ԿԱՐԾԻՔՆԵՐ ԲԱՆԱԿՈՒՄ ԿԱՆԱՆՑ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Միշտ հիացել եմ զինվորական կանանց անձնվիրությամբ: Հայ կինը սովոր է օջախի կրակը վառ պահել, տանը ստեղծել հարմարավետություն, խնամել ամուսնուն, զավակներին, դառնալ իր ընտանիքի ամրության շաղախը: Դրան հավելել Հայրենիքի պաշտպանությունը պարզապես սխրանք է, հերոսություն: Քույրս արդեն երկար տարիներ ծառայում է զորամասերից մեկում: Իր օրինակով համոզվել եմ, որ ծառայությունը մեծ ջանք է պահանջում: Տեսել եմ քրոջս անվերապահ նվիրումը իր աշխատանքին, պատասխանատվությունը և ծառայությանն ամեն բան ստորադասելու պատրաստակամությունը: Միևնույն ժամանակ, ապշել եմ, թե այդպիսի ծանրաբեռնվածության պայմաններում նա ինչպես է կարողանում չկորցնել իր կանացիությունը ու լավագույնս կատարել պարտականություններն ընտանիքում:
Որպես մայր՝ իմ ամենամեծ երազանքն է, որ երկու զավակներս պիտանի լինեն Հայրենիքին: Հայրենիքը ծնող է, ու նրա պաշտպանությունը բոլոր զավակների սրբազան պարտքն է, լինի դուստր, թե որդի՝ այս հավատամքով եմ դաստիարակում երեխաներիս: Եվ ուրախ եմ, որ իմ խոսքն առարկայանում է կենդանի օրինակներով: Ես ստեղծագործում եմ, ու ոչինչ ինձ այնպես չի խանդավառում, որքան ձիգ, ինքնավստահ, ուժեղ, կոկիկ զինվորական կինը: Բանակի համազգեստով կին տեսնելիս իմ հոգում հույսի երգեր են ծնվում՝ ձոնված Հայրենիքիս…
Մի գրկաչափ հող է, գրկել չի կարելի,
Ծիլ չտվեց, հոսեց ավազ որպես,
Քանի՜ հարված հասավ. ծնկել չի կարելի,
Պետք է լինել, հառնե՛լ Փյունիկի պես…
Դիանա Մելիք-Սարգսյան
բանաստեղծուհի
***
Ես երկու որդի ունեմ: Կրտսերը 10 տարեկան է, ավագը՝ 19, ժամկետային զինծառայող է, չորս ամիս առաջ է զորակոչվել: Միշտ էլ կարևորել եմ բանակի բացառիկ դերը մեր ժողովրդի ու պետության կյանքում, միշտ էլ մտածել եմ, որ զինվորական պարտքը կատարելը տղամարդու ամենակարևոր ու անխուսափելի պարտականությունն է: Զինվոր, սպա, հրամանատար ասելիս տղամարդ եմ պատկերացրել, միևնույն ժամանակ, յուրատեսակ ակնածանք եմ ունեցել համազգեստով կանանց հանդեպ: Կնոջ ուժը յուրահատուկ է, որովհետև միաձուլված է գթասրտությանը, քնքշանքին, նրբանկատությանը: Երբ զինվոր որդուս հարցրի՝ արդյոք հրամանատարների մեջ կանայք կա՞ն, շատ էի ուզում դրական պատասխան ստանալ: Ուզում էի, որ տղայիս հրամանատարներից մեկնումեկը կին լիներ: Շտապեմ ասել, որ որդիս արագ հարմարվեց բանակային կյանքին ու շատ գոհ է իր հրամանատարներից, այդուհանդերձ… Կինը մայր է, քույր է, նրա աչքերը նկատում են բաներ, որ տղամարդը չի կարող տեսնել: Կինն ավելի կարեկից է, ավելի զգայուն, ավելի դիտողունակ: Իմ կարծիքով՝ կնոջ ներկայությունը բանակում հարաբերություններն ավելի մեղմ ու հավասարակշիռ է դարձնում:
Առաջին հայացքից կարող է թվալ, որ կին հրամանատարը չի կարող տղամարդու պես «կառավարել» զինվորներին, նրան չեն լսի, չեն ենթարկվի, բայց, իմ կարծիքով, ճիշտ հակառակն է. այստեղ վճռորոշ դեր ունի հարգանքը միմյանց նկատմամբ:
Վստահ եմ՝ բանակում կանանց ներգրավվածությունը մեծացնելու որոշումը կյանքի կոչելիս կբացահայտվեն այդ գաղափարի բոլոր առավելությունները, և ութ տարի անց, երբ արդեն կրտսեր որդիս զորակոչվի, զորքերում ծառայող կանայք ավելի շատ կլինեն:
Արփինե Խաչատրյան
զինվորի մայր
Պատրաստեց ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆԸ
Խորագիր՝ #21 (1534) 14.06.2024 - 21.06.2024, Բանակ և հասարակություն