Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՊԱՐՏ ԵՄ. ՈՐԴԻՍ ԲԱՆԱԿ Է ԳՆՈՒՄ



ՀՊԱՐՏ ԵՄ. ՈՐԴԻՍ ԲԱՆԱԿ Է ԳՆՈՒՄ«Այս նամակը գրում եմ սրտիս ամեն մի զարկով, գրում եմ մեծ հպարտությամբ, գրում եմ և ամեն բառի մեջ զգում քաջակորով տղերքի՝ մեր հայրենիքի պաշտպանների երակներում հոսող արյան եռքը, նրանց բազկի ուժը…

Մեր թև ու թիկունք զինվոր տղերք, դուք բոլորդ մեր վաղվա բացվող լուսաբացն ու նոր օրվա սկիզբն եք…

Տղե՛րք, գիտեմ, որ ամեն անգամ դիրքում կանգնելիս մտովի երգում եք՝ «Թռչեի մտքով տուն…», բայց եւ արծվենի հայացքով հսկում եք տարածքը…

Մենք ձեզանով ենք հզոր, մենք ձեզանով ենք կանգուն, զինվո՛ր տղերք…

Սիրո՜ւմ եմ, աղոթում ձեզ համար, մեր պաշտպաններ, ու ձեր ոգով մեծացնում երկու որդիներիս՝ Հայրենիքի վաղվա պաշտպաններին»:

 

Այս ոգեշունչ նամակը «Հայ զինվորում» տպագրվել է 44-օրյա պատերազմից հետո, տողերի հեղինակը Արմինե Կարախանյանն է: Արմինեն այս տարվա ամառային զորակոչին բանակ է ճանապարհում իր ավագ որդուն՝ Մանուկին:

-Այսօրվանից ես նոր «կոչում» ունեմ՝ զինվորի մայր: Հպարտ եմ, որ որդիս իր երկրի, իր հող ու ջրի պաշտպանն է լինելու՝ Հայրենիքի զինվորը:

«Հայ զինվոր» հանդեսի մշտական ընթերցողներից է Արմինեն, նաև թղթակցում է, իր խոսքով՝ մեր արտահաստիքային թղթակիցն է: Նրա հրապարակումները բանակի, զինվորի, հայրենիքին կյանքը նվիրաբերած մեր քաջերի մասին են: Նրա նպատակը հայրենիքի բոլոր նվիրյալներին հիշելն ու արժեւորելն է:

Կարախանյանների օջախում հայրենասիրությունը գեներով է փոխանցվել:

-Հայի գրեթե ամեն սերունդ կա՛մ իր բաժին պատերազմն է ունեցել, կա՛մ խաղաղ պայմաններում է հայրենիքի պաշտպանությանը նվիրվել,- ասում է Արմինեն: -Մեծ պապս Հայրենական մեծ պատերազմից հետ չի եկել, ոստիկանության զորքերում ծառայող հորեղբայրս ազատամարտի մասնակից է, հայրս քառօրյայի ժամանակ կամավոր մեկնել է կռվի դաշտ, եղբայրս էլ 44-օրյա պատերազմի մասնակից է: Այժմ էլ իմ որդին է համալրելու հայրենիքի պաշտպանների շարքերը, զինվոր է դառնալու մեր թանկ ու հարազատ եզերքի:

***

Տանը եռուզեռ է, հարեւան-բարեկամ, հարազատ գալիս են ապագա զինվորին ճանապարհելու: Զինվորի տատիկն է Ռուսաստանից եկել իր առաջին թոռանը բանակ ճանապարհելու, նրա բարեմաղթանքներն ու խորհուրդներն անսպառ են:

-Մայրս գրադարանավարուհի է, երբ փոքր էինք, մեզ համար էր հայրենասիրական գրքեր կարդում, հետո, երբ մենք մեծացանք, այդ գրքերն արդեն կարդում էր որդիներիս համար: Զավակներիս հայրենապաշտ դաստիարակության գործում իր մեծ ավանդն ունի իրենց տատիկը,- ասում է Արմինեն:

Դպրոցական տարիներին Արմինեն երազում էր լրագրող կամ հաղորդավարուհի դառնալ, բայց մի օր հեռուստացույցով տեսնում է զինված ուժերում ծառայող եղբորը, որին ներկայացնում էին որպես լավագույն զինծառայողի, ու երազանքները փոխվում են:

-Եղբայրս ուղղաթիռից պարաշյուտով թռավ,- հիշում է Արմինեն: -Հենց այդ պահից բանակը, զինվորը ինձ համար այնքան հարազատ դարձան, որ ամբողջությամբ գրավեցին միտքս ու սիրտս: Բանակին, զինվորին վերաբերող ամեն լուր սրտիս միջով է անցնում: Երազում էի զինվորական դառնալ: Ափսոս, այն ժամանակ ռազմական բուհերում աղջիկների ընդունելություն դեռ չկար, առանց վարանելու կգնայի երազանքիս հետեւից: Դե, հետո ամուսնացա, երկու զավակ ունեցա:

-Զինվորական չդարձար, բայց կես հաստիքով համարյա զինվորական ես,- ոգեւորում եմ Արմինեին,- հայրենիքին երկու որդի ես պարգեւել: Գիտեմ նաեւ, որ բանակին առնչվող տարբեր ծրագրերի ես մասնակցել, օգնել ես տեղահանված մեր հայրենակիցներին, պարբերաբար այցելել ես վիրավոր զինվորների, զոհված ազատամարտիկների ընտանիքներին:

-Տարբեր հասարակական կառույցների հետ եմ համագործակցել, այցելել եմ ամենահեռու սահմանային զորամասերն անգամ: Այդ միջոցառումները լուսանկարում ու տեսանկարահանում էինք, հետո ֆեյսբուքյան էջում տեղադրում էի զինվորների մասին նյութերը: Գիտեի, որ զինվորների ծնողները իմ էջում փնտրելու են իրենց զինվոր զավակներին: Նկարելիս միշտ ասում էի՝ ժպտացեք, տղե՛րք, ձեր ծնողները տեսնելու են այս նկարները, ձեր ժպիտը նրանց ուժ կտա…

-Հիմա էլ դու ես զինվորի մայր…

-Երբ որդուս ծանուցագիր եկավ, շատ էի հուզվել: Որդուս հետ միասին գնացինք մեր տարածքային ստորաբաժանում: Հուզված էի, բայց նաև հպարտ: Նայում էի որդուս, նրա նման մյուս երիտասարդներին ու մտածում՝ ժամանակն ի՜նչ արագ է անցնում, տղաս ու իր ընկերներն այնքան են մեծացել, որ արդեն հայրենիքի դարպասներն ենք նրանց վստահում… Մանուկս ոսկերչություն է սովորել, երաժշտության հանդեպ սեր ունի, զուգահեռ դիջեյ է աշխատել: Զինվորական ոլորտից հեռու է եղել, բայց հոգեբանորեն միշտ պատրաստ է եղել ծառայության ու հիմա բարձր տրամադրությամբ է բանակ գնում: Ասում է՝ տարբերություն չկա, թե որտեղ կծառայի, ուր էլ գնա՝ հայրենիքի մի անկյունն է:

Մեր զրույցն ընդհատվում է հեռախոսազանգով, հյուրերից մեկը տան տեղն է փորձում ճշտել: Պատասխանում է՝ ապրում եմ այնտեղ, որտեղ թիկունքս միշտ հզոր է ու ամուր: Զարմանքս տեսնելով՝ Արմինեն ժպտում է ու պարզաբանում ասածը.

-Մեր տան մոտակայքում զորամաս է, մեր օրն սկսվում եւ ավարտվում է զինվորների խրոխտ երգով: Մի քանի օրից Մանուկս էլ իրենց զորամասում էդպես կերգի ու խրոխտ կքայլի,- ասում է Արմինեն ու փորձում աննկատ սրբել հպարտությամբ ու հուզմունքով շաղախված արցունքները:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #23 (1536) 4.07.2024 - 10.07.2024, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


08/07/2024