ԵՍ ՔԱՈՍԻ ՄԵՋ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՈՐՈՆՈՒՄ
Երիտասարդ նկարիչ և քանդակագործ Ռոմեո Մելիքյանը ապրում է իր ծննդավայր Տավուշի մարզի Բերդ քաղաքում, նրա կտավները ցուցադրվում են Հայաստանում, Գերմանիայում, Հոլանդիայում, Սերբիայում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, Լիբանանում:
-Ռոմեո՛, որոշ արվեստագետներ հավատացնում են, որ զարգանալու, առաջընթացի ու նորարարությունների ռիթմից չկտրվելու և միջազգային ճանաչում ձեռք բերելու համար անհրաժեշտ է ապրել և ստեղծագործել արտերկրի մշակութային քաղաքներում: Դուք նույնիսկ Հայաստանի մայրաքաղաքում չեք ապրում, բայց, ինչպես տեսնում եմ, դա չի խանգարում Ձեզ դուրս գալ միջազգային ասպարեզ:
-Ես չեմ էլ մտածում, թե ինչ կփոխվեր իմ կյանքում, եթե ես ապրեի Գերմանիայում կամ Մեծ Բրիտանիայում, որովհետև ես տավուշցի եմ, Բերդն իմ ապուպապերի ծննդավայրն է, և իմ տունն այստեղ է: Իսկ միջազգային ասպարեզ դուրս գալու և աշխարհին ճանաչելի լինելու ամենագլխավոր նախապայմանը բարձր արվեստ ստեղծելն է: Եթե քո ստեղծագործությունը մրցունակ է, համապատասխանում է համաշխարհային չափանիշներին, ապա կգտնի իր լսարանը, որտեղ էլ որ ապրես:
-Ձեր ստեղծագործությունների ոճի ու թեմատիկայի մասին ավելի ուշ կխոսենք, կփորձենք հասկանալ, թե ինչ տպավորություններ եք ամփոփում կտավի վրա, հիմա ուզում եմ հարցնել՝ ո՞ւր են կորել Ձեր նկարչության գույները: Մի՞շտ եք առանց գույների նկարել:
-Ես պատերազմի սերունդ եմ: Իմ մանկությունն անցել է ապաստարաններում, ռումբերի ոռնոցի տակ: Նկուղում գույներ չկային: Առհասարակ, պատերազմը գույներ չունի: Չեմ մոռանա, թե ինչպես արկը հարվածեց մեր շենքին: Սակայն, այդ ամենով հանդերձ, մանկության ու պատանեկության տարիներին ես գունավոր եմ նկարել: Հայրս մեծ գրադարան ուներ, որտեղ արվեստին վերաբերող բազմաթիվ գրքեր ու ալբոմներ կային: Մարտիրոս Սարյանի, Հակոբ Հակոբյանի, Սեդրակ Առաքելյանի, Մհեր Աբեղյանի ու էլի շատ հայ նկարիչների գործերին ես ծանոթացել եմ մեր տան գրքերով: Ուսումնառության ընթացքում, բնականաբար, ուսումնասիրեցի նկարչական արվեստի համաշխարհային ժառանգությունը, բայց ինձ համար Մարտիրոս Սարյանը եղել է ու մնաց մոլորակի լավագույն նկարիչներից մեկը:
Ես ակադեմիական կրթություն եմ ստացել. ավարտել եմ Բերդի արվեստի դպրոցն ու Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանը: Ապա զորակոչվել եմ բանակ՝ ժամկետային զինծառայության:
-Ի՞նչ տվեց բանակային երկու տարին Ձեզ՝ որպես անհատ, երկրի քաղաքացի, արվեստագետ: Առհասարակ, զինծառայությունը որևէ մնայուն ազդեցություն ունեցա՞վ Ձեր հետագա կյանքի վրա:
-Մեր հրամանատարը զինվորականի կատարելատիպ էր: Նա իր գործին անմնացորդ նվիրված սպա էր, Հայրենիքն անսահման սիրող հայ, երկաթե կարգապահությամբ, անկոտրում կամքով, իր խոսքը անվերապահորեն հարգող, միևնույն ժամանակ, շատ բարի ու հոգատար: Ասում էր՝ զորամասում ձեր հրամանատարն եմ, դրսում՝ ձեր ընկերը: Բանակի ռեժիմը այնքան ամուր էր ձուլվել իմ բնավորությանը, որ ես մինչ օրս ապրում եմ զինվորական կարգուկանոնով: Արթնանում եմ, նկարում եմ, ընդմիջում եմ անում և մնացած գործերս կատարում եմ միշտ նույն ժամին: Այս դասավորությունը կարող եմ խախտել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:
Ես բանակում տեսա, ընկալեցի նվիրում բառի ամբողջ տարողությունը: Եվ դա փոխեց իմ վերաբերմունքը Հայրենիքի, մասնագիտության, հարազատների, սիրելի մարդկանց հանդեպ, ձևավորեց աշխարհի հետ հարաբերվելու նոր ելակետ: Ես շատ գոհ եմ, որ հնարավորություն եմ ունեցել կատարելու զինվորական պարտքս, զենքը ձեռքիս սահման եմ պահել, շփվել եմ օրինակելի զինվորականների հետ:
-Ձեր նկարների վերնագրերն արդեն հուշում են, թե ինչ թեմայով եք նկարում՝ «Հակամարտություն», «Պատերազմ», «Պայքար»: Կտավների վրա փլուզվող շինություններ են, ձևախեղված կառույցներ, ջղաձիգ մարդիկ…անկում, լքվածություն, կործանում…Եկեք սկսենք Ձեր ավելի վաղ շրջանի կտավներից՝ ինչի՞ դեմ կամ հանուն ինչի՞ են պայքարում ամբոխները՝ համանուն կտավում:
-Կարիքը, աղքատությունը, կենցաղային դժվարությունները չեն կարող այնպես խոցել, կոտրել ու ոտնահարել մարդուն, որքան սոցիալական անարդարությունը: Ես տեսել եմ, թե ինչպես է մարդը հուսալքվում, ինչպես է զրկվում ավյունից, երազանքներից, երբ բախվում է իր ուժերից վեր, անհաղթահարելի անարդարության: Ես կտավի վրա պատկերել եմ մերժված, ոտնահարված մարդու ցավը ու իր կյանքը փոխելու նրա անկասելի ջանքը:
-Դատարկ շենքեր, կոտրված լուսամուտներ, ամայություն, լքվածություն, թախիծ…որտեղի՞ց եք վերցրել այս պատկերները, ի՞նչ եք ուզում ասել Ձեր կտավները դիտողին:
-Ձեր երևանյան շենքում չկա՞ն լքված բնակարաններ, որոնց տերերը հեռացել, են, ոչ ոք դուռը չի բացում, և տան միակ բնակիչը լռությունն է: Ես ոչինչ չեմ ասում, ես ցույց եմ տալիս կացարանի ու տան տարբերությունը, ես պատկերում եմ լքվածության ցավն առհասարակ: Ես կտավի վրա եմ դնում այն, ինչը մնում է սիրելիին լքելուց հետ: Եզրակացությունը թողնում եմ դիտողին:
-Շենքերը շատ խիտ են, իրար կպած, շատ բարձր, ամենուր փակուղիներ են, ու մարդ չկա, ոչ մի մարդ: Ասես՝ շենքերը խժռել են մարդկանց:
-Այդպես էլ կա, մարդուն խժռում է իր ստեղծած իրականությունը. քաղաքակրթությունը իմաստ ունի, եթե այն ծառայում է մարդուն: Մարդկային կյանքը ամենագեղեցիկն է, ամենակարևորը, ամենաթանկը, ոչինչ նրա հետ չի համեմատվի: …Սրանք իմ մտահոգություններն են, իմ հոգսերը, սրանք այն թեմաներն են, որոնց մասին ուզում եմ խոսել աշխարհի հետ:
-Աշխարհի քարտեզը ծածկել եք զենքերով, զինվորները ամենուր են, վխտում են բոլոր աշխարհամասերում…Այս պատկերը սարսռալու չափ ազդեցիկ է:
-Մենք խախտել ենք մոլորակի ներդաշնակությունը, կտրել ենք մարդու ու բնության կապը, ջնջել ենք կյանքի իրավունքը: Սա խելահեղություն է: Յուրաքանչյուր երկիր պիտի ամեն ինչ անի, որ խաղաղ գոյակցի իր հարևանների հետ: Մարդը կարող է լեզու գտնել մարդու հետ: Ազգային, կրոնական, մշակութային տարբերությունները չպիտի թշնամանքի պատճառ դառնան: Վրիժառությունը վատ խորհրդատու է, պետք է կանգ առնել, պետք է ազատվել թշնամանքից, ատելությունից, սեփական վերքը փորփրելու ու ցավը բազմապատկելու փոխարեն՝ պիտի մտածել գալիք սերունդներին այդ ցավից ազատելու ու խաղաղ Հայրենիք ժառանգելու մասին:
-Տեսեք, Դուք անընդհատ խոսում եք խաղաղության, հանդուրժողականության, թշնամանքից ու վրիժառությունից ձերբազատվելու մասին, բայց Ձեր երկաթե քանդակները՝ գրեթե բոլորը, զենք են հիշեցնում… Խոսքը թնդանոթի կամ մեկ այլ զենքի մասին չէ, օրինակ, ինչու է «Անհայտ օբյեկտ» վերնագրված քանդակը նման հրթիռի…
-Հնարավոր է, որ դա Ձեր անհատական ընկալումն է, ինչը պարզ բացատրություն ունի: Հնարավոր է նաև, որ Ձեր գնահատականը օբյեկտիվ է: Ամեն դեպքում, երկաթից ծաղիկ չեն քանդակում, երկաթը ինքնին ունի հույզ, ապրում, բնավորություն:
-Այդ քարե ֆիգուրները հիմնականում մտացածին իրեր են, իրականության մեջ նման առարկաներ չկան: Իմ ընկալմամբ, բոլորն էլ կոպիտ են, վախեցնող, սուր ելուստներ ունեն, խոշոր են, բարի չեն:
-Դրանք իմ կանխազգացողություններն են: Ապագայից են եկել: Մարդկությունը դրանց կհանդիպի մի օր, եթե չշեղի իր ընթացքն ու չգնա դեպի խաղաղ ու սիրով լի հանգրվան: Ես քաոսի մեջ ներդաշնակություն եմ որոնում:
-Ուզում եմ Ձեր արվեստի մասին զրույցը եզրափակենք մի կտավով, որտեղ գույներ կան, ավելի ճիշտ՝ մի գույն՝ կարմիր: Ահռելի երկնաքերների ուրվագծերը կարմիր են, ասես՝ շենքի երակներով արյուն է հոսում: Կտավը դրական ազդակներ է փոխանցում, թվում է՝ կյանքը վերադառնում է:
-Ես ոչինչ չեմ ավելացնի, Ձեր մեկնաբանությունն ինձ շատ դուր եկավ:
-Ի՞նչ ծրագրեր, ի՞նչ երազանքներ ունեք:
-Ուզում եմ ցուցադրվել ամբողջ աշխարհում, ուզում եմ իմ առաջ բաց լինեն բոլոր առաջնակարգ պատկերասրահների դռները, ուզում եմ համաշխարհային ճանաչում ունենալ:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #19 (1532) 23.05.2024 - 29.05.2024, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում