Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՆԱԿԻ ՏՈՆԸ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ



Անդրանիկ Օզանյանի անվան զորամասը ՀՀ բանակի 20-րդ տարեդարձն սկսել է նշել հունվարի 26 – ից, տարեդարձի առթիվ զորամասի սպաներն ու սերժանտներն արժանացել են ՀՀ ՊՆ հոբելյանական հուշամեդալների: Տոնի առթիվ զորամաս են այցելում հյուրեր` այդ թվում տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, ծնողներ, զորամասի նախկին զինծառայողներ: Սպասվում է «Սյունյաց արծիվներ» ՀԿ-ի, ԵԿՄ անդամների այցելությունը:

Հունվարի 28 -ին զորամասում համերգներով հանդես եկան մայրաքաղաքի երաժշտական համույթները, անհատ կատարողները, զորամասի ինքնագործ խումբը: Ծրագրված էին ազգային պարերի, ռազմահայրենասիրական երգերի, հայրենաշունչ բանաստեղծությունների կատարումներ, ներկայացվեցին նաև երգիծական մանրապատումներ:

Այդ օրը զորամասում սպասված հյուրեր էին նաև մայրաքաղաքի և Ջրաշեն համայնքի դպրոցականները: Նրանք ևս զինվորներին ուրախացրին իրենց ուժերով կազմակերպված համերգներով: Զինվորների համար տոնական օրվա ուրախությունը կրկնապատկվեց խրախուսանքներով` շնորհակալագրերով, պատվոգրերով, ծնողներին ուղարկված շնորհակալական նամակներով, կարճաժամկետ արձակուրդներով: Տարեդարձի կապակցությամբ կազմակերպվեց տոնական ճաշկերույթ:

♦♦♦

Զորամասում տոնական միջոցառումն սկսվեց հանդիսավոր տողանով: Զինվորներին շնորհավորելու էին եկել Արարատի մարզպետի տեղակալ Սամվել Մինասյանը, Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանը, մարզային և քաղաքային կառույցների աշխատողներ, Արտաշատի ԵԿՄ-ի անդամներ, դպրոցականներ` զինղեկների, դպրոցների տնօրենների գլխավորությամբ:

Զորամասի հրամանատար, փոխգնդապետ Գ. Մովսիսյանը հյուրերին և զինվորներին ողջունելով և շնորհավորելով համազգային տոնի կապակցությամբ, ասաց, որ հայոց բանակը հառնել է Արցախյան պատերազմի բոցերից, կայացել բազմաթիվ նահատակների կյանքի գնով: Ահա թե ինչու յուրաքանչյուր զինվոր պիտի ունենա ազգային մտածելակերպ և ոգի, առանց որոնց անկարելի է պատկերացնել բանակի մարտունակությունը:

Հոգևոր սպասավոր սարկավագ Բաղդասարյանը կարդաց Վեհափառի շնորհավորական ուղերձը, որում մասնավորապես ասված էր. «Վասն անկախության Վարդանանց, Ղևոնդյանց, Սարդարապատի հերոսական մարտերը մղվել են այսօրվա համար: Բոլորիս պարտքն է ստեղծել արդար ներկա, փառապանծ ապագա»:

Միջոցառումը շարունակեց Գագիկ Մուրադյանը` փառապանծ բանակին ուղղված շնորհավորանքներով, ապա զինվորական հրամկազմին պարգևատրեց քաղաքապետի պատվոգրերով:

Զորամասի հրամանատարի պատվոգիր, ինչպես նաև «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանների արժանացան 7 զինվորներ:

Մարզպետի տեղակալ Սամվել Մինասյանը, շնորհավորելով զորամասին տոնի առթիվ, հիշատակեց նաև իր որդուն, որը նույնպես հայոց բանակի մարտիկ է: Նա ցանկացավ, որ վառոդի ծուխը չմթագնի խաղաղ առավոտները:

Աշակերտների համերգը փոխեց տոնական օրվա ընթացքը:

ՔՐԻՍՏԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Խորագիր՝ #04 (920) 02.02.2012 – 08.02.2012, Բանակ և հասարակություն


08/02/2012