ՀԱՅՐԵՆԻՔԸ ԲՈԼՈՐԻՆՍ Է
Որակյալ եւ մրցունակ կրթություն, ապագայի հանդեպ հստակ տեսլական՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը 15-18 տարեկան պատանիներին ու աղջիկներին հրավիրում է սովորելու:
Միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող այս կրթօջախում ստեղծված են գերազանց պայմաններ ուսումնառության համար, իսկ վարժարանի կարգախոսն ինքնին արդեն խոսուն է՝ Ճանապարհ դեպի բարձունք…
2020 թվականից կրթօջախում ուսանում են նաեւ աղջիկները:
Այս տարի վարժարանն ութ աղջիկ շրջանավարտ ունի. Արուս Կարապետյանը նրանցից մեկն է:
-Դեռ մանկուց զինվորական գործն ինձ գրավում էր, հրաձգությամբ էի զբաղվում, դիպուկ խոցում էի բոլոր թիրախները: Երբ հեռուստատեսությամբ դիտեցի տեսահոլովակ, որ վարժարան աղջիկներ էլ կարող են ընդունվել, շատ էի ուրախացել, բայց երբ նպատակս բարձրաձայնեցի, ծնողներս սկզբում կտրականապես դեմ արտահայտվեցին, սակայն հետո համաձայնեցին, իսկ հիմա հպարտանում են: Ավելին ասեմ՝ փոքր եղբայրս՝ Արայիկն էլ է որոշել «Մոնթե» ընդունվել:
Արուսն անկեղծանում է՝ դեպի բարձունք տանող ճանապարհի առաջին քայլերն սկզբնական շրջանում մի փոքր դժվարությամբ է հաղթահարել:
-Տնից կտրված, կարոտ, հեռախոսը ոչ միշտ է ձեռքիդ տակ… Այստեղ սովորելը ես մի քիչ այլ կերպ էի պատկերացնում, կինոյի պես՝ հեշտ ու սահուն… Բայց, դե, սովորեցի, դժվարություններն ընդամենը մեկ-երկու շաբաթ տևեցին, հետո արդեն օրերն իրենց հունով ընթանում էին՝ հագեցած ու հետաքրքիր գրաֆիկով՝ դասեր, մարզումներ, այցելություններ տեսարժան վայրեր…
Հասակակից աղջիկների հետ մի սենյակում էինք, էնքան ընդհանուր խոսելու բան ունեինք, որ անգամ, երբ հեռախոսն էլ տրամադրում էին, մի կողմ էինք դնում ու շարունակում մեր զրույցը:
Արուսը վարժարանում աղջիկների ավագն էր:
-Իր նման ավագը չի եղել,- ասում են ընկերուհիները:
Արուսը շիկնում է ընկերների գնահատանքից:
-Ես իրենց հարազատ քրոջ պես եմ վերաբերվել, մի քիչ մեծ լինեի, կասեի՝ երեխեքիս պես: Ամեն ինչ արել եմ, որ իրար հանդեպ հանդուրժող, ընկերական լինեն։ Իրար հետ վերլուծել ենք ամեն արարք, պարզաբանել եմ, բացատրել՝ աշխարհում անլուծելի խնդիրներ չկան, եկեք միասին գտնենք ճիշտ լուծումը։
Արուսը ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետ է դիմելու:
– Իմ շրջապատում բոլորին ասում եմ՝ ամեն մարդ պատահական չի ծնվում, ամեն մեկն ունի իր առաքելությունը, ինձ համար առաջնայինը Հայրենիքիս օգտակար լինելն է: Ուր էլ գնանք այստեղից, որտեղ էլ սովորենք, որ ասպարեզում էլ աշխատենք, մեր հոգում կրելու ենք մոնթեական վեհ գաղափարները…
-Մոնթեն ասում էր՝ կենացս մի՛ խմեք, գործս շարունակեք,- զրույցին միանում է Մարիամ Հարությունյանը, ով նույնպես ռազմամարզական վարժարանի այս տարվա շրջանավարտներից է: -Պիտանի լինել երկրին՝ վարժարանն է մեր հոգում սերմանել այս գաղափարը ու կրթական մեծ հնարավորություններ ընձեռել. կիրթ ու գրագետ սերունդը հզոր հայրենիքի երաշխիք է:
-Մեր վարժարանում իրապես հրաշալի պայմաններ են ստեղծվել գերազանց կրթության համար, այստեղ հնարավորություն ունես ծանոթանալու նաեւ նորագույն տեխնոլոգիաներին ու այս ամենին գումարած՝ միշտ կողքիդ կանգնող, աջակցող սպայակազմ եւ ուսուցիչներ,- արմավիրցի Դիանա Ավետիսյանն է միանում զրույցին,- մի մեծ ու ամուր ընտանիք է մեր վարժարանը: Վերջերս արշավի էինք գնացել, լեռ պիտի բարձրանայինք, երբ ընկնում էի, սայթաքում, իմ դասակն օգնում էր, ձեռք մեկնում, որ բարձրանամ, մեզ ուղեկցող սպան էլ ոգեւորում էր. «Ճանապարհ դեպի բարձունքը» մեզ համար միայն կարգախոս չէ, մենք միմյանց օգնելով, ձեռք մեկնելով ու սատարելով ենք նաեւ բարձրանում…
Դիանան որպես կյանքի ճանապարհ ռազմական բժշկի ուղին է ընտրել:
-Որ հայրենիքի պաշտպանների կյանքը պահպանեմ: Ամեն մոնթեականի համար իդեալը Մոնթեն է, նա իր կյանքն անմնացորդ, անշահախնդիր նվիրել է Հայրենիքին: Երազում եմ, որ իմ մեջ էլ այդքան մեծ ուժ լինի, և ես էլ անշահախնդիր նվիրվեմ գործիս:
Մոնթեական Սոնյա Բոթոյանն էլ մինչ վարժարան ընդունվելը ցանկացել է ոստիկան դառնալ, բայց երբ վարժարանի մասին տեղեկացել է, մտափոխվել է, որոշել է հայոց բանակի սպա դառնալ.
-Հորեղբորս տղան՝ Ալեքսանդրը, զինվորական է, պատերազմի մասնակից, ինքը քաջալերեց մտադրությունս. «Եթե սիրում ես զինվորականի գործը, համազգեստը, գնա երազանքիդ հետևից, Հայրենիքի համար բոլորն էլ պետք է պատրաստ լինեն»: Շատ էի ուզում այստեղ սովորել ու երբ ընդունվեցի՝ ուրախությունից արտասվում էի՝ հետագա երազանքներս իրագործելու առաջին ու հաստատուն քայլն եմ կատարել: Պատերազմի օրերին, հիշում եմ, մայրս ասում էր՝ մի հնար լիներ, կանգներ սահմանին, զինվորին ինչ-որ կերպ օգտակար լիներ… Մայրիկիս ցանկությունը ես եմ իրագործելու՝ թեւ ու թիկունք լինելով մեր Հայրենիքի պաշտպաններին:
-Որովհետեւ Հայրենիքը բոլորինս է,- Օքսաննա Հովհաննիսյանն ամբողջացնում է ընկերուհիների ասածն ու Մոնթեի հայտնի խոսքը մեջբերում. «Ես Միացյալ Նահանգներից եկած հայ եմ և այստեղ պայքարում եմ նույն պատճառով, ինչի համար պայքարում են մնացյալ բոլորը։ Ես հայ եմ եւ այս Հայրենիքը նույնքան իմն է, որքան որևէ ուրիշ հայինը։ Կարծում եմ՝ իմ Հայրենիքի այս կտորի պաշտպանության համար նույնքան պատասխանատու եմ, որքան ցանկացած հայ»։
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #19 (1532) 23.05.2024 - 29.05.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում