Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏՎՈ ՊԱՀԱԿԱՅԻՆ ՎԱՇՏՈՒՄ ՊԱՏՎՈՎ ԾԱՌԱՅԵՑԻՆ



ՊԱՏՎՈ ՊԱՀԱԿԱՅԻՆ ՎԱՇՏՈՒՄ ՊԱՏՎՈՎ ԾԱՌԱՅԵՑԻՆԶորացրվում են պատվո պահակային վաշտի տղաները: Ուղիղ երկու տարի առաջ  կենտրոնական հավաքակայանում ներկա ենք եղել նրանց զորակոչվելուն,  լուսանկարել, խոստացել զորացրվելիս էլ լուսաբանել: Երկու տարվա ծառայությունն ակնհայտորեն թրծել է տղաներին, ավելի ձիգ կեցվածքով են, ավելի խրոխտ  ու  առնական:

Զորամասի հրամանատար, գնդապետ Աշոտ Հակոբյանը, որ նաեւ պատվո պահակային վաշտի առաջին հրամանատարն է եղել, շնորհավորում է զորացրվող զինվորներին:

-Շնորհակալ եմ, տղե՛րք, ձեր նվիրված ծառայության համար: Վստահ եմ՝ նույն նվիրումով կշարունակեք մեր երկիրն  ամրացնել ու  հզորացնել:

Շուրջ 31 տարվա կենսագրություն ունի զինված ուժերի պատվո պահակային վաշտը, 60-ից ավելի զորացրման հանդիսավոր արարողության մասնակից է հրամանատարը:

-Ամեն անգամ նույն ապրումներն են՝ հպարտությունն ու հուզմունքն իրար շաղախված, զինվորներիս առավել կոփված, թրծված ու պնդացած ճանապարհում ենք  քաղաքացիական կյանք,- ասում է գնդապետ Հակոբյանը:

-Մեր զինվորների պատրաստվածության մակարդակը շատ բարձր է,- գոհունակությամբ շեշտում է պատվո պահակային վաշտի հրամանատար, գնդապետ Սոկրատ Վարդանյանը: Վաշտը համալրած ամեն  զինվորի հետ անհատական աշխատանք է տարվում, հղկվում է ամեն շարժումը, կեցվածքը, բնավորությունը:  Զորացրվողների մասին կասեմ՝ ե՛ւ ֆիզիկապես, ե՛ւ հոգեպես ավելի ամրացել են:

***

Գերազանց ծառայությամբ աչքի ընկած տղաները խրախուսվում են պատվոգրով:

Շարքային Արամ Բարսեղյանը լավագույն ծառայողներից է, բազմիցս մասնակցել է արարողակարգային միջոցառումների:

-Պատվո պահակային վաշտի մասին «Զինուժ» հեռուստածրագրից  էի տեղեկացել  ու որոշել անպայման մասնակցել մրցույթին: Գիտակցում էի, որ ծառայությունն այստեղ բնավ հեշտերից չէ, ու միայն բարձր հասակը բավարար պայման չէ վաշտը համալրելու համար: Պետք է լինել ֆիզիկապես կոփված ու պատրաստված, դիմացկուն, կամքի ուժով: Զորացրվում եմ, բայց զորակոչվելուս առաջին օրն եմ մտաբերել,- ժպիտով վերհիշում է Արամը,- կենտրոնական հավաքակայանում վիճակահանության սենյակում էինք, պատվո պահակային վաշտում ծառայելու համար նախնական փուլով ընտրված տղաների հետ: Դեռ չգիտեինք՝ բախտն ում կժպտա: Ապակե արկղից հանել եմ թերթիկն ու   հուզված, լարված կարդում եմ՝ ՊՊ,  դեռ գլխի չեմ ընկել, թե ինչ հապավում է: Կողքիս կանգնած զինվորականն ասաց՝ պատվո պահակայինում ես ծառայելու, ո՜նց էի ուրախացել: Ի դեպ, «Հայ զինվորի» լուսանկարիչն այդ պահին նկարել է ինձ:

Այս վաշտում ծառայելը  պատիվ է ու, միևնույն ժամանակ, պատասխանատվություն: Այլ երկրներից ժամանած պատվիրակությունները, բարձրաստիճան հյուրերը սկզբում մեզ են տեսնում, բնականաբար, մեզնով են առաջին տպավորությունն ու պատկերացումը կազմում մեր երկրի մասին: Պատահական չէ, որ պատվո պահակային վաշտը մեր երկրի ու զինված ուժերի այցեքարտն է: Ծառայությանս ընթացքում մասնակցել եմ տարբեր միջոցառումների, բոլորն էլ  տպավորիչ էին, բայց ինձ համար ամենից հիշարժանը հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը, Հանրապետության հրապարակում մեր կատարած  «դեֆիլեն» էր՝ շարանցումը:

Զրույցին միանում է Սերյոժա Կարապետյանը:

-Մենք տարբեր միջոցառումների ենք մասնակցել, դիմավորել եւ ճանապարհել ենք տարբեր պետությունների վարչապետերի, բարձրաստիճան զինվորականների: Միշտ պատվով, փայլուն եւ անթերի ենք կատարել ցանկացած բարդության վարժություն, որովհետև ամեն միջոցառումից առաջ հատուկ պատրաստություն ենք անցել,  ժամերով շարային վարժություններ կատարել՝ եղանակային ցանկացած պայմաններում… Անկեղծ կլինեմ՝ հեշտ չէին երկարատեւ պարապմունքները, բայց երբ գիտակցում ես արածիդ կարեւորությունը ու հետո տեսնում ես արդյունքը, մոռանում ես բոլոր դժվարությունները և հպարտության աննկարագրելի զգացում ունենում:

-Ով ծառայել կամ ծառայում է այս վաշտում, գիտի, թե ամեն գեղեցիկ կատարման, «դեֆիլե» վարժության անթերի իրականացման հետեւում որքան աշխատանք կա, որքան ջանք… Պատվո պահակային վաշտում ծառայությունն իրապես հեշտերից չէ. ժամերով անշարժ կանգնում ես՝ լինի անձրև, քամի, ձյուն թե կիզիչ արեւ,- Էդուարդ Վարդանյանը ծառայության բարդություններն է թվարկում, ապա եզրահանգում,- բայց հենց այս ծառայությունը հղկեց ինձ, դարձրեց ավելի ամուր, հաստատուն: Գնում ենք իրական կյանք եւ պատվո պահակայինի, բանակի տված դասերի շնորհիվ ամեն դժվարություն ավելի հեշտ կհաղթահարենք:

-Այսօր զորացրվում  եմ ու տարբեր զգացողություններ ունեմ՝ և՛ ուրախ եմ, և՛ տխուր,-իր տպավորություններն է բարձրաձայնում շարքային Սարգիս  Տիգրանյանը: -Երկու  տարվա ընթացքում բանակային լավ ընկերներ եմ ձեռք բերել, որոնց հետ կապը քաղաքացիական կյանքում էլ կպահեմ:

-Պատվո պահակայինում ծառայելը պատիվ է, հպարտություն: Վստահեցնում եմ՝ պատվո պահակայինի տղերքը պատվով ծառայեցին,- զրույցը եզրափակում է շարքային Տիգրան Սուղյանն ու շտապում միանալ զորացրվող ընկերներին:

Զորամասի շարահրապարակով վերջին անգամ հանդիսավոր երթով անցնում են զորացրվող տղաները՝ խրոխտ ու ձիգ, երկու տարվա մեծ փորձառությամբ: Իրենց վաշտի երգը հնչեցնելով՝ մոտենում են զորամասի դարպասին, որի մյուս կողմում նրանց անհամբեր սպասում են հարազատները:

-Շնորհավորում եմ որդուս եւ նրա զինակից ընկերներին՝ ծառայությունն  ավարտելու առիթով, – ասում է Տիգրանի հայրը՝ Կարեն Սուղյանը: -Մեր որդիները զորացրվում են, բայց քաղաքացիական կյանքում էլ կմնան որպես Հայրենիքի զինվորներ:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #24 (1537) 11.07.2024 - 17.07.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


15/07/2024