ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ
ՀՀ պաշտպանության նախարարությունը 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչներին հրավիրում է կամավոր հիմունքներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայության։ «Հայ զինվորը» պարբերաբար հարցախույզ է իրականացնում՝ պարզելու, թե մեր հայրենակիցները ինչ տեսակետներ, կարծիքներ ու նկատառումներ ունեն ծրագրի վերաբերյալ։
ԿԱՐԻՆԵ ՉԻԲՈՒԽՉՅԱՆ
Ծրագիրը ողջունելի է։ Այո՛, կանայք պետք է հնարավորություն ունենան կամավոր հիմունքներով ծառայելու բանակում։ Սխալ է սահմանափակել հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու ցանկություն ունեցող աղջիկների հնարավորությունները՝ սեռով պայմանավորված։ Հնարավորությունների հավասարությունը կարևոր է ցանկացած մասնագիտության, այդ թվում՝ նաև զինվորական ծառայության մեջ։
Ի վերջո, ծառայելու որոշումը յուրաքանչյուրի անհատական ընտրությունն է՝ հիմնված բանակում պահանջվող չափանիշներին համապատասխան ունակությունների առկայության վրա:
Ընդհանրապես, ինչպես աշխարհի տարբեր երկրներում, այնպես էլ Հայաստանում կանայք մշտապես ցուցադրել են իրենց կարողությունները ռազմական գործում։ Վստահաբար կարող եմ ասել, որ կանանց ներգրավելը միայն կուժեղացնի մեր զինված ուժերը: Սա դրական քայլ է պաշտպանական բնագավառում բոլոր քաղաքացիների, անկախ սեռից, կարողությունները ճանաչելու և օգտագործելու ուղղությամբ։
Այսօր, առավել քան երբևէ, մեզ պետք է միավորվել զինված ուժերի հզորացման գաղափարի շուրջ: Այդ չափազանց կարևոր գործում իրենց բազմակողմանի ներդրումը կարող են ունենալ կանայք։ Կարծում եմ՝ պետությունը պետք է մշակի հստակ ռազմավարական պլանավորում պաշտպանության ոլորտում կանանց առավել մասշտաբային ներգրավվածության և գործունեության համար։
Առաջին հերթին կարևոր է բանակում կանանց ներկայության հոգեբանական բաղադրիչը: Նրանք կարող են տղամարդկանց համար լինել զսպող ուժ և ոգեշնչման աղբյուր, միջանձնային հարաբերություններում՝ հանդուրժողականության օրինակ:
Բնավ համամիտ չեմ այն ձևակերպումներին, որ «կանայք պետք է հեռու լինեն բանակից»։ Չափազանց մեծ ու կարևոր է կնոջ դերը երկրի պաշտպանության գործում, հիշենք թեկուզ անցած տասնամյակների մարտական գործողություններին կանանց մասնակցությունը։
Պատրաստեց ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ
Խորագիր՝ #24 (1537) 11.07.2024 - 17.07.2024, Բանակ և հասարակություն