Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՃԵԼԻ ԱՆԱԿՆԿԱԼ



Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանի գլխավորությամբ եւ նախաձեռնությամբ վարչական շրջանի տասնյակ բնակիչներ հունվարի 29-ին այցելեցին ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկը՝ տեսնելու եւ բանակի 20-ամյակի կապակցությամբ շնորհավորելու իրենց զինվոր որդիներին: Նրանց էին միացել նաեւ Երեւանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսար գնդապետ Մաթեւոսյանը, ԶՈՒ վետերանների կոմիտեի եւ միավորման անդամ, ռազմահայրենասիրական դաստիարակության հանձնաժողովի նախագահ գնդապետ Ռ. Բախշյանը, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ:

Նրանք ճանապարհը հաղթահարեցին աննկատ՝ ո՛չ հոգնածություն կար, ո՛չ էլ ձանձրույթ, միայն որդիներին տեսնելու սպասումն էր ալեկոծում ծնողների սրտերը: Երեւանից ժամանած հյուրերին դիմավորեցին եւ զորամաս ուղեկցեցին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն ու կորպուսի հրամանատարի տեղակալ գնդապետ Սարգսյանը:

Ավտոբուսները տեղ հասան, եւ ծնողները փորձում էին ծանոթ հայացք, ծանոթ ժպիտ որսալ: Հետո մայր ու որդի, հայր ու որդի գրկախառնվում էին՝ հանդիպման բերկրանքը աչքերում: Միայն Հովհաննես Եղիազարյանն էր մեն-մենակ կանգնել: Պարզվեց, որդին՝ Արամը, մարտական հենակետում է: «Մի քանի օր առաջ զանգեցին թաղապետարանից եւ տեղեկացրին նախաձեռնության մասին: Ոգեւորված էի, բարի անակնկալ էր. շատերս հնարավորություն չունենք գնալու երեխաներին տեսակցության, իսկ նման հանդիպումը թեւ է տալիս զինվորին»,-ասաց Հովհաննեսը եւ նկատեց իրեն մոտեցող որդուն, սեղմեց ձեռքն ու հինգ ամսվա կարոտն առավ: «Մարտական հենակետում էի, չգիտեի, որ ծնողս գալու է: Կարոտել էի, այս հանդիպումը շունչս տեղը բերեց (ժպտում է): Ծառայության դժվարությունը միայն երկարատեւ բաժանումն է հարազատ մարդկանցից: Մեզ այսպիսի անակնկալներ են պետք»,-խոստովանեց Արամը:

Զորամասում արտասովոր աշխուժություն ու խանդավառություն էր տիրում, ինչի համար Սամվել Ունուսյանը, որի որդին՝ Համլետը, յոթ ամսվա ծառայող է, շնորհակալություն հայտնեց թաղապետին, նաեւ շնորհավորեց զինվորականներին Բանակի 20-ամյակի առթիվ. «Այս հոբելյանը պարտավորեցնող է մեզ համար: Պետք է անմնացորդ նվիրվենք բանակաշինության գործին, անկոտրում մարտական կամք ու հաղթական ոգի ունենանք` ձեւավորված ավանդույթները շարունակելու համար: Հպարտ եմ, որ որդիս ծառայում է, ու ես զինվորի հայր եմ»:

Զորամասի հրամանատար գնդապետ Մախսուդյանը եւս շնորհավորեց ներկաներին եւ պատմեց գնդի անցած մարտական ուղու, զինվորական առօրյայի մասին, պատասխանեց զինծառայողների ծնողներին հուզող հարցերին: Գնդապետ Մախսուդյանը վստահեցրեց, որ սահմանն անառիկ է. «Դիրքերում պաշտպանությունն այնպես է կազմակերպված, որ զինվորները կարողանան իրենց ծառայությունն անվտանգ իրականացնել: Ինժեներական սարքավորումների շնորհիվ նրանք կարողանում են դիտարկել հակառակորդին եւ անվտանգ շարժվել խրամատներում: Կենցաղային պայմանները զինված ուժերի բոլոր հենակետերում ապահովված են»:

Այնուհետեւ հաճելի անակնկալ մատուցեց վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանը եւ զորամասին նվիրաբերեց մեծ քանակությամբ գրականություն, հեռուստացույց, մարզագույք:

«Հայկական բանակը մեր անկախության ամենամեծ ձեռքբերումներից է: Այն ազգային հպարտություն է, որի մարտունակության շնորհիվ պահպանվում է խաղաղությունը: Մենք գիտակցում ենք, որ միայն սեփական զինված ուժերն են ժողովրդի անվտանգության երաշխիքը: Խաղաղության համար թանկ վճարեցինք, ուստի նրա հարատևության համար պետք է զորացնենք բանակը, աջակից լինենք ձեռքբերումներին, զորակցենք, որպեսզի ավելի ամրանա: Հանգիստ դիմավորենք ամեն օրը, որովհետեւ հզոր բանակ ունենք, որովհետեւ մեր խաղաղությունը պահպանում են մշտապես աչալուրջ ու զգոն մեր որդիները: Թող նրանց զենքը կրակի միայն հրաձգարանում»:

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն էլ իր խոսքում ընդգծեց մարզի ռազմավարական նշանակությունը. «Հայաստանի Հանրապետության պետական սահմանից մարզին բաժին է ընկնում 400 կմ հատված, որից 352-ը՝ Ադրբեջանի հետ։ Տավուշի մարզի` Վրաստանին սահմանակից բնակավայրերը ռազմավարական կարեւոր նշանակություն ունեն, քանի որ այդ տարածքով է ձգվում Հայաստան մտնող երկաթուղին, Վրաստան-Հայաստան ավտոմոբիլային հիմնական ճանապարհը: Սահմանի վրացական կողմում արագ բազմացող 150 հազարանոց ադրբեջանցի բնակչություն է: Այդ սահմանի պատասխանատուները ձեր զավակներն են, եւ ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ մեր բնակչության անունից»:

Հանդիպումը համերգային ուրախ ծրագրի շնորհիվ վերածվեց տոնի: Մեր մարտունակ բանակի ոգին արտացոլվեց Կենտրոն վարչական շրջանի արվեստի դպրոցի սաների ներշնչված երգում, իսկ պարի համույթը՝ արվեստի վաստակավոր գործիչ Սուրեն Գյանջումյանի ղեկավարությամբ, իր արծվաթռիչ պարով հուզիչ ու տպավորիչ դարձրեց միջոցառումը: Հպարտությունն ու արժանապատվությունն էր առկայծում զինվորների հայացքներում, երբ նրանք ոտքի կանգնած ձայնակցում էին. «Մեր անունն է հայկական բանակ»: Գ. Գյանջումյանը շնորհակալագրեր հանձնեց այն զինվորներին, որոնք, ըստ զորամասի հրամանատարության, բարեխղճորեն են ծառայում:

Համերգի ավարտից հետո ծնողները որդիների հետ ճաշեցին զորամասի ճաշարանում, նաեւ եղան կացարաններում ու հիացան կատարյալ մաքրությամբ եւ տիրող կարգուկանոնով: Որոշ զինծառայողներ էլ հրամանատարության կողմից խրախուսվեցին արձակուրդով եւ ծնողների հետ մեկնեցին տուն:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
ավագ լեյտենանտ
Լուսանկարը` հեղինակի

Խորագիր՝ #04 (920) 02.02.2012 – 08.02.2012, Բանակ և հասարակություն


08/02/2012