Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ԱՇԱԿԵՐՏ՝ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ԶԻՆՎՈՐ



Ոչնչացման է ենթակա այն ազգը, որ չունի ամուր, կայուն դպրոց։
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

Հայոց ազգային բանակը 20 տարեկան է։ Բանակի օրվան նվիրված տոնական միջոցառումների շքահանդես է ողջ հանրապետությունում։ Երեւանի N 77 դպրոցում բաց դաս է. բանակային թեմաներով երգն ու ասմունքը հաջորդում են միմյանց։ Աշակերտները սիրով եւ ոգեշնչված ներկայացնում են հայկական բանակի անցած դժվարին, կորուստներով լի, բայց պատվաբեր ճանապարհը. «Իրոք, հրաշքի էր նման բանակի ծնունդը («Բանակի ամեն օրը ծնունդ է, մեր բանակը մշտարթուն, ձեռքբերումներով լի, երբեք չհոգնող, չհանգստացող կառույց է»-Վազգեն Սարգսյան)։ Սկզբում, ամենասկզբում սովորական, պարզունակ հրացաններով զինված կամավորական ջոկատներ էին, այսօր արդեն կայացած, հզոր, ռազմական տեխնիկայով հագեցած բանակ, որն ամուր պատվար է մեր անկախության պաշտպանության գործում…»։

Միջոցառմանը ներկա ազատամարտիկները հուզվել էին, ասես ժամանակը հետ էր գնացել։ Հուշի թեւերով հասել էին պատերազմական այն դաժան օրերը ու հիմա ուրախ ու տխուր դեպքեր ու դրվագներ էին պատմում աշակերտներին։ Վերջիններս կլանված ու հմայված լսում էին՝ մտքում հաստատ որոշելով՝ զինվոր եմ դառնալու։

«Միայն սովորական ծայայությամբ չէ, որ հայրենիքի զինվոր են դառնում,- աշակերտներին է դիմում Արցախյան պատերազմի մասնակից, Երեւանի կայազորային զինվորական հոսպիտալի ԱՀՏԱ գծով հրամանատարի տեղակալ մայոր Միքայել Բայաթյանը,- երբ լավ ես սովորում, քո գործի իսկական մասնագետն ու նվիրյալն ես, այդ կերպ էլ ես դառնում հայրենիքի զինվոր։ Զարգացրեք, շենացրեք եւ ծաղկեցրեք մեր հայրենիքը, սիրելի աշակերտներ»։

Իսկ ազատամարտիկ Սամվել Փափազյանն ավելացնում է. «Բանակի հիմքը դրվում է դպրոցում, իրոք, հայրենասեր սերունդ է դաստիարակվում, որ պատրաստ է վաղը լինելու հայրենիքի զինվորն ու տերը»։

Ռազմահայրենասիրական ոգին մշտապես բարձր պահելու համար Արաբկիր վարչական շրջանի ազատամարտի վետերանների միությունը N 77 դպրոցի կոլեկտիվին պարգևատրեց շնորհակալագրով, իսկ դպրոցի զինղեկ, Արցախյան պատերազմի մասնակից փոխգնդապետ Գրիգոր Մկրտչյանին` հուշամեդալով։

Միջոցառման ավարտին աշակերտները շրջապատում են ազատամարտիկներին, համարձակներից մեկն ասում է. «Կարելի՞ է ձեզ հետ լուսանկարվել», ու ազատամարտիկների խաչքար-հուշաքարի մոտ լուսանկարվում են Արցախյան պատերազմի ազատամարտիկներն ու վաղվա մեր զինվորները։ Իսկ լուսանկարիչ Արեգը փորձում է նկարի մեջ ամփոփել նաեւ դպրոցի ցուցավապաստառի վրա երեւացող Վ. Սարոյանի խոսքերը. «Մենք այլեւս կորուստներ չենք ունենալու, մենք պիտի շարունակվենք»։

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
մայոր
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
մայոր

Խորագիր՝ #04 (920) 02.02.2012 – 08.02.2012, Բանակ և հասարակություն


08/02/2012