ԿԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐ՝ ՆՈՐ ՇԵՐՏ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Չափազանց ակնահաճո է զինվորական համազգեստով կնոջ կերպարը, մանավանդ, երբ մազերը կիպ հավաքված է ծոծրակին, քայլը ամուր է, կեցվածքը՝ ձիգ: Բայց, իհարկե, սա միայն արտաքինն է, որը կարևոր է այնքանով, որ կնոջ էության արտացոլանքն է: Ես բազմաթիվ կին զինվորականների եմ ճանաչում, ընկերություն եմ անում նրանց հետ ու նկատել եմ, որ նրանք, որքան էլ տարբեր են իրենց խառնվածքով, ունեն մի շարք ընդհանուր գծեր: Այդ գծերից առաջինը կազմակերպվածությունն ու կարգապահությունն է: Նրանք գործում են արագ ու կանոնակարգված: Եվ զարմանալի չէ, որ նրանց խոսքն ու մտածողությունը նույնպես զերծ է ավելորդաբանություններից: Զինվորական կանայք ունեն պատասխանատվության մեծ զգացում, որը դրսևորվում է նրանց ծառայության մեջ և ընտանիքում: Զինվորական գործը կնոջից մեծ ժամանակ է խլում, բայց, հակառակ դրան, զինվորական կնոջ ընտանիքը խնամված է, հավաք, երեխաներն ավելի ինքնուրույն են ու կազմակերպված: Զինվորական կանայք ունեն արդարության ընդգծված զգացում, անկաշառ են, օրինապահ: Նրանք հետևողական են, նպատակասլաց, ազնիվ են ու գործունյա: Եթե կին զինվորականների թիվը ավելանա, շուտով նրանք կձևավորեն նոր շերտ հասարակության մեջ, որը աչքի կընկնի իր կայուն նկարագրով, յուրօրինակ կերպարով ու օրինակելի հատկանիշներով:
ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
տարածաշրջանային հարցերով փորձագետ
***
Ժամանակակից հայ կինը գործունյա է, կարող է ստանձնել ծանր պարտականություններ, մեծ պատասխանատվություն և այնպիսի պաշտոններ զբաղեցնել, որոնք նախկինում հասու էին միայն տղամարդկանց: Սա դրական զարգացում է մեր հասարակական կյանքում և հնարավորություն է ընձեռում օգտագործել նաև կանանց ներուժը:
Ես վարչական շրջան եմ ղեկավարում, կարողանում եմ այդ պատասխանատու գործը համատեղել հասարակական գործունեության հետ: Իմ հիմնած «Երբ բոլորը հավասար են» սոցիալական-հասարակական կազմակերպությունը զբաղվում է երեխաների հոգեկան առողջությամբ, հատկապես՝ աուտիզմով ապրող երեխաների: Ես անկեղծորեն կասեմ՝ աշխատում եմ առավոտից երեկո, բայց այն ժամանակը, որ պիտի հատկացնեմ 11-ամյա որդուս, անձեռնմխելի է: Ամենակարևորը ժամանակն անկորուստ օգտագործելն է, այդ դեպքում և՛ աշխատանքդ կկատարես գերազանց, և՛ ժամանակ կգտնես հարազատներիդ ու ընկերներիդ համար, և՛ կկարողանաս հանգստանալ: Ասածս նույնությամբ վերաբերում է նաև զինվորական կանանց: Իմ սերնդակիցների մեջ շատ աղջիկներ կային, որոնք երազում էին զինվորական համազգեստ կրել, բայց այդ ժամանակ զորքերում ծառայող կինը միանշանակ չէր ընկալվում հասարակության մեջ, զինվորական համազգեստը համարվում էր տղամարդկանց մենաշնորհը: Ես ուրախ եմ, որ այսօր մեր երկրի ուժային կառույցների ամենաբարձր պաշտոններում և զորքերում կարելի է հանդիպել համազգեստով կանանց: Նրանք գեղեցիկ օրինակ են բազմաթիվ աղջիկների համար: Զինվորական համազգեստը հպարտության խորհրդանիշ է, կրկնակի հպարտություն է, երբ այն կինն է կրում: Պատերազմական իրավիճակում լինի, թե խաղաղության մեջ՝ բանակ ասելիս Հայրենիքի պաշտպանություն ենք պատկերացնում, իսկ Հայրենիքի պաշտպանությունը պիտի հասու լինի նրա յուրաքանչյուր զավակին: Մեր պատմությունը լի է զինակիր կանանց հերոսական կերպարներով: Ես ուզում եմ՝ կնոջ ներկայությունը Հայաստանի ժամանակակից բանակում լինի այնքան սովորական ու ընկալելի, որ պաթոսի ու բարձրագոչ բառերի կարիք չլինի:
ԱՐԱՔՍՅԱ ԱՐԱԲՅԱՆ
Պտղնի վարչական շրջանի ղեկավար
Պատրաստեց ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆԸ
Խորագիր՝ #19 (1532) 23.05.2024 - 29.05.2024, Բանակ և հասարակություն