ԿԱՄՔ ՈՒ ՆՎԻՐՈՒՄ
Հատուկ գործողությունների ստորաբաժանման զինծառայողները ամենաբարդ իրավիճակներում արագ և հմտորեն կատարում են մարտական խնդիրը: Նրանք լինում են ամենաթեժ կետերում, ծառայում են հայրենիքին առանց փառքի իրավունքի:
Ծառայության այս տեսակը շատերին է գրավում: «Պաշտպան հայրենյաց» ծրագրի ձևաչափն ընտրած զինվորների հերթական խումբը ցանկություն է հայտնել ծառայելու հատուկ նշանակության ստորաբաժանման կազմում: Նրանք վարժվել են իրենց գործում, այժմ էլ պատրաստվում են ցուցադրական գործնական պարապմունքին։ Մինչ մեկնարկը, նրանք ևս մեկ անգամ հրահանգավորվում են իրենց անելիքների վերաբերյալ։ Հրահանգիչ սպան ներկայացնում է խմբային վարժանքի սցենարով նախատեսված քայլերի հաջորդականությունը՝ շեշտադրելով արագ, հմտորեն ու ներդաշնակ գործելու նախապայմանը։
-Ներկայացնում ենք մեր մարտավարական, ֆիզիկական հմտությունները՝ զենքով և առանց զենքի, ձեռնամարտի հնարքների տիրապետելը: Վարժանքի ընթացքում կիրառում ենք անօդաչու թռչող սարքեր, որոնցով հնարավոր է իրականացնել թե՛ հետախուզություն, թե՛ հարվածային գործողություններ: Ցանկացած միջոցառում կհաջողի, եթե կա անձնակազմի ներդաշնակում: Պարապմունքների ընթացքում զարգացնում ենք կրակային, ֆիզիկական պատրաստությունը, մասնագիտական և մարտավարամասնագիտական կարողությունները: Նշեմ, որ զինված ուժերում անցկացվող ատեստավորման գործընթացը նույնպես նպաստել է մարտական պատրաստության արդյունավետության բարձրացմանը: Մեզ մոտ ծառայելու համար հարկավոր է զինծառայողի կամքը, նվիրումը աշխատանքին:
Վարժանքի սցենարով նախատեսված խնդիրները մի քանիսն են՝ գրոհային ստորաբաժանումների գործողություններից մինչև օդային զննության շրջանների հետախուզում։ Պետք է գործել համաչափ ու առավելագույնս ներդաշնակ։ Միայն այդ դեպքում առաջադրանքը կհամարվի կատարված։ Տղաներն այժմ պատրաստ են ցանկացած գործողության, իսկ մինչ այդ եղել են ամենօրյա քրտնաջան պարապմունքներ: Դժվարին, բայց միևնույն ժամանակ չափազանց հետաքրքիր մասնագիտությունը շատերին է գրավում իր խորհրդավորությամբ և հատուկ ու հույժ գաղտնի խնդիրներ կատարելու հանձնառությամբ։ Ու հենց այդ կարևոր առաքելությունն է տղաներից պահանջում մշտապես լինել պատրաստված, ամեն օր կոփվել ու զարգացնել մարտավարական հմտությունները, ունենալ ուժեղ կամք՝ հաղթահարելու ցանկացած դժվարություն: Վարժանքի մասնակիցները ժամկետային ծառայության առաջին ամիսների ընթացքում որոշել են հետագա ծառայությունը շարունակել պայմանագրային հիմունքով՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով։ Հոգեբանորեն պատրաստ, համարձակ և կամային բարձր որակներ ունեցող տղաներին գրավել է հատուկ ստորաբաժանման մարտիկ լինելու, պատվաբեր ծառայություն իրականացնելու գաղափարը, իսկ ծրագրի ընձեռած հնարավորություններն էլ ավելի են ոգևորել և բազմապատկել հայրենիքին ծառայելու պատրաստակամությունը։
Չենք տեսնի այս տղաների դեմքերն ու դիմագծերը, չենք լսի նրանց անունները, բայց վստահ ենք՝ նրանք նվիրված են իրենց հայրենանվեր գործին, ամեն օր ու յուրաքանչյուր պահի պատրաստ են կատարելու ցանկացած խնդիր:
-Ամեն ինչ անում ենք, որ օրեցօր ավելի զարգանանք, կոփված, պատրաստված լինենք ու կարողանանք օգնել մեր հայրենիքին: Դժվարություններ, ինչպես ամեն գործում կան, բայց մենք փորձում ենք հաղթահարել դրանք՝ քաջ գիտակցելով, որ մեր հայրենիքն առաջնային է: Կարևոր է նաև, որ կարող եմ օգնել ընտանիքիս ֆինանսապես:
-Ընտրել եմ հատուկ գործողությունների ստորաբաժանումը, որովհետև այստեղ ավելի շատ բան եմ սովորում, քան մյուս ստորաբաժանումներում կարող եմ սովորել: Վարժվում, կոփվում ենք, պատրաստ ենք ամեն տեսակի խնդիր կատարելու: Լինելով «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառու, ամեն ինչ անելու եմ, որ իմ առջև դրված խնդիրները կատարեմ գերազանց: Ծրագիրը հնարավորություն է տալիս ոչ միայն ծառայելու հայրենիքիս, այլև բուհում կրթությունս շարունակելու: Ֆինանսական առումով նույնպես օգտակար ծրագիր է, տալիս է շատ առավելություններ ու արտոնություններ: Հետագայում մտադիր եմ շարունակելու ծառայությունս որպես հատուկ նշանակության զորամասի սպա:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ
Խորագիր՝ #21 (1534) 14.06.2024 - 21.06.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում