ՓՈՂՈՑԸ` ՀԵՐՈՍԻ ԱՆՈՒՆՈՎ
Արարատ քաղաքում տոնական օրն սկսվեց դրան համահունչ միջոցառմամբ: Հինավուրց քաղաքի Երկաթուղայինների փողոցը վերանվանվեց ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի անվամբ: Միջոցառմանը ներկա էին հերոսի տիկին Ռուզաննա Գորգիսյանը, որը նաև «Մ. Գորգիսյան» հիմնադրամի ղեկավարն է, ինչպես նաև նրա անունը կրող դպրոցի և Արարատի մանկապարտեզի սաները, երաժշտական և հանրակրթական դպրոցների կոլեկտիվները:
Քաղաքապետի տեղակալ Ադիբեկ Խուրշուդյանը, շնորհավորելով ներկաներին, հանդիսավորությամբ կարդաց ավագանու որոշումը` փողոցի անվանակոչության և փողոցի սկզբնամասում հերոսի հուշաքարը տեղադրելու մասին: Ապա Ռուզաննա Գորգիսյանը և քաղաքապետ Աբրահամ Բաբայանը բացեցին հուշաքարը, որը ողողվեց ծաղիկներով: Դրան հետևեց հուշաքարի օրհնումը և լռության րոպեն:
Իր ելույթում Արարատի քոլեջի տնօրեն Վազգեն Մովսիսյանը մեկ անգամ ևս ընդգծեց ազատամարտիկների դերը ազգային բանակի ստեղծման գործում: Ռուզաննա Գորգիսյանը, խորապես հուզված, խոստովանեց` սիրում է այն հողը, որի համար նահատակվեցին Մովսեսը և նրա նմանները:
Հայ-կազակական բարեկամության և համագործակցության միավորման Արարատի մարզային կառույցի ատաման Էդիկ Բադալյանը օրվա կապակցությամբ պատվոգրեր հանձնեց Արարատի քաղաքապետին, Գորգիսյանի տիկնոջը և ուրիշների` շնորհակալություն հայտնելով սերունդներին հայրենասիրությամբ դաստիարակելու և հայրենիքի նվիրյալներին փառաբանելու համար:
ՔՐԻՍՏԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Խորագիր՝ #04 (920) 02.02.2012 – 08.02.2012, Բանակ և հասարակություն