ՄԵԿՆՈՒՄ ԵՆՔ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ
Մեր զորամասը իրականացնում է մարտական հերթապահություն` պահպանելով պետական սահմանի որոշակի հատված: Զորամասում մարտական հերթապահության կրումը բաժանվում է մի քանի փուլերի. նախ ընտրվում է անձնակազմը, ապա կատարվում է շարային ստուգատես, որի ժամանակ ստուգվում են զինվորին ամրակցված սպառազինության և տեխնիկայի սարքինությունը, մաքրությունը, զինվորի արտաքին տեսքը, պարտականությունների իմացությունը և այլն, ապա` մեկնում մարտական հերթապահության կրման վայրեր:
Մեկնումից առաջ մարտական հերթապահության ընդգրկված անձնակազմը շարվում է շարահրապարակում, որպեսզի զորամասի հրամանատարից ևս մեկ անգամ հրահանգ ստանա անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ: Զորամասի հոգևոր սպասավորը աղոթում է, որ Աստված զորավիգ լինի հայ զինվորին այս անչափ կարևոր ու պատասխանատու գործն իրականացնելիս: Այնուհետև անձնակազմը կատարում է պետական օրհներգը, ՀՀ ԶՈՒ օրհներգը և գնդի երգը, որին հաջորդում է արդեն մեքենաների շարասյուների մոտ անձնակազմի շարումը, երթի անվտանգության կանոնների հիշեցումը:
Մեքենաների շարասյան առջևից ընթանում է զորամասի հրամանատարի մեքենան, իսկ մնացած մեքենաները սահմանված արագությամբ միմյանց հետևից դուրս են գալիս և ուղղություն վերցնում դեպի մարտական հերթապահության կրման վայրեր: Զորամասի հսկիչ-անցագրային կետում մեքենաների շարասյունը ուղեկցում է զորամասի նվագախմբի ուրախ քայլերգը` որպես մարտական ոգու բարձրացման ևս մեկ կարևոր բաղադրիչ:
Մինչ տեղ հասնելը հրամանատարական կազմը ավագ պետերի հետ ևս մեկ անգամ ճշտում է մարտական խնդիրները:
Արդեն մարտական դիրքերում յուրաքանչյուր զինծառայող քաջ գիտակցում է իր առջև դրված խնդրի կարևորությունը` անառիկ պահել պետական սահմանը: Մարտական հենակետում ձևավորվում է զինվորական կոլեկտիվ, որը հիմնված է միայն ամուր ընկերության և համերաշխության վրա:
Վերջերս մարտական դիրքերում զինվորները կառուցել են խորհրդանշական աղոթատեղիներ կամ մատուռներ, որտեղ կարող են աղոթել, մոմ վառել:
ԱՐԹՈՒՐ ԻԽՏԻԱՐՅԱՆ
ջոկի հրամանատար
Լուսանկարները` ԱՇՈՏ ԵՐԱՄԻՇՅԱՆԻ