Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԺԻՇԿՆԵՐՆ ՈՒ ՕԴԱՉՈՒՆԵՐԸ



1990թ.

Սահմանամերձ շրջաններից յուրաքանչյուրում պատերազմը սկսվեց յուրովի՝ սպանված հովվի, նրան հաց տանող տղայի, քարկոծված կամ դարանից գնդակոծված մեքենայի վիրավոր ուղևորների տեսքով: Նման դեպքերի հաճախանալուն և սահմաններում զինված հերթապահությանը զուգընթաց շրջանային բուժմիավորումներում ու Երևանի կլինիկական հիվանդանոցներում աստիճանաբար ուրվագծվեց բուժաշխատողների այն շրջանակը, որի հիմքի վրա մեկ երկու տարի անց ձևավորվեց զինվորական բժիշկների կորպուսը:

Ինքնապաշտպանական ջոկատների մեծ մասում սովորաբար լինում էր բժշկական գործից փոքրիշատե հասկացող մի մարտիկ, ով ցուցաբերում էր առաջին բուժօգնությունը, մինչև վիրավորին հասցնում էին շրջանային հիվանդանոց: Սկզբնական շրջանում «ջոկատի բժիշկն» էր ինքնուրույն որոշում ընդունում ու հրամանատարին ասում, թե շտապ ինչ մասնագետ է անհրաժեշտ, ու հրամանատարը կապվելով Երևան` պահանջում էր, հետո պարզվում էր, որ որոշումը սխալ է, կամ կարող էին տեղում էլ օգնել: Եվ սկզբունքային որոշում ընդունվեց Երևանից մասնագետներ ուղարկել միայն շրջանի գլխավոր բժշկի պահանջով, ինչի շնորհիվ հնարավոր եղավ խուսափել մեծ թյուրիմացություններից, ողբերգություններից և ուժերի ու միջոցների անիմաստ վատնումից:

Ծավալվող պատերազմի պայմաններում բուժապահովման կազմակերպումն ունեցավ իր յուրահատկությունները. եթե մինչ կանոնավոր զինված ուժերի ստեղծումը սահմանների պաշտպանությունը ստանձնեցին կամավորական ջոկատները, ապա ռազմաբժշկական գործի կազմակերպումը՝ քաղաքացիական առողջապահության համակարգը:

Բժիշկներից շատերի համար պատերազմը բացահայտեց մասնագիտական նոր իրողություններ. պարզվեց, որ հրաձգային վերքերից մի քանի ժամ անց գազային գանգրենա է առաջանում, որ մի քանի վիրավոր լինելու դեպքում առաջին հերթին պիտի բուժօգնություն ցույց տալ ոչ թե ծանր վիրավորին, այլ նրան, ում ապրելու հավանականությունն ավելի մեծ է, որ պատերազմի ժամանակ օրգանիզմի դիմադրողականությունը կտրուկ մեծանում է, իսկ հետո նույնքան արագ ընկնում…

Սահմանամերձ շրջանների հիվանդանոցները չունեին պատերազմական իրավիճակում գործելու պայմաններ: Սակայն կար կադրային բարձրակարգ ներուժ և մահճակալներով ու սարքավորումներով բարձր ապահովվածություն ունեցող բուժհիմնարկների հզոր ցանց: Վիճակը բարվոք չէր միայն ամենահեռավոր՝ Մեղրիի, Վարդենիսի և Նոյեմբերյանի շրջաններում:

Ի տարբերություն Հայաստանի, Արցախում բոլորովին այլ վիճակ էր. հիմնականում մնացել էին տարեց, ինչպես նաև փոքրաթիվ երիտասարդ բժիշկներ: Հայաստանցի բժիշկների մուտքն Արցախ արգելված էր: Փոխարենը խրախուսվում էին ադրբեջանցիների նշանակումները: Եվ նրանց հեռանալով կադրային խնդիրն ավելի սրվեց: Շատ վատ էր զարգացած ու Հայաստանի ոչ մի շրջանի հետ համեմատելի չէր շրջանների բժշկական ու բժշկատեխնիկական հիմնարկների ցանցը, նյութատեխնիկական բազան…

Բուժհաստատությունները գտնվում էին հարմարեցված շինություններում, ունեին հին ու աղքատիկ գույք և սարքավորումներ: Արցախի առողջապահական համակարգը շրջափակման ու զինված հակամարտության պայմաններում լոկ սեփական ուժերով անկարող էր իրականացնել բնակչության ու կամավորականների բուժսպասարկումը, առավել ևս, որ եղած աղքատիկ ցանցն էլ հրետակոծումներից ավերվում էր: Եվ Արցախ մեկնող կամավոր մարտիկներին շուտով գումարվեցին նաև կամավոր բժիշկները:

Բայցևայնպես, անհետաձգելի վիրաբուժությունը Ղարաբաղում բարձր մակարդակի վրա էր, Վալերի Մարության, Արշավիր ու Վարդան Ղուկասյաններ, Եղիշե Ֆահրամանյան… Կար նաև համեմատաբար երիտասարդ բժիշկների սերունդ՝ Սամվել Գևորգյան, Վլադիմիր Մուսայելյան, Բորիս Դանիելյան, Սերգեյ Մովսիսյան… Արցախում ռազմական բժշկության հիմքը նրա՛նք դրեցին:

♦♦♦

Արցախի շրջափակումը ճեղքում էին միայն քաղաքացիական ավիացիայի՝ ո՛չ զրահ, ո՛չ սպառազինություն և ո՛չ էլ անհրաժեշտ մանևրունակություն ունեցող մի քանի սակավուժ ուղղաթիռների օդաչուները, ովքեր իրապե՛ս մահապարտներ էին:

Եվլախից ավիադիսպետչերը հուսահատ գոռում էր, թե` մեր տարածք եք մտել, դո՛ւրս եկեք, ինքն էլ հասկանալով, որ անզոր է սարերի ու ձորերի կամ հոծ ամպամածության միջով ցածր բարձրություններում գերբեռնված ուղղաթիռներ վարող հայ օդաչուների դեմ, հրաժարվում էր եղանակային կամ անհրաժեշտ այլ տվյալ հաղորդել… Բայց Հայքաղավիացիայի օդաչուները շարունակում էին չարտոնված ու նաև օդագնացության բոլոր կանոններով արգելված թռիչքները, որի դիմաց երկինքը հետո հատուցում էր պահանջելու, մեզնից տանելով Հրայր Կիրակոսյանին, Ջամբուլատ Մուրադյանին, Էդուարդ Խաչիկյանին, Գառնիկ Դանիելյանին, Արթուր Մկրտչյանին, Մկրտիչ Ավդալյանին, Իգոր Հակոբյանին, Արամ Գրիգորյանին, Հովսեփ Միքայելյանին…

Երբ երկինքն ամպել էր, կամ մառախուղը փակում էր ամեն ինչ, այնժամ օդ էին բարձրանում Հայաստանի քաղաքացիական ավիացիայի օդաչուները և իրենց փոքրիկ ու սակավուժ գերբեռնված ուղղաթիռներով ալյուր, փամփուշտ, դեղորայք ու լամպի նավթ հասցնում Արցախի, Շահումյանի շրջանի ու Գետաշենի ենթաշրջանի պայքարող բնակիչներին` այնտեղից Հայաստան բերելով վիրավորներին:

Հայաստանում այդ ժամանակ կար 15 ուղղաթիռ, որոնցից սակայն միայն հինգն էին նախատեսված փոխադրական խնդիրներ կատարելու համար: Նրանցից, ըստ ԽՍՀՄ բաշխման, Հայքաղավիացիայինն էին չորսը: Այս թվաբանությունը ժամանակը կսրբագրի. երեք մեքենա վթարի կենթարկվի, երկուսին Ստեփանակերտի օդանավակայանում ներքին զորքերի օգնությամբ կտիրանան ադրբեջանցիները, որոնցից մեկը շուտով կոչնչացվի հայ մարտիկների կողմից:

Դա կլինի հետո, իսկ անվտանգության կանոնների մասին առայժմ ոչ ոք չէր հիշում: ԼՂՀ, Շահումյան ու Գետաշեն թռչելիս առաջնորդվում էին ոչ թե թռիչքային համընդհանուր կանոններով, այլ կատարում այն, ինչն իրենց հատկապես սովորեցրել էին… չկատարե՛լ: Ուղղակի, տա Աստված, որ այլևս ոչ ոք չիմանա, թե ինչ է նշանակում հատակին լցված ամենատարբեր արկերով և նրանց վրա ոտքերն ու զենքը հենած կամավորներով լեցուն և գերբեռնվածության հետևանքով դժվարությամբ օդ բարձրացող ՄԻ-8-երով Վայոց ձորի ու Սյունիքի սահմանագլուխն անցնել եւ թռչել Իշխանասարի վրայով, Գյուլիստանի լեռնանցքով…

Ամենուր շուրջ 2000 մետր բարձրության լեռնագագաթներ էին, եւ պետք էր թռչել գագաթից 700 մետր բարձրության վրա: Բայց այդ դեպքում ուղղաթիռների ոչ միայն մանևրունակությունը, այլև շարժիչների հզորությունն էր կորչում և ստիպված հնարավորինս ցածր էին թռչում: Բացի այդ, լեռներում շատ ցածր ու 220-230կմ/ժ արագությամբ թռչելիս շարժիչի ձայնն այնպես է արձագանքում, որ հակառակորդը չէր հասցնում որոշել ուղղաթիռի գտնվելու վայրը: Բայցեւ գտնվում էին հրաձգային զենքերի, անգամ կարաբինի կրակի հասանելիության գոտում, և եթե յուրաքանչյուր գնդակ վառելիքի տարողություններին դիպչեր… Եվ եթե այլ երթուղով կամ լավ եղանակին թռչեին, կնկատվեին, ու ստացվում էր փակ շրջան, որի դեպքում միակ փրկությունը… արգելված գոտի մտնելն էր:

ՄԻ-8-երն ունեն մինչև հինգ տոննա բեռնատարողություն, իսկ բարձրադիր վայրերում, երբ օդի խտությունը նվազում է, նվազեցնելով նաև մեքենայի հզորությունն ու մանևրունակությունը, թույլատրվում է առավելագույնը երեք տոննա բեռ վերցնել: Ու թեև, օդանավակայանը ծովի մակերևույթից 2000 մետր բարձր է տեղակայված, մեկ է` բոլոր թռիչքներն էլ «չորսուկես տոննայանոց» էին: Նման թռիչքների համար գոնե 300-400 մետրանոց թռիչքուղի է պետք, որպեսզի ուղղաթիռը, արագություն հավաքելով, ինքնաթիռի պես օդ բարձրանա, այնինչ Արցախի «թռիչքահրապարակներում» երկու ուղղաթիռ հազիվ էին կողք կողքի կանգնում:

Այլ ելք չկար, ու թռիչքները շարունակվում էին…

ՏԻԳՐԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #04 (920) 02.02.2012 – 08.02.2012, Պատմության էջերից


08/02/2012