Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԱԶ ԻՄ ԵՐԿԻՐ…



Ազգային բանակի 20-ամյա հոբելյանը, իրոք, վերածվեց համաժողովրդական տոնախմբության, եւ հանդիսություններից անմասն չմնացին նույնիսկ դպրոցներն ու նախակրթարանները։

Հերթական միջոցառմանը մասնակցելու հրավեր ստացանք Երեւանի թիվ 82 դպրոցի դասվար Ռուզաննա Հարությունյանից։

…Դահլիճի գույնզգույն զարդարանքն արդեն տոնական տրամադրություն էր հաղորդում։ Իրենց երկրային կյանքը փառքով պսակած ազգային հերոսների մեծադիր լուսանկարների մոտ մոմեր էին վառվում՝ իբրեւ խնկարկում հերոսացման ու հայրենասիրության, իբրեւ հավերժ հիշատակի ու խոնարհումի խորհրդանիշ։ Իսկ երբ դահլիճի առաջին շարքերում իրենց պատվավոր տեղը զբաղեցրին զինվորական համազգեստով բարձրաստիճան սպաներն ու Արցախյան կռվի կամավորականները, օրվա խորհուրդը կատարյալ դարձավ…

Դասվար Ռուզաննա Հարությունյանի նախաձեռնությունը խորհրդանշական էր։ Նա բեմ էր բարձրացրել տարբեր տարիներին իր դասվարական դասարանում սովորած աշակերտներին, այսինքն՝ առաջին դասարանցիների կողքին տասներորդցիներ էին՝ դպրոցի ավագ եւ կրտսեր սերունդը, վաղվա Հայաստանի քաղաքացիները, ապագա բանակի զինվորները, Հայաստան-հայրենիքի գալիքի կերտողները։

…«Երազ իմ երկիր հայրենիքը» դպրոցականների շուրթերից հնչեց յուրահատուկ ներշնչանքով ու լավատեսությամբ… Այնուհետեւ բեմի վրա ասես հառնեց հայոց դարավոր պատմությունը՝ իր հաղթանակներով ու կորուստներով, իր ձեռքբերումներով ու պարտություններով, իր փառահեղ ու ողբերգական էջերով… Աշակերտները ասես դարերի խորքից հանեցին ու սրբազան մասունքների պես հատիկ-հատիկ հավաքեցին մեր վերելքների ու վայրէջքների, մեր անվերջ մաքառումի կենսագրությունը… Ու մեզ հիշեցրին, որ այս խաղաղ անկախ Հայաստանը, հաղթանակած ու հաղթանակի նվաճումները պահպանող բանակը մեր՝ ժամանակակիցներիս ձեռքբերումը չէ միայն։ Որ մեր նախնիները կյանք ու արյուն են տվել հանուն այսօրվա անկախության, նրանք իրենց արյամբ են սնել անկախության մարմրող խարույկը ու մեր սրտերում վառ են պահել անկախության տենչը… Որ ներկայիս բանակը Տիգրան Մեծի բանակի հոգեզավակն է, որ Շուշիի ճակատամարտը Ավարայրի շարունակությունն է… Դպրոցականները զինվորական համազգեստով էին, նրանց երգը խրոխտ էր, ասմունքը ոգեշունչ, պարը՝ հերոսական…

Տոնը կատարյալ դարձավ, երբ դպրոցականները մեկական վարդ նվիրեցին միջոցառման հյուրերին, հրավառություն կազմակերպեցին հենց դահլիճում եւ ամբողջ դահլիճի հետ միասին երգեցին բանակի երգը…

Վերջում իրենց սրտի խոսքն ասացին զինվորականներն ու ազատամարտիկները։ Նրանք իրոք հուզված էին։ Բեմից հնչող խոսքերն ու մեղեդիները նրանց տարան անցյալ, ստիպեցին անցնել Արցախյան պատերազմի բովով, կանգնել զոհված ընկերոջ շիրմի մոտ, վրեժի երդում տալ, նետվել անհավասար կռվի… Տեսնել, թե ինչպես է վառվում հարազատ հողը, բզկտվում ռումբերի պայթյունից… ապրել հաղթանակած ճակատամարտի հրճվանքը…

-Մեր կորուստների ու զրկանքների, Արցախյան պատերազմում թողած մեր երիտասարդության ամենամեծ փոխհատուցումը երիտասարդ սերնդի հայրենասիրությունն է, երախտագիտությունը եւ նախնյաց հերոսական ավանդները շարունակելու պատրաստակամությունը։

Դպրոցի տնօրեն տիկին Ռ. Բախչինյանը իր եզրափակիչ խոսքում հավաստիացրեց, որ դպրոցի սաները կդառնան իրենց ավագ ընկերների արժանի փոխարինողները, աներեր կկանգնեն հայրենիքի սահմանին, նվիրված աշխատանքով կշենացնեն հայրենի երկիրը եւ կկառուցեն բոլորիս երազած հայրենիքը։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #04 (920) 02.02.2012 – 08.02.2012, Բանակ և հասարակություն


08/02/2012