ՀԱԿՈԲ ՄԱՐԹԱՅԱՆ
Հակոբ Մարթայանը լեզվաբան էր, մշակութային և գիտական հարցերով Թուրքիայի Հանրապետության հիմնադիր ու առաջին նախագահ Մուստաֆա Քեմալի խորհրդականը, որին անձամբ վերջինս է Բուլղարիայից հրավիրել Անկարա՝ իրականացնելու արաբատառ թուրքերենի փոխադրումը լատինատառ թուրքերենի: Աշխատել է Թուրքիայի լեզվաբանների միությունում՝ որպես գլխավոր փորձագետ, Թուրքիայի Հանրապետության գլխավոր հանրագիտարանի տեխնիկական խորհրդատու, ապա՝ գլխավոր խմբագիր, Անկարայի համալսարանում դասավանդել է ընդհանուր լեզվաբանություն և լեզվաբանության պատմություն։ Սոֆիայում, Բեյրութում զբաղվել է հայագիտությամբ, ստանձնել Բեյրութի առաջին հայկական վարժարանի տնօրինությունը, հիմնել «Ռահվիրա» և «Մշակույթ» թերթերը:
Ծնվել է 1895 թվականի մայիսի 22-ին Կեսարիայից Պոլիս գաղթած հայ առևտրականների ընտանիքում։ Մանկության տարիներից բացառիկ ընդունակություններ է դրսևորել լեզուների հանդեպ։ Դպրոցական վաղ տարիներին սովորել է անգլերեն, գերմաներեն, ռուսերեն և բուլղարերեն։ Իսկ միջին դասարաններում սովորել է իսպաներեն և հունարեն։
Սկզբնական կրթությունն ստացել էր Պոլսի ամերիկյան դպրոցում, այնուհետև եղել այդ դպրոցի անգլերենի ուսուցիչը, ապա՝ տնօրենը, ստացել ամերիկյան ակադեմիական «արվեստի մագիստրոսի» տիտղոս և պրոֆեսորի կոչում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Մարթայանը զորակոչվել է բանակ և ծառայության մեկնել Կովկասյան ռազմաճակատ, հետո՝ Հարավային (Սիրիա)։
Քանի որ Մարթայանը փայլուն է տիրապետել անգլերենին, Կովկասյան, այնուհետև Հարավային ռազմաճակատում նրան է վստահվել ռազմագերի սպաների թարգմանչի դերը, թուրք հրամանատարներին նա փոխանցում է գերեվարված զինծառայողների խնդրանքը՝ վերջ տալ իրենց հանդեպ կիրառվող անմարդկային բռնություններին։ Թուրք սպաները կարծելով, որ թարգմանիչ զինվորը դավաճան է, այսինքն՝ անգլիացիների լրտեսը, Մարթայանին անմիջապես տանում են Դամասկոսի շտաբի հրամանատարի մոտ։ Համարձակ տղան սկսում է խոսել, վճռականորեն հաստատել այն միտքը, որ բռնությունը հատուկ է սուլթանական վարչակարգին և մերժելի պետք է լինի հանրապետական կարգերի ձգտող գործիչների համար։ «Բոլորը շվարած ինձ էին նայում և սպասում, թե ինչ կասի հրամանատարը, իսկ վերջինս ուշադրությամբ լսում էր։ Մեկ էլ նա հրամայեց արձակել ձեռքերս, իսկ ինձ բերողներին հրամայեց հեռանալ։ Ես շվարած էի և մտածում էի, թե ինչով պիտի վերջանա այս ամենը։ Հրամանատարն ինձ թեյ առաջարկեց և խնդրեց պատմել հասարակական կյանքի նպատակահարմար կառուցվածքի և դեմոկրատական կարգերի մասին։ Ես կասկածանքով մտածում էի, թե սա ինչ-որ տարօրինակ խաղ է, որ կատարվում է ինձ հետ»,- հիշում է Մարթայանը։
Հետագայում Հակոբ Մարթայանը պետականաշինության վերաբերյալ խորհուրդներ պետք է տար այդ նույն հրամանատարին, որ Մուստաֆա Քեմալն էր՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադիրն ու առաջին նախագահը:
1923 թվականին Թուրքիայի Հանրապետության նախագահ Քեմալ Աթաթուրքը նոր լեզու ստեղծելու որոշում է կայացնում, որը պետք է լիներ լատինատառ։ Լեզվաբաններն սկսում են նոր քերականական կանոններ հնարել և նոր բառեր ստեղծել, ինչպես նաև փոխառել որոշ բառեր այլ լեզուներից՝ ստեղծելով ժամանակակից թուրքերենը: Այս ծանր ու պատասխանատու գործի ղեկավարումը Աթաթուրքի խնդրանքով ստանձնում է Հակոբ Մարթայանը:
Հայ լեզվաբանը մեծ ավանդ է ունեցել ոչ միայն Թուրքիայի Հանրապետության գիտամշակութային կյանքի կայացման գործում, այլև մեծապես նպաստել է տեղի հայության ազգային մշակված լեզվի պահպանմանը։ Մարթայանը պայքարել է, որ տեղի հայերը չկորցնեն իրենց լեզվական ինքնությունը։
Հաջորդ բարեփոխումը վերաբերում էր ազգանուններին։ Մինչ այդ, թուրքերն ունեին միայն անուն, ինչը բարդացնում էր հաշվառման գործընթացը։ Փաստորեն, այս հնարավորությամբ յուրաքանչյուր քաղաքացի պարտավորվում էր ընտրելու իր ազգանունը։ Այդ ժամանակ թուրք լեզվաբանները Քեմալի համար ընտրում են Turk Atasi ազգանունը, որը Մարթայանը փոխում է՝ դարձնելով Աթաթուրք (թուրքերի հայր), որը վերջինս ընդունում է և դարձնում անուն, որով էլ հայտնի է դառնում ամբողջ աշխարհում։ Քեմալն էլ ի պատասխան հայ լեզվաբանին տալիս է Դիլաչար ազգանունը, որ թարգմանաբար նշանակում էր «լեզու բացող՝ լեզվի բանալի»։
1934 թվականին Քեմալը գիտության գործիչների և պետական այրերի համար մի փոքրիկ հյուրասիրություն է կազմակերպում։ Կերուխումի ամենաթեժ պահին Քեմալն առաջարկում է հրավիրվածներից յուրաքանչյուրին մի երգ կատարել, իսկ հյուրերին ասվում է, որ իրենք կարող են երգել իրենց մայրենի լեզվով։ Երբ հերթը հասնում է Հակոբ Մարթայանին, սեղանակիցները տարակուսում են, թե քսանից ավելի լեզու իմացող Մարթայանը ինչ լեզվով կերգի, նաև սկսում են քչփչալ, որ Թուրքիայում ապրող հայը չի հանդգնի թուրքերենից բացի այլ լեզվով երգել։ Քեմալը լսում է հույնին, հրեային, բուլղարացուն ու գերմանացուն… և հանկարծ շրջվում է դեպի իր քարտուղարը. «Դիլաչա՛ր էֆենդի, մի երգ էլ դու երգիր»։ Հակոբ Մարթայանը մի պահ բարձրացնում է հայացքը, նայում հյուրերին, փակում է աչքերը, և լսվում է ինքնաբուխ երգը.
Իբրև արծիվ սավառնում ես լեռ ու ժայռ,
Թնդացնում ես երկինք, երկիր տենչավառ,
Սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար,
Հայոց լեռինք քեզ ապաստան, Անդրանի՛կ։
Ներկաները սարսափով ու կատաղությամբ են նայում Դիլաչարին։ Երգի հակաթուրքական բնույթը շատերին էր հայտնի։ Չէ՞ որ Անդրանիկի անունը Թուրքիայում տալը մահացու հանցանք էր։ Բոլորի հայացքներն ուղղվում են դեպի Քեմալը, սակայն վերջինս հրամայում է բոլորին հանդարտվել։
«Անդրանիկը թուրքերի թշնամին էր, և նրա սրից հազարավոր թուրքեր են ընկել։ Անդրանիկի նման հերոս հայերը անցյալում չեն ունեցել, ներկայումս էլ չկան, իսկ ապագայում էլ հազիվ թե ունենան։ Հայերը ճիշտ են անում, որ հիշում են իրենց հերոսներին»,- ասում է Մուստաֆա Քեմալը։
Հետագայում, արդեն մահվան մահճում, Հակոբ Մարթայանը խոստովանում է. «Երգի պահին ամենևին էլ չէի մտածում հետևանքների մասին…»։
Հակոբ Մարթայանը երբեք չի թաքցրել իր հայ լինելը, հարգել է իր արմատներն ու լեզուն, իսկ հայերենը միշտ եղել է նրա ուսումնասիրությունների առանցքում։ Նա մի քանի կարևոր ուսումնասիրություն ունի՝ նվիրված հայոց լեզվին և հայ մշակույթին՝ «Համայնապատկեր հայ մշակույթի», «Աստվածաշունչը և աշխարհաբարը», «Լեզու, լեզուներ և լեզվաբանություն» և այլն։
Հակոբ Մարթայանը մահացել է 1979 թվականի սեպտեմբերի 12-ին Ստամբուլում։ Նրա մահվանից հետո Ստամբուլի Շիշլի շրջանում մի փոքրիկ փողոց անվանակոչվում է «Դիլաչար փողոց»՝ ի պատիվ մեծանուն հայ լեզվաբանի։
Հակոբ Մարթայանը ճակատագրի բերումով ապրել և աշխատել է հայրենիքից դուրս և մի օր Խորհրդային Հայաստանից ժամանած գիտնականների հետ հանդիպման ժամանակ մեծանուն գիտնականը հուզմունքով նշել է. «…Իմ տեղը Հայաստանում պետք է լիներ, սակայն բախտը չժպտաց ինձ, դեպքերը այլ ընթացք ստացան։ Ես ցանկանում էի Հայաստան մեկնել և իմ գիտելիքները ի նպաստ մայր Հայաստանի բարօրության ներդնել։ Սակայն չվիճակվեց իրականացված տեսնել իմ երազանքը»։
Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ
Խորագիր՝ #19 (1532) 23.05.2024 - 29.05.2024, Ճակատագրեր