ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ
Հունիսի 28-ին զորամասերից մեկում անցկացվել է ՊՆ հրդեհային անվտանգության ծառայության հրշեջ խմբերի և ՆԳՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի համատեղ զորավարժություն։ Զորավարժության մասնակիցներն իրականացրել են ուսումնավարժական գործողություններ «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացումը նավթամթերքների պահեստներում» թեմայով:
Խաղարկվել են պայմանական իրավիճակներ, որոնց ընթացքում կատարելագործվել են մասնակիցների գործնական հմտությունները զինված ուժերի հրդեհավտանգ, պայթյունավտանգ, հատուկ կարևորության զորամասերում հավանական հրդեհի մարման ժամանակ: Հրշեջների և փրկարարական ուժերի մարտական հաշվարկները կատարել են տարաբնույթ առաջադրանքներ, որոնց միջոցով ստուգվել է նրանց պատրաստվածության մակարդակը։
Զորավարժության հիմնական նպատակներից էր նաև բարձրացնել մասնակից ՀՀ ՊՆ հրշեջ խմբերի և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի համագործակցության մակարդակը, կատարելագործել նրանց մասնագիտական կարողությունները:
ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ, գնդապետ Արամ Պողոսյանն ամփոփեց մասնակիցների գործողությունները:
-ՆԳՆ փրկարար ծառայության և զինված ուժերի ստորաբաժանումների զորավարժությունն անցկացվեց կարևորագույն օբյեկտներից մեկում, որտեղ պահպանվում են հրդեհավտանգ նյութական միջոցներ: Սցենարի համաձայն՝ մասնագիտական գործողություններից բացի ուշադրության կենտրոնում է եղել նաև երկու կառույցների ներդաշնակումն ապահովելը: Զորավարժության արդյունքները գոհացուցիչ են: Փրկարար ծառայության համար սա ամենօրյա վարժանքի պես մի բան է: Մեր հրշեջ խմբերն էլ կարողացան փորձառու ստորաբաժանումների հետ հավասար գործել, ցուցադրել պաշտպանական կարևոր օբյեկտներում հրդեհային անվտանգությունն ապահովելու, հավանական հրդեհի դեպքում ժամանակին հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու կարողությունները:
Անձնակազմի գործողությունները ղեկավարում էր ՊՆ թիկունքային ապահովման վարչության հրդեհային անվտանգության ծառայության պետ, գնդապետ Յուրի Ավետիսյանը:
-Զորավարժության առաջին փուլում կատարված հրդեհային անվտանգության միջոցառումները մեր ստորաբաժանումներն իրականում անում են ամեն օր իրենց ծառայության վայրում: Երկրորդ փուլի հրդեհաշիջման աշխատանքներն ամբողջությամբ պլանավորվել էին հավանական իրավիճակներին համապատասխան: Ամեն տարի նմանօրինակ վարժանք լինում է, այս տարվա առանձնահատկությունն այն է, որ առաջին անգամ անցկացվեց հենց վառելիքաքսուքային նյութերի բազայում: Գործնական վարժանքն արդյունավետ էր, մեր հաստիքային հրշեջ խմբերը լավ աշխատեցին:
ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուսանկարները՝ ՌԱԶՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #23 (1536) 4.07.2024 - 10.07.2024, Բանակ և հասարակություն