբ պնդում է, որ այս տարածքում հողը հարուստ է ուրանով, որն էլ ստեղծում է մագնիսական դաշտ, ինչի պատճառով տեղի են ունենում ռադիոալիքների խանգարումներ: Մի շարք գիտնականներ էլ այս անբնական երևույթները կապում են այլմոլորակայինների հետ: Որոշ մասն էլ հակված է այն մտքին, թե այստեղ անընդհատ ընկնող երկնաքարերը մագնիսական մեծ դաշտ կարող են առաջացնել: Ինչպես նշում է դոկտոր Սանտյագո Գարսիան, մարդիկ դեռ 19-րդ դարում գիտեին այս տարածքի առեղծվածային լինելու մասին: Դեռևս այդ ժամանակ ֆերմերները նկատել են ընկնող երկնաքարերը:
1930-ական թթ. մեքսիկացի օդաչու Կոաուլա Ֆրանսիսկո Սարաբիայի ինքնաթիռում անսպասելի անջատվեց կապը ղեկավարման կետի հետ: Վայրէջքից հետո ինքնաթիռը ենթարկվեց տեխզննման, սակայն ոչ մի թերություն չնկատվեց: Հենց այս դեպքից հետո գիտական լուրջ ուշադրություն սեւեռվեց այս տարածքի վրա:
1964թ. ինժեներ-քիմիկոս Գարրի դե լա Պենիան, որ այս գոտում իրականացնում էր աշխարհագրական չափումներ, հանկարծակի անջատվեց նրա հաղորդիչը, եւ վերադառնալով ճամբար` հանկարծ նկատեց, որ ամեն ինչ կարգին է: Չափումները շարունակելու ընթացքում նորից կրկնվեց նույն պատմությունը: Այս դեպքը մեծ իրարանցում առաջացրեց գիտնականների շրջանում, որոնք էլ հետազոտությունների արդյունքում հանգեցին ժամանակ առ ժամանակ «անձրևի պես» թափվող երկնաքարերի տեսակետին: Տարածքում ինչպես առաջ, այնպես էլ հիմա շարունակվում են թափվել երկնաքարեր: Հատկանշական է, որ 1950-ականներին թափված երկնաքարերից մի քանիսի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ դրանք ավելի հին են, քան մեր մոլորակը: Եւս մի անբացատրելի երևույթ, որը նոր խնդիրների առաջ կանգնեցրեց գիտնականներին:
Նման տարօրինակ երևույթների համար տարածքն անվանվեց «Լռության գոտի»: Գնալով հասարակության հետաքրքրությունը մեծանում էր այս տարածքի նկատմամբ: 1970-ական թթ. ամերիկյան «Ուայթ Սենդս» ռազմաբազայից արձակված բալիստիկ հրթիռը, որը պետք է անցներ այդ վայրով, խաթարվեց իր ուղուց: Ռազմական մասնագետների հավաստմամբ` նման բան հնարավոր չէր, հրթիռը չէր կարող շեղվել իր ուղուց և վայր ընկնել: Հրթիռը փորձարկող անձնակազմը նշում է, որ արձակումից առաջ հրթիռը գտնվել է տեխնիկապես անթերի վիճակում: Այս իրադարձությունը մեծ աղմուկ բարձրացրեց: ԱՄՆ գիտնականների մի մեծ խումբ ուղեւորվեց ուսումնասիրելու հրթիռի անկման վայրը, սակայն` ոչ մի արտառոց հայտնագործություն:
«Լռության գոտին» շարունակում է նորանոր անլուծելի թնջուկներ առաջադրել գիտնականներին, ինչու չէ` նաեւ ողջ մարդկությանը:
ՎԱԶԳԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Խորագիր՝ #04 (920) 02.02.2012 – 08.02.2012, Ռազմական