«ՀԱՐՈՒՍՏ» ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՆԱՊԱՀՈՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ
Թե՛ Ադրբեջանում, թե՛ տարածաշրջանի մյուս պետություններում ցանկացած ընթերցող պարբերաբար բախվում է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների և վերջիններիս հովանավորությունը վայելող «փորձագետ» և «վերլուծաբան» կոչեցյալների` Ադրբեջանի ռազմական բյուջեի վերաբերյալ հոդվածներին և հրապարակումներին, որոնցում տխրահռչակ հեղինակները առիթ-անառիթ տարփողում են Ադրբեջանի ռազմական բյուջեի` ՀՀ ռազմական բյուջեից 7-8 անգամ մեծ լինելու հանգամանքը` անընդհատ շեշտելով, որ հայկական բանակը «սոված է և անմարտունակ»:
Բնական է, որ նման հայտարարություններն ուղղված են միայն ներքին, այն էլ` իրավիճակին անտեղյակ լսարանի համար: Վստահ եմ` խոսել Հայոց ազգային բանակի մարտունակության մասին, անիմաստ է, քանի որ վերջինս իր մարտական պատրաստության քննությունը բռնել է 90-ական թվականների սկզբներին` ջախջախելով թվաքանակով իրեն գերազանցող և ավելի լավ զինված թշնամուն: Այդ քննությունը հայկական բանակը հանձնում է ամեն օր` անառիկ պահելով մեր պետության սահմանները և արժանի հակահարված տալով թշնամու ամեն մի սադրանքի:
Ինչ վերաբերում է զինծառայողների և սպաների սոցիալական ապահովության խնդրին, ապա այդ հարցը կարելի է լուծված համարել: Զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության հարցերը, այդ թվում` բնակարաններով ապահովումը, գտնվում են պետության ուշադրության կենտրոնում: Այսպես, օրինակ, միայն վերջին ամիսների ընթացքում հարյուրավոր զինծառայողներ պետության կողմից ստացել են ծառայողական բնակարաններ:
Նույնը չես կարող ասել միլիարդավոր դոլարներով ռազմական բյուջե ունեցող Ադրբեջանի մասին: Ընդհակառակը, նավթադոլարների մեջ խեղդվող պետությունում զինծառայողների սոցիալական հարցերը լուծելու և բնակարաններով ապահովելու փոխարեն զինծառայողներին բառիս բուն իմաստով վտարում են սեփական բնակարաններից: Ահա այսպես, հունվարի տոներից հետո ադրբեջանական «Turan» լրատվական գործակալությունը տեղեկություն տարածեց այն մասին, որ ադրբեջանցի երկու զինծառայողների ընտանիքների վտարում են իրենց բնակարաններից: Վտարվող ընտանիքներից մեկի կերակրող` Ադրբեջանի ռազմածովային ուժերի երկրորդ կարգի կապիտան Էմիլ Ազիզովի խոսքերով` իրենց ընտանիքներին վտարում են առանց որեւէ այլ կացարանով ապահովելու` որպես հատուցում առաջարկելով ընդամենը 10 հազար ադրբեջանական մանաթ (մոտ 12.500 ԱՄՆ դոլար), որով անհնար է նորմալ կացարան ձեռք բերել Ադրբեջանի անգամ հեռավոր բնակավայրերում, էլ չասած Բաքվում: Հետաքրքիր է, որ այդ ամենը տեղի է ունենում սեփական ճակատագիրը հայրենիքին նվիրաբերած սպայի հետ, որը զինված ուժերում 30 տարվա ծառայությունից հետո այդպես էլ պետությունից բնակարան չի ստացել և հենց պետության «ջանքերով» էլ զրկվում է իր միակ բնակարանից` ընտանիքի հետ միասին մնալով բախտի քմահաճույքին:
Խոսելով ադրբեջանական բանակի զինծառայողների սոցիալական ապահովության մասին` պետք է նշել, որ շատ հաճախ ադրբեջանցի սպաները ստիպված են լինում զոհաբերել իրենց և իրենց ընտանիքների ապրուստի միակ միջոցը` աշխատավարձը` զորամասում առկա խնդիրները լուծելու համար: Գրանցված դեպքերից հատկապես հիշարժան է անցած տարվա ամռանը ադրբեջանական մերձճակատային զորամասերից մեկում տեղի ունեցած դեպքը, երբ ուժեղ քամու պատճառով փլուզվել էր զորամասի տանիքը: Զորամասի հրամանատարությունը, հրաժարվելով վերանորոգել այն, զորամասում ծառայող սպաներին հրամայեց տանիքը նորոգել սեփական միջոցներով կամ անհրաժեշտ գումարը հավաքել զորամասի զինծառայողներից: Շինանյութ ձեռք բերելու համար սպաները ստիպված են եղել իրենց աշխատավարձի քարտերը գրավ թողնել շինանյութի խանութում և վերանորոգել տանիքը, սակայն հրամանատարությունը հրաժարվեց վճարել վերանորոգման համար: Զինծառայողները, անելանելիությունից դրդված, իրավիճակի մասին հայտնեցին ադրբեջանական «Բիզիմ յոլ» թերթին` հույս ունենալով սույն տեղեկությունը հասցնել պետության գլուխ հանդիսացող Իլհամ Ալիևին: Սպաները բաց նամակում նաև տեղեկացրին, որ զորամասում խմելու ջուր ընդհանրապես չկա, զորամաս տանող բոլոր ճանապարհները քանդված են, իսկ զորավարժությունների անցկացման համար նախատեսված տարածքները յուրացվել են բարձրաստիճան պաշտոնյաների կողմից և օգտագործվում են գյուղատնտեսական նպատակներով: Հատկանշական է, որ հրապարակումից հետո պաշտպանության նախարարությունից եկած պաշտոնյաները միջադեպն ուսումնասիրելու փոխարեն ճնշում գործադրեցին սպաների վրա, եւ նրանց հայերի հետ համագործակցելու մեղադրանք առաջադրվեցին:
Ընդհանուր առմամբ` ադրբեջանցի զինծառայողների սոցիալական ապահովության մասին խոսելն անիմաստ է, քանի որ ադրբեջանական բանակի զինծառայողները զրկված են նույնիսկ տարրական իրավունքից: Ադրբեջանական և տարածաշրջանային մամուլում արդեն սովորական են դարձել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների կալվածքներում զինծառայողների` ստրուկի կարգավիճակով շահագործվելու մասին տեղեկությունները: Դեռ ավելին, 2010 թվականին ադրբեջանական «Յենի Մուսաֆաթ» թերթը հաղորդել էր, որ Նախիջևանում ծառայություն անցնող երիտասարդներին շատ հաճախ տեղափոխում են Իրան, որտեղ վերջիններս օգտագործվում են որպես ստրուկ: Հարկ է նկատել, որ տվյալ տեղեկատվությունը ոչ մի կերպ չի մեկնաբանել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իսկ տվյալ հարցին նվիրված մամուլի ասուլիսին հրավիրված պաշտպանության նախարարության և իրավապահ մարմինների ներկայացուցիչները այդպես էլ չներկայացան:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի ռազմական բյուջեի միջոցներով սպառազինություն և ռազմական տեխնիկա ձեռք բերելուն, ապա ակներեւ է, որ նախ` 2011թ. ամռանը Բաքվում, իսկ այնուհետև նույն տարվա սեպտեմբերին Երևանում անցկացված զորահանդեսները ցույց տվեցին, որ Հայաստանի և Ադրբեջանի ռազմատեխնիկական պոտենցիալի միջև տարբերություն գրեթե չկա, եթե չհաշվենք, որ Երևանում կայացած զորահանդեսի ժամանակ ցուցադրված ռազմական տեխնիկայի որոշ մասը` հատկապես «Կռունկ» անօդաչու թռչող սարքավորումները, հայրենական ռազմական արդյունաբերության նվաճումն են:
Ուստի եւ, հաշվի առնելով ադրբեջանցի սպաների սոցիալական վիճակը, ժամկետային զինծառայողների` երկրում և արտերկրում որպես ստրուկ օգտագործվելը, բանակի հրամանատարության` զորավարժությունների փոխարեն գյուղատնտեսությամբ զբաղվելու գերադասությունը և պարտվածի հոգեբանությունը, խոսել ադրբեջանական բանակի մարտունակ լինելու մասին անիմաստ է:
ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՑ
Խորագիր՝ #04 (920) 02.02.2012 – 08.02.2012, Ռազմաքաղաքական