Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՀՐԵՏԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ



1991թ.-ի նոյեմբերից ի վեր, երբ Շուշիից արձակվող հրթիռները սկսեցին ավերել ԼՂՀ մայրաքաղաքը, վերջնականապես պարզ դարձավ, որ «ազերիների» կողմից բռնազավթված և հայաթափ արված Արցախի հինավուրց մայրաքաղաղաք Շուշին ու հայկական Ստեփանակերտը կողք կողքի գոյատևել չեն կարող: Ապրիլին Ստեփանակերտ եկան Լեոնիդ Մարտիրոսովը ու այլ զինվորականներ, և սկսվեցին հրետանային կրակի կառավարման պարապմունքները: Սովորելու շատ բան կար. ի վերջո միայն Գասպարյանն ու Մելքումյանն էին կադրային հրետանավորներ, մյուսներս միայն զենքը լիցքավորել ու կրակելը գիտեինք, այն դեպքում, երբ մարտկոցի հրամանատարի, ավագ սպայի պարտականությունները պիտի ստանձնեինք: Այդ ժամանակահատվածում ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը դեռ հրետանի չունեին, կային ընդամենը երկու ԲՄ-21 «Գրադ» կայանքներ, որոնցից մեկը ղեկավարում էր Սերգեյ Հարությունյանը, իսկ մյուսը` վստահվել էր ինձ:

Այդպես սկսվեց Շուշիի ազատագրման հրետանային ապահովման նախապատրաստությունը: Մինչ այդ, դեռ ապրիլի 19-ին, ԻՊՈՒ հրետանու պետ, փոխգնդապետ Ռազմիկ Մելքումյանը առկա զինամթերքի և Շուշիի ազատագրման համար անհրաժեշտ հրետանային զինամթերքի վերաբերյալ զեկուցագիր ներկայացրեց Արկադի Տեր-Թադևոսյանին (շատերը երևի չհավատան, որ Շուշիի ազատագրման գործողությանը պատրաստվելիս առկա էր շատ քիչ քանակությամբ զինամթերք, եղածի մի մասն էլ` ոչ լրիվ կոմպլեկտավորված, ընդամենը կար 122մմ Դ-30 հրանոթի՝ լրիվ լիցքով` 12, չկոմպլեկտավորված՝ 10, պակասեցված լիցքով՝ 8, և տանկի 40 հատ տարբեր արկեր, նաև գրադի 99 հրթիռ): Զինամթերքի այսպիսի ցուցակ ներկայացնելով` Մելքումյանը զեկուցագրում նշել էր, որ հրետանային աջակցության իրականացումն անհնար է: Ի վերջո, ուղղաթիռով բերվեց պահանջվող հրթիռահրետանային զինամթերքի ընդամենը 10 տոկոսը` այդ թվում ԲՄ-21 կայանքի 301 հրթիռներ` 295 պայթուցիչով: Իսկ զինամթերքի պակասող քանակությունը ստիպված էինք լրացնել ազատամարտիկների կողմից կատակով «գրպանային հրետանի» անվանված… 2000 նռնակներով:

Սա էր հրթիռահրետանային զինամթերքի այն ամբողջ քանակությունը, որով պիտի կռվեինք` Շուշին ազատագրելու համար: Ճիշտ է` զինամթերքը շատ քիչ էր, սակայն հետախուզությունը աջակցում էր մարտական դժվարին խնդրի կատարմանը. ճշտել էինք բոլոր նշանակետերը, նշել քարտեզի վրա և կատարել պահանջվող բոլոր հաշվարկները: Այդ գործընթացում մեծ ներդրում ունեին Լեոնիդ Մարտիրոսովը, Ալեքսանդր Դամպերը (Սանյա), նաև` զօր ու գիշեր «26-ի» և մյուս հենակետերից հետախուզություն իրականացնող մարտիկները:

Հենց Շուշիի ազատագրման օպերացիայի նախապատրաստման ժամանակ էլ ստեղծվեց հրետանու մի խմբավորում` կազմավորված երեք Դ-30 հաուբիցներից, երեք 120մմ ականանետներից, երկու «Գրադից» և մեկ ԿՍ-19-հրանոթից, հետևակի հետ պիտի գործեին ընդամենը մի քանի 82մմ ականանետներ: Երբ մեր «դասախոսները» համոզվեցին, որ մենք պահանջվող նյութը արդեն յուրացրել ենք, ընտրեցին հրետանու կրակային դիրքերը և բացատրեցին, թե անհրաժեշտության դեպքում ինչ հրամանով և ինչ կարգով պետք է իրականացվեր հրետանու տեղաշարժը:

ԲՄ-21-ի մարտկոցին հանձնարարված էր հրետանային նախապատրաստության ընթացքում Շուշիի արևմտյան մասում ճնշել հակառակորդի կենդանի ուժը և կրակային միջոցները: ԿՍ-19 հրանոթի հաշվարկի խնդիրն էր կրակային դիրք զբաղեցնել Շոշ գյուղի շրջակայքում՝ ուղիղ նշանառությամբ ոչնչացնելու ամրացված հենակետերի վերածված բանտը և մոտակա շինությունները: Եվս երեք կարևոր նշանակետերի ոչնչացումը վստահված էր Դ-30 հաուբիցների ստորաբաժանմանը:

Ապրիլի վերջերին զբաղեցրինք կրակային դիրքեր: Բոլորս պատրաստ էինք կռվել մինչև արյան վերջին կաթիլը: Հրաժեշտին գրկախառնվեցինք և ճանապարհվեցինք դեպի Հասանաբադի մոտ գտնվող կրակային դիրքեր՝ հավատացած, որ թեկուզ մեծ զոհերով, բայց անպայման հաղթելու ենք:

Մի քանի անգամ «Պատրաստություն համար մեկ» տրվեց, բայց կրակի հրաման չեղավ: Ապրիլի 28-ին, թե 29-ին վերջնականապես դադար տվեցին: Եղանակը այնքան երկար ժամանակ անձրևային էր, որ մտահոգվել էինք` հրթիռները խոնավացած չլինեն:

ԲՄ-21 հրթիռահրետանային մարտկոցի աշխատանքը ղեկավարում էինք ես` Վալերի Կարապետյանս, և դասակի հրամանատար Սերգեյ Հարությունյանը: Մինչև Շուշիի օպերացիայի սկսվելը` Դաշուշեն գյուղի վերևի սարի վրա, «Արծվի բուն» տեղանքից Ժորա Գասպարյանը, Անուշավան Հարությունյանը, Վոլոդյա Մուսայելյանը և մի քանի այլ տղաներ անընդհատ հետախուզություն էին վարում Շուշի քաղաքի ուղղությամբ:

ԲՄ-21 կայանքների համար ընտրվել էին 3 կրակադիրքեր` Հասանաբադ (Կապուտան) լճակի, Փարամաքիի և Խնածախ գյուղի մերձակայքում:

Մենք Շուշիի տարածքը քարտեզի վրա բաժանեցինք երեք մասի, և համազարկերով կրակ բացվեց այդ հատվածներին` հնարավորինս ավելի մեծ տարածք խոցելու նպատակով: Նշանակետերի վրա աշխատում էին բոլոր կայանքները: Բարդությունն այն էր, որ Դ-30 հրանոթի արկերի մի մասը «Շրապնել» էր՝ Շ-1 արկեր, որոնք լցված են ասեղնաձև խոցող տարրերով և կարող էին խոցել նաև մերոնց: Սակայն նույնիսկ համապատասխան կրակային աղյուսակների բացակայության պայմաններում մեր հրետանավորները կարողացան դիպուկ կրակ վարելով` չվնասել յուրայիններին:

Հարձակման հրետանային աջակցության ընթացքում կարևոր խնդիր էր նաև Ղազանչեցոց եկեղեցին չվնասելը: Հրետանավորները նշանակետերը հստակ դիտարկելու, ինչպես նաև ռազմամթերքը խնայելու նպատակով Դ-30 հրանոթները դուրս բերեցին կիսաուղիղ նշանառության համար պիտանի դիրքեր: Շատերը թեև անփորձ էին, սակայն ջանք ու եռանդ չէին խնայում` արագ ու դիպուկ կրակ վարելու համար. նշանառուներից մեկի ականջից հզոր ձայնային ալիքի պատճառով արյուն էր հոսում (ականջները չէր փակում):

Սերգեյ Ոսկանյանի հաշվարկը մեկ հաուբիցով գործում էր Ստեփանակերտ-Շուշի մայրուղու վրա, «26»-ի ուղղությունից, և առաջանում ինքնապաշտպանության ուժերի հետևից՝ հարկ եղած դեպքում աջակցելով գրոհող մարտիկներին: Դավիթ Սաֆարյանի հաշվարկը Ֆելիքս Գզողյանի կանչով տեղափոխվել էր Սղնախի մերձակայքը` Լաչինի ուղղությամբ գործող հայկական ստորաբաժանումներին կրակային աջակցություն ցուցաբերելու համար: Այդ օրը հաուբիցները կրակեցին շուրջ 150 արկ (մեծամասամբ՝ Շ-1 տիպի):

Ե՛վ օպերատիվ մտահղացման, և՛ հրետանային առումով Շուշիի ռազմագործողության ժամանակ ամենակարևորը հանկարծակիությունն էր: Մարտավարությունը պահանջում էր, որ հրետանին արագ և վարժ գործեր` մարտիկների առաջխաղացումը դեպի քաղաք ապահովելու համար:

Գեորգի Գասպարյանը` «Գրադ Ժորան» (հետագայում` գեներալ-մայոր, ՊԲ հրետանու պետ, Արցախի հերոս), ով ղեկավարում էր համազարկային կրակի ռեակտիվ հրետանու գործողությունները, ժամը 2:30-ին կրակի հրաման տվեց, երեք արկ արձակվեց քաղաքի ստորին հատվածի վրա, դիտակետից հաղորդվեց «Լավ է», և վայրկյանների ընթացքում 17 հրթիռ արձակվեց նույն ուղղությամբ: Այնուհետեւ նմանատիպ կրակ բացվեց քաղաքի վերին մասի վրա: Այլ ուղղությամբ հարձակման տպավորություն ստեղծելու նպատակով, ավելի քան մեկ ժամ ականանետային կրակ էր վարվում Ջանհասանի վրա: Երեք 120մմ և հինգ 82մմ ականանետների ստորաբաժանումը ղեկավարում էր Մամիկոն Միրզաբեկյանը:

«Գրադի» առաջին համազարկը տրվեց հրկիզող 40 հրթիռներով, որոնք հրդեհի օջախներ առաջացրին Շուշիում` խուճապի մատնելով այնտեղ գտնվողներին: 40 հրթիռ արձակած առաջին մեքենան պետք է վերալիցքավորվեր: Եվ ընդամենը 7 րոպեում այն վերալիցքավորվեց իմ, Սերգեյ Վարդանյանի, Սևակ Ֆարսյանի, Շուրա Ավագյանի, Սամվել Աբրահամյանի և մյուս մարտիկների համատեղ ջանքերով (մեկ հրթիռը կշռում է 67 կիլոգրամ): Մեր կրակելուց անմիջապես հետո մեր ուղղությամբ արձակվեց թշնամու միակ հրթիռը, որը որևէ վնաս չտվեց, բայց Գեորգի Գասպարյանը կայանքը չվտանգելու նպատակով անմիջապես հրամայեց տեղափոխվել պահեստային կրակային դիրք, ու երբ արդեն տեղակայվել էինք պահեստային դիրքում, թշնամին «Գրադ»-ի 20 հրթիռ արձակեց մեր նախկին դիրքի ուղղությամբ: Մեքենայի լույսերը մարած՝ մեկնեցինք Խնածախ գյուղի շրջակայք: Մեկնելուց մեկ ժամ անց Սերգեյ Հարությունյանի կայանքն էլ բերվեց, և սկսեցինք կրակով օգնել գրոհողներին: Սերգեյը իրեն դրսևորեց որպես խելացի և հմուտ հրամանատար: Չնայած զինամթերքի սակավությանը` Գեորգի Գասպարյանը կարգադրեց Աղդամի վրա 40 հրթիռ արձակել, որպեսզի ադրբեջանցիները շեղող հարձակում ձեռնարկելու հնարավորություն չունենան: Երբ Կապուտանից կրակելուց հետո կայանքը տեղափոխվել էր Խնածախ, թշնամու երեք ՄԻ-24 ուղղաթիռներ հրթիռային հարված հասցրին մեր նախկին կրակային դիրքին և հրամանատարական դիտակետի մերձակայքին: Շուտով Սեյրան Օհանյանը հրետանավոր պահանջեց` ռազմավար վերցված ԿՍ-19 հրանոթը գրոհի ուղղությամբ կիրառելու համար: Մինչ որոշեցինք, որ ես գնամ, կապվեցին ու ասացին, որ տղաներն արդեն «առաջ ենք շարժվել»: Ծավալուն գործողություն էր, և դժվար էր ամեն ինչ նախատեսել ու պլանավորել:

Մեր հրետանային նախապատրաստությունը կատարյալ անակնկալ էր ադրբեջանցիների համար: Թշնամին հիմնականում կրակում էր բանտի մերձակայքից, որին Քարինտակի կողմից խփում էինք ԿՍ-19 հրանոթով: Շուշիի վրա ընդհանուր առմամբ արձակվել է ԲՄ-ի մոտ 240 հրթիռ: Վերջին հրթիռները Ջանհասան-Քոսալար գյուղերի ուղղության հրամանատար Սեյրան Օհանյանի պահանջով կրակեցինք Շուշիից Լաչին տանող ճանապարհին գտնվող էլեկտրակայանի մոտ կուտակված հակառակորդի ուժերի վրա:

Բերդաքաղաքը հանձնելիս թշնամու տանկերն ու հրետանին հասցրել էին հեռանալ, և ռազմավար մնաց ընդամենը վեց հրետանային կայանք: Ս.Ղազանչեցոց եկեղեցում «Գրադի» 640 հրթիռներ էին մնացել` իրենց արգելակային շրջանակներով և պայթուցիչներով, ևս 200-ը` գիշերօթիկ ու երաժշտական դպրոցներում, 150 արկղ 82մմ և 20 արկղ 120մմ ականանետների արկեր կային Ջանհասանում ու Քոսալարում… Շուշիից մի քանի հազար հրթիռ ու արկ հանեցինք: Ժողովուրդը տոնում էր հաղթանակն ու փրկությունը, իսկ մենք բեռնատարներով օր ու գիշեր հրթիռներ էինք տեղափոխում, պահեստավորում, սպասարկում: Մենք մինչ այդ երբեք այդքան արկեր ու հրթիռներ չէինք տեսել:

Մեր ունեցած առավել քան փոքրաքանակ հրետանին կարևոր դեր խաղաց Շուշիի ազատագրման գործում: Փառք ու պատիվ մեր հրետանավոր սպաներին ու զինվորներին ու բոլոր այն կամավորներին, ովքեր անհավատալի արագությամբ յուրացնելով հրետանային գործի բավականին բարդ գիտելիքները, իրենց բացառիկ նվիրումով մեծապես նպաստեցին Շուշիի ազատագրմանը` ցույց տալով հայ մարտիկի կամքի ուժն ու ոգու զորությունը:

ՎԱԼԵՐԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
գնդապետ,
ՀՀ ԶՈՒ Հրթիռային զորքերի և
հրետանու վարչություն

Խորագիր՝ #04 (920) 02.02.2012 – 08.02.2012, Պատմության էջերից


08/02/2012