Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱԿՈՉ Է



ԶՈՐԱԿՈՉ ԷՀունիսի 24-ին մեկնարկել է ամառային զորակոչը: Ծանուցագրում նշված օրը զորակոչիկները ներկայանում են տարածքային ստորաբաժանում: Այստեղ ստուգում են նրանց փաստաթղթերը, այնուհետև բուժզննություն է կատարվում: Բժիշկները լսում են զորակոչիկների առողջական գանգատները, անհրաժեշտության դեպքում՝ ուղարկում լրացուցիչ հետազոտության:

Տարածքային ստորաբաժանման շրջակայքում տոնական տրամադրություն է:  Զինակոչիկներին ճանապարհելու են եկել ծնողները, հարազատներն ու ընկերները: Բոլորի գլխավոր մաղթանքն է՝ բարի ծառայություն ու բարի վերադարձ: Իրենց որդիներին ճանապարհող ծնողները հորդորում են լինել ուշադիր, զգոն, բարեխղճորեն կատարել հրամանատարների ցուցումները:

Զորակոչիկներին ճանապարհում են բարձր տրամադրությամբ, երգուպարով, ծափողջույններով:

Ուղղությունը ՊՆ կենտրոնական հավաքակայանն է: Այստեղ նույնպես բուժզննում են անցնում տղաները, ապա մանդատային հանձնաժողովի անդամները զրուցում են նրանց հետ, ստուգում գիտելիքները: Թեստավորման միջոցով որոշվում է, թե զորակոչիկը մասնագիտական ինչ հմտություններ ունի: Արդյունքում էլ որոշվում է՝ նա կզորակոչվի ուսումնական, թե այլ զորամաս:

Տղաները հերթով մոտենում են թմբուկին, վիճակահանությամբ ընտրում այն զորամասը, որտեղ անցկացնելու են ծառայությունը: Նրանք զինվորական համազգեստ են ստանում, ճաշում և մեկնում զորամասեր: Ժամեր անց արդեն հանդերձավորված զորակոչիկները կլինեն իրենց ծառայության վայրում, կսկսեն մարզվել ու պատրաստվել բանակային կյանքի ամենակարևոր իրադարձությանը՝ զինվորական երդման հանդիսավոր արարողությանը։ Նրանք արդեն պատրաստ են իրականացնելու հայրենիքի պաշտպանի առաքելությունը:

ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #22 (1535) 26.06.2024 - 3.07.2024, Ազգային բանակ


01/07/2024