Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՊԱՏԵՐԱԶՄԸ ԾՆՎՈՒՄ Է ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻՑ»



Ալեքսանդր Մակեդոնացու մասին գրվել է 30 հազար գիրք, իսկ նրա անցած ուղին դեռ շարունակվում է ուսումնասիրվել: Անշուշտ, նա իր կյանքով և գործունեությամբ հավերժացել է մարդկության պատմության մեջ: Եվ որպեսզի հասկանանք նման բացառիկ անձնավորության հոգեբանական կերպարի առանձնահատկությունները, անհրաժեշտ է նախևառաջ թերթել նրա մանկության էջերը:

Ծնվել է թագավորական ընտանիքում, նրա հայրը` Ֆիլիպ 2-րդը, Մակեդոնիայի մեծագույն արքան, Արգեադների սերնդից էր, առանձնանում էր կառավարչական հմտությամբ և կազմակերպվածությամբ, իսկ մայրը` թագուհի Օլիմպիադան, բացառիկ կին էր` բուռն խառնվածքով, առեղծվածային, հակված հալյուցինացիաների և սնոտիապաշտական հավատալիքների:

Մակեդոնացին այս երկու յուրօրինակ անձնավորությունների կատարյալ միավորումն էր: Դեռ մանկուց առանձնանում էր չափազանց զգայուն և հեշտ բռնկվող բնավորությամբ, նրան ղեկավարելը բարդ էր. երբ փորձում էին նրան հրամայել, անմիջապես հակահարված էր տալիս` կոպտորեն, համառությամբ և շատերի կարծիքով` նույնիսկ չարությամբ: Ռոմանտիկ ու զգայուն բնավորություն ուներ, սակայն հաճախ դառնում էր խիստ ռացիոնալ և ներշնչվող: Մի անգամ, մեծն երգահան Տիմոթեոսի ռազմի երգը լսելով, նա վերցնում է թուրն ու ելնում պատերազմի: Մայրը` Օլիմպիադան, դժվարությամբ է խելահեղ մանկանը համոզում հրաժարվել այդ մտքից:

Արքայազնի աշխարհընկալման ձևավորման վրա իր ազդեցությունն է գործել նրա դաստիարակ Լիսիմաքոսը, որ Ալեքսանդրի մեջ արթնացրեց սերը դեպի Հոմերոսը և ներշնչեց մայրական կողմից նախահոր` Աքիլլեսի և իր իսկ ճակատագրերի նմանության գաղափարը: Այս միտքն իր կնիքն է թողել Ալեքսանդրի հոգեկանի վրա` համոզելով նրան, որ ինքն ունի աստվածային ծագում և առաքելություն, ինչպես Աքիլլեսը: Անգնահատելի է նաև Լեոնիդասի դերը Ալեքսանդրի կյանքում. նա արքայազնին դաստիարակում էր սպարտացու ոգով և նրա մեջ զարգացնում ռազմական տաղանդը:

Ալեքսանդրն առանձնանում էր արքայի հպարտ ոգով, կամքի ուժով և վճռականությամբ: Արդեն մանկուց նրա մեջ դրսևորվում է ապագա հերոսի կերպարը, Արիստոտելը նրա այդ որակներն անվանեց «հերոսի բնազդ»: Ի դեպ, Արիստոտելը եղել է Մակեդոնացու ուսուցիչը Ֆիլիպ արքայի հատուկ հրավերով: Նա հավատում էր, որ Ալեքսանդրը Եվրոպայի ամենակարող իշխողն է լինելու: Երիտասարդ Մակեդոնացու կողքին մի մարդ էր, որ դեռ շարունակում էր ճանաչել աշխարհը և զարգացնել իր փիլիսոփայական «ես»-ը: Այս փիլիսոփան իր բացառիկ սիրով կարողացավ գրավել արքայազնի սիրտը և շահել նրա վստահությունը, նրանք երկուսն էլ ձգտում էին անեզր աշխարհի բացահայտմանը: Արիստոտելը դաստիարակում է ինքնատիպ անձնավորության: Նման դաստիարակության արդյունքը երևում է ապագա կայսրի ամբողջ կյանքի ընթացքում` տարբեր իրավիճակներում որոշումներ կայացնելիս:

Արդեն 16 տարեկանում Ալեքսանդրը տիրապետում էր բազմաթիվ գիտելիքների և ուներ ռազմական տաղանդ. հոր բացակայությամբ նա հաջողությամբ էր ղեկավարում երկիրը: Նրան վստահված էր արքայական կնիքը:

Ինչպես երևում է` արդեն այդ տարիքում նա կարողացավ արժանանալ հոր վստահությանը և գործել ինքնուրույն:

Սակայն Ալեքսանդրի և Ֆիլիպի հարաբերությունները այնքան էլ հարթ չէին: Որքան Ալեքսանդրը հասունանում էր, այնքան ավելի էր սրվում նրանց միջև առկա հակասությունը: Սա նախևառաջ պայմանավորված է Ֆիլիպի և Օլիմպիադայի սառը հարաբերություններով, հատկապես այն բանից հետո, երբ Ֆիլիպը կրքերի ազդեցության ներքո լքեց կնոջը, ամուսնանալով այդ ժամանակի մակեդոնյան ամենահայտնի ընտանիքներից մեկի ժառանգորդուհու` 16-ամյա Կլեոպատրայի հետ: Կարելի է ասել, որ Ալեքսանդրը հորը տեսնում էր սիրելի մոր աչքերով: Հոգեբանության մեջ այս երևույթը կոչվում է պրոյեկցիա:

Ահա թե ինչ է տեղի ունենում Կլեոպատրայի և Ֆիլիպի հարսանիքի ժամանակ. հայր և որդի վիճում են, և բորբոքված հայրը սուրը պարզում է Ալեքսանդրի ուղղությամբ, բայց հարբած լինելու պատճառով չի կարողանում նույնիսկ կանգնել եւ ընկնում է, լսվում է Ալեքսանդրի ձայնը. «Ահա այն մարդը, որ պատրաստվում էր արշավել դեպի Ասիա, բայց անկարող է նույնիսկ քայլել»:

Նրանց հարաբերություններն ավելի են լարվում, երբ Կլեոպատրայի հարազատները պնդում են, որ այդ ամուսնության պտուղները` Ֆիլիպի երկրորդ կնոջ զավակները, արքայական ժառանգության ամբողջական իրավունք ունենան: Հետագայում հայր ու որդի իհարկե հաշտվում են, բայց այդ հաշտությունը սոսկ արտաքուստ էր:

Բնական է, որ հորից այդօրինակ օտարացումը պետք է Ալեքսանդրի մեջ առաջացներ հորը դիմակայելու, նրա փառքին հասնելու և որ առավել կարևոր է` գերազանցելու ձգտումը, որն էլ դառնում է ապագա արքայի կարևոր շարժառիթներից մեկը: Ու թեպետ Ֆիլիպ 2-րդը դավադրի ձեռքով սպանվում է, այնուամենայնիվ Ալեքսանդրը իր ամբողջ կյանքի ընթացքում չի դադարում պայքարել այն բարձունքներին հասնելու համար, որոնք անկարող եղավ հաղթահարել հայրը: «Որքան շատ ունի մարդ, այնքան ավելի մեծ ագահությամբ է ձգտում նրան, ինչը դեռ չունի», – ասում էր Ալեքսանդրը:

Հոր մահից հետո Մակեդոնացին դառնում է արքա ու լծվում է աշխարհը նվաճելու գործին: Նրա տիրապետության տակ են անցնում ներկայիս Թուրքիայի, Սիրիայի, Իսրայելի, Եգիպտոսի, Իրաքի, Իրանի, Աֆղանստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Պակիստանի և Հնդկաստանի տարածքները: 32-ամյա արքան իրոք դարձավ աշխարհի տիրակալ. պետք է հաշվի առնել, որ այն ժամանակներում մարդիկ անտեղյակ էին Ամերիկայի և Չինաստանի գոյությանը, դա է պատճառը, որ Հնդկաստան արշավելուց առաջ Ալեքսանդրը վստահ էր, որ գրավելով այն, կտիրի բառի բուն իմաստով ամբողջ աշխարհը, ուստի նա հավատում էր իր բացառիկությանն ու միակությանը` «Չի կարող Ասիայում լինել երկու արքա այնպես, ինչպես չի կարող երկնքում երկու արև լինել»:

Երբ կարթագենցի հռչակավոր զորավար Հաննիբալին հարցնում են, թե ում է համարում պատմության մեծագույն հրամանատար, նա պատասխանում է. «Ալեքսանդրին` մակեդոնացիների արքային: Նա կարողացավ գրավել այնպիսի երկրներ, որոնք մարդկությանը դեռևս հայտնի էլ չէին»: Հուստինիանոսի խոսքերով. «Չի եղել մի այնպիսի քաղաք, որը նա չգրավեր և մի այնպիսի ժողովուրդ, որին նա չհնազանդեցներ»: Իսկ Նապոլեոնը մատնանշում էր Ալեքսանդր Մեծի քաղաքական բնազդը:

Հետաքրքրական է, որ Մակեդոնացին տիրապետել է նաև հոգեբանական շատ նուրբ հնարքների, որոնց ճիշտ և տեղին օգտագործումը նրա ռազմավարության կարևոր մասն են կազմել: Այսպես օրինակ. նա թույլ էր տալիս իր զինվորներին նամակներ գրել իրենց հարազատներին, որից հետո հրամայում էր հավաքել բոլոր նամակները և ուշադիր ուսումնասիրել, այդպիսով նա պարզում էր իր նկատմամբ զինվորների վստահության աստիճանը:

Իրեն բնատուր տրված առաջնորդի բնազդով Ալեքսանդրը գիտակցում էր, թե ինչ է նշանակում լինել զորքի հրամանատար և արքա, նաև հասկանում էր, որ իր ռազմիկների համար կարևոր է ոչ միայն այն, թե ինչ է ինքը անում, այլ այն, թե ինչպես է անում: Պարսկաստանի դեմ արշավանքի ժամանակ, երբ զինվորները հազիվ քայլում էին անասելի շոգին (անկարելի էր միշտ առաջ գնալ գիշերը), հանկարծ հայտնվում է մի զինվոր` ձեռքին հատուկ արքայի համար սաղավարտով թարմ ջուր: Ամբողջ զորքի հայացքն ուղղվում է արքային… Եվ ի՞նչ արեց Ալեքսանդրը: Իր ողջ վեհությամբ կանգնեց, վերցրեց սաղավարտը, և այն պահին, երբ բոլորն ուշադիր հետևում էին իրեն, ջուրը դանդաղ լցրեց գետնին, ասելով. «Մեկի համար չափազանց շատ է, բոլորի համար` քիչ»: Ալեքսանդրը հրաժարվեց ջրից` դրանով ցույց տալով, որ հավասարապես տառապում է իր զինվորների հետ, նույն բեռն է կրում, ինչ նրանք: Սա բարձրացրեց զինվորների մարտական ոգին և առաջ գնալու ցանկություն առաջացրեց:

Ահա Ալեքսանդրի` որպես զորավարի խորհուրդներից, որոնք երբևէ չեն կորցրել իրենց այժմեականությունը.

Վեհանձն արարքի օրինակ ցույց տվեք:

Հետևեք Ձեր զինակիցների տրամադրությանը. այն անհատական պատրաստականության լավագույն ցուցանիշն է:

Ամրապնդեք Ձեր զինակիցների ինքնահարգանքը: Նրանք պետք է կարևորեն իրենց դերը հաղթանակի հասնելու գործում: Նրանք պետք է ապրեն հաղթանակի ու հաջողության բերկրանքը. դա նրանց առաջ կմղի:

Թող Ձեր զինակիցները հպարտանալու առիթ ունենան: Միայն դա է, որ գործունեությանը իմաստ կտա, իսկ կյանքին` փայլ:

Հնարավորություն տվեք Ձեր զինակիցներին երազելու: Թուլության պահին նրանք պետք է փակեն աչքերը և տեսնեն իրենց նպատակը:

Թեպետ Ալեքսանդրը ուժեղ, կարծր խառնվածք ուներ, բայց նրան խորթ չէր սիրո զգացումը: «Ամենադժվար պատերազմը, որը ես վարել եմ, եղել է կնոջս դեմ»: Նրա կինը` գեղեցկուհի Ռոկսանան, բակտրիսյան արքայադուստրն էր: Նրանք հանդիպել են այն ժամանակ, երբ Ալեքսանդրը գերի ընկածների մեջ տեսել է Ռոկսանային: Արքան անմիջապես սիրահարվել և ամուսնացել է նրա հետ: Ռոկսանան ամուսնուն ուղեկցել է արշավանքների ժամանակ:

Ալեքսանդրն իր կյանքի ընթացքում վատառողջության ոչ մի նշան չի ցուցաբերել: Անգամ Հնդկաստանի արշավանքի ժամանակ, երբ վիրավորվում է, չի դադարեցնում կռիվը մինչև գիտակցությունը կորցնելը: Ի դեպ, դա նրա վերջին ռազմարշավն էր, որից հետո նա իր ժամանակն անցկացնում է խաղաղ պայմաններում: Մի անգամ խնջույքից վերադառնալուց հետո նա անտանելի հոգնածություն և տաքություն է զգում: Դրան հաջորդում է ծանր տենդը, արքան հայտնվում է անօգնական վիճակում: Ջղակծկումները վկայում էին, որ նա հիվանդացել է մալարիայի ամենածանր տեսակով, որից փրկվելու հույս այլևս չկար: «Տեսնում եմ, որ մեծ վիշտ է լինելու իմ գերեզմանին»,- ասում էր Ալեքսանդրը: Դեկտեմբերի 28-ի գիշերը նա կնքում է իր մահկանացուն:

ԱՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Խորագիր՝ #04 (920) 02.02.2012 – 08.02.2012, Պատմության էջերից


08/02/2012