ԹՈՂ ՀԱՎԵՐԺԻ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ
Ես ծնվել եմ զինվորականի ընտանիքում։ Աչք եմ բացել ու զինվորականներ տեսել։ Հայրս՝ Մաթեւոս Ղազարյանը մասնակցել է Սարիղամիշի, Սարդարապատի ճակատամարտերին։ Նոր Բայազետում, Էջմիածնում, Երեւանում որպես զինկոմ է աշխատել։ Հայրենական Մեծ պատերազմի սկզբնական շրջանում Երեւանի քաղաքային պաշտպանության շտաբի պետն էր, աշխարհազորային առաջին գումարտակի հրամանատարը։ Հետո մեկնեց ռազմաճակատ, կռվեց Կերչում։ Ես էլ էի որոշել զինվորական դառնալ եւ հենց այդ ժամանակ սովորում էի Կրասնոդարի ականանետային գնդացրային ուսումնարանում, որտեղից էլ կամավոր մեկնեցի ճակատ։ Կռվել եմ Դոնբասում։
Քայլեցինք պատերազմի փոթորկուն ճանապարհներով։ Ու այս սարսափազդու ճանապարհներին բազմաթիվ մարտական ընկերների կորցրինք, կորցրինք հարազատների, սակայն, փառք Աստծու, հաղթեցինք ֆաշիստներին։ Հաղթեցինք՝ հավատալով ու վստահ լինելով, որ գալիք սերնդին ենք կտակում խաղաղ երկինք ու խաղաղ հող։ Պատերազմի դառնությունն ու ցավը ճաշակած մարդու համար խաղաղությունը սուրբ է ու կյանքից կարեւոր։
…Սակայն աշխարհն էլի խառնվեց։ Այս անգամ վտանգված էր մեր հայրենի հողի անդորրը։ Հայաստանի սահմանային գրեթե բոլոր հատվածներում թեժ մարտեր էին ընթանում։ Պատերազմ էր… Եվ պատերազմական այս խառն ու ծանր, օրհասական ժամանակներում ծնվեց մեր բանակը՝ հայկական, հայաշունչ, հայադրոշ, ու հայ զինվորը անարգ թշնամուն ցույց տվեց իր բազկի եւ զենքի ուժը։ Այս թշնամուն էլ հաղթեցինք, սակայն անդառնալի էին մարդկային կորուստները։ Ես՝ Հայրենական մեծ պատերազմի վետերանս, ալեզարդ գլուխս եմ խոնարհում մեր ազգի հերոս տղաների հիշատակի առջեւ. հայրենիքին կյանքը նվիրաբերած քաջորդիների հիշատակն անմար է։
Այսօր մենք արդեն ունենք 20-ամյա բանակ։ Եվ ես, որպես նախկին զինվորական, որպես մանկավարժ (երկար տարիներ դասավանդել եմ Երեւանի տարբեր դպրոցներում եւ բուհերում), որպես հայ չեմ կարող չուրախանալ եւ չհպարտանալ այս իրողությամբ։ Անսահման հպարտ եմ մեր բանակով, հպարտ եմ նրա բոլոր ձեռքբերումներով ու նվաճումներով, սակայն սիրտս անչափ ցավում է, երբ լսում եմ մեր բանակի թերությունների ու վրիպումների մասին։ Լիահույս եմ, որ մեր բանակը կմաքրվի կեղծ հայրենասերներից, բոլոր նրանցից, ովքեր արատավորում են բանակի պատիվը. բանակը նվիրյալների տեղն է։
Դիմում եմ ձեզ՝ հայոց բանակի հրամանատարներ եւ զինվորներ, հիշե՛ք, ձեր ձեռքերում է մեր հողի ճակատագիրը։ Պահպանեք ու պաշտպանեք մեր այս մի բուռ հողի խաղաղությունը։
Թող ամբողջ աշխարհում հավերժի խաղաղությունը։
ՍՈՒՐԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ
Պահեստի մայոր
ՀՀ նկարիչների միության պատվավոր անդամ