ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ ՀՐԵՏԱՆԱՅԻՆ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ
Փոխգնդապետ Մ. Մարտիրոսյանի հրամանատարությամբ գործող զորամասում մեր ֆոտոխցիկը որսաց մասնագիտական պարապմունքների մի քանի ուշագրավ դրվագ։ Դասընթացների թեմաները տարբեր էին՝ հրանոթի գործնական կիրառում, տեխնիկական պատրաստություն, մարտավարություն եվ այլն։ Ուսումնական կետերում Դ-20 եվ Դ-30 հրանոթների մարտկոցների զինվորներն ու սպաներն էին։
Կապիտան Մ. Ղավալյանի մարտկոցը զորամասում առանձնանում է բարձր կարգապահությամբ եւ մարտական պատրաստականության ցուցանիշներով։ Հերթական պարապմունքն սկսելուց առաջ կապիտանն անձնակազմին ծանոթացնում է թեմաներին, հրահանգավորում անվտանգության կանոնների վերաբերյալ, հանձնարարություններ տալիս կրտսեր հրամանատարներին։
Հաշվարկը հաջորդաբար երթային եւ մարտական վիճակի է բերում հրանոթը։ Պարապմունքների ժամանակ վարժությունը հմուտ կատարելուց է կախված մարտական իրավիճակում հաշվարկի անդամների գործողությունների արդյունավետությունը։
Սերժանտ Արշակ Վասիլյանը եւ կրտսեր սերժանտ Գարեգին Մանուկյանը ցուցադրում են «Ավարտ» հրամանի դեպքում յուրաքանչյուր զինվորի անելիքը, գործողությունների հերթականությունը։
Արմեն Վահրամյանը նշանառու է։ Նա մշտապես մաքրում, սարքին վիճակում է պահում իր մարտական միավորի օպտիկական համակարգը, առանց որի հաշվարկը չի կարող նպատակային կրակ վարել։
Պարապմունքների ավարտին ողջ անձնակազմով կարելի է եւ լուսանկարվել մարտկոցի վստահելի «ընկերոջ»՝ հրանոթի մոտ։
ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
կապիտան
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան
Խորագիր՝
#40 (855) 13.10.2010 – 20.10.2010,
Ազգային բանակ