Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉ



ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱմառային զորակոչն ընթանում է ոչ միայն ընդհանուր հիմունքներուվ, այլ նաև մասնագիտական տարբեր ուղղություններով: Հանձնաժողովներն ընտրում են այն զինծառայողներին, որոնք հնարավորություն կստանան ծառայելու իրենց մասնագիտական կարողություններով:

 

Զորամասի բակում զգաստ կանգնած է Ալեքս Գաբրիելյանը։ Նա մասնակցում է ամառային զորակոչի ընթացքում հայտարարված  պատվո պահակային վաշտի մրցույթին: Վստահ է՝ իր արտաքին տեսքը համապատասխանում է մրցույթի չափորոշիչներին:

-Ճիշտն ասած՝ քննությանը նախորդող 1-2 ամիսներին ավելի լարված էի: Հիմա ինչքան օրը մոտենում է, ավելի հանգիստ եմ: Կուզեմ այստեղ ծառայել, բայց եթե նույնիսկ քննությունը չանցնեմ, չեմ ընկճվի, կծառայեմ վիճակահանության արդյունքում որոշված զորամասում: Ցանկացած ծառայություն ունի իր առավելությունները,- ասում է Ալեքսը:

Ալեքսի պես շատ տղաներ են  մասնակցում պատվո պահակային վաշտի մրցույթին։ Հանձնաժողովը քննում է յուրաքանչյուրին, զննում արտաքին տեսքը, ֆիզիկական տվյալները, հարցեր ուղղում՝ պարզելու նրանց մտավոր ունակությունները:

Մրցույթի փուլն առաջինը  հաղթահարում է Վահե Երիցյանը։ Զորակոչիկը դպրոցն ավարտել է գերազանցության վկայականով, այնուհետև ընդունվել է Երևանի պետական համալսարան: Զբաղվել  է տարբեր մարզաձեւերով, ձեռք բերել աթլետիկ կազմվածք՝ ինչի շնորհիվ էլ հաղթահարում է մրցութային փուլը և ստանում հանձնաժողովի դրական եզրակացությունը:

-Բարձր տրամադրությամբ եմ գնում բանակ: Առաջին փուլից հետո սպասում ենք վիճակահանությանը: Հույս ունեմ՝ պատվո պահակայինում կծառայեմ: Յուրաքանչյուր տղայի համար էլ մեծ պատիվ է բանակում ծառայելը ու իր հայրենիքը պաշտպանելը:

-Ուժերիս վստահ՝ մասնակցում եմ քննությանը: Այս զորամասում ծառայության բնույթն ինձ ծանոթ է. եղբայրս էլ է ծառայել պատվո պահակային վաշտում,- մրցույթին ներկայանում է հաջորդ մասնակիցը՝ Աշոտ Ղազարյանը:

Ու այդպես հերթով բոլոր մասնակիցները հստակ կատարում են հանձնարարությունները: Հուզված ու փոքր-ինչ անհանգիստ են զորակոչիկների ծնողները:

Վահեի հայրը՝ Գևորգ Երիցյանը, հպարտությամբ ասում է.

-Իմ որդիներից մեկն արդեն մեկուկես տարի ծառայում է, փոքրս էլ նոր է պատրաստվում զորակոչվելու: Տղաների համար ծառայությունը շատ կարևոր է, կարելի է ասել՝ պարտավոր են բանակ գնալ: Վստահ եմ՝ իմ տղերքը ի վիճակի են ցանկացած զինվորական հրաման կատարելու և պատվով դուրս գալու ամենադժվար իրավիճակներից:

Մասնագիտական հանձնաժողովի նախագահ, գնդապետ Աշոտ Հակոբյանը մանրամասներ է ներկայացնում մրցույթի անցկացման վերաբերյալ:

-Մրցույթը հաղթահարելու գլխավոր պայմանը զորակոչիկի համապատասխան հասակն ու արտաքին տեսքն է, ստուգվում են նաև տեսողությունն ու լսողությունը։ Տղաները պետք է լինեն ֆիզիկապես առողջ, ամրակազմ ու բարետես: Այսօր պատվո պահակային վաշտի զինծառայողների մասնագիտական ընտրության առաջին օրն էր: Մեկնարկը գոհացուցիչ է: Մեր զորամասում ծառայել ցանկացողների թիվն ավելացել է, նաև ավելի պատրաստված տղաներ են դիմել: Մեր հայրենիքը օտարերկրյա հյուրերի համար սկսվում է պատվո պահակայինից: Հետևաբար, ներկայացուցչական պետք է լինի ոչ միայն պատվո պահակային վաշտի զինծառայողի համազգեստը, այլ նաև արտաքինը:

 

***

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉՄասնագիտական զորակոչի մրցույթի են մասնակցում նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի երիտասարդ գիտակները։ Պաշտպանության նախարարության արդի տեխնոլոգիաների խումբը «Հայթեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ շուրջ մեկ տասնամյակ անցկացնում է ծրագիր՝ զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով:

Կապի զորքերի պետ, կապի և ավտոմատ կառավարման համակարգերի վարչության պետ Վիգեն Մկրտչյան.

-Պաշտպանության նախարարի հրամանի համաձայն՝ մրցույթի ընթացքում կատարվում է զորակոչիկների մասնագիտական ընտրություն՝ հստակ ուղղվածությամբ: Մասնակցությունը բավականին մեծ է: Երկու օրվա ընթացքում արդեն պարզ կլինեն անցողիկ միավորներ հավաքած զորակոչիկները: Անհրաժեշտ տվյալների առկայության դեպքում նրանք կծառայեն մասնագիտական ստորաբաժանումում:

Մրցույթն անցկացվում է երեք մասնագիտությունների համար՝ ցանցային ադմինիստրացիա, ծրագրավորում և կիբեռանվտանգություն: Առաջին փուլում թեստային քննություն է, երկրորդում հանձնաժողովը   գնահատում է մասնակիցների գործնական կարողություններն ու գիտելիքները:

-Գիտելիքների հիմք հիմնականում ընդունում ենք ծրագրավորման իմացությունը: Այս պահին քննություն են անցնում տեղեկատվական անվտանգության մասնագետ ծառայելու համար դիմած երկու թեկնածու: Տվյալ կադրերը ոչ միայն շատ կարևոր են զինված ուժերի համար, այլ նաև, կարելի է ասել, երկրի համար ռազմավարական առավելագույն նշանակություն ունեն: Տվյալ ստորաբաժանումում երկու տարվա գործնական փորձով նրանք դառնում են որակյալ մասնագետներ՝ պատրաստ տարաբնույթ խնդիրների լուծման,- ասում է հանձնաժողովի անդամ Կարեն Գասպարյանը:

Մրցույթի երկու փուլերը հաղթահարած և արդի տեխնոլոգիաների խմբի անձնակազմի շարքերը համալրած տղաները հնարավորություն կունենան ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու մասնագիտական հմտությունները, ներգրավվելու պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական խնդիրների լուծումների և դրանց արդյունավետ կիրառման գործընթացում:

Առաջին փուլից հետո բարձր միավորներ հավաքած երիտասարդները նշում են՝ քննությունը հեշտ չէր, բայց  գիտելիքի ու փորձի շնորհիվ կարողացել են  բավարար արդյունքներ գրանցել։

-Թվային աշխարհում հաքերային հարձակումներն անընդհատ են: Շատ եմ ուզում իմ գիտելիքներով նպաստել հենց այդ ոլորտում մեր զինված ուժերի պաշտպանությանը: Միևնույն ժամանակ, շատ եմ սիրում այս մասնագիտությունը, որով էլ հետագայում մտադիր եմ աշխատել։ Եթե կարողանամ հաղթահարել քննական փուլը, երկու տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի հարուստ փորձ ձեռք կբերեմ,- ասում է Միքայել Հովհաննիսյանը։

Արման Սիմոնյանն էլ հավելում է.

-Քննությանը մասնակցում եմ որպես ծրագրավորող: Նախնական փուլի արդյունքներից գոհ եմ: Ծանրաբեռնված սովորել, աշխատել եմ, որ կարողանամ պատշաճ ներկայանալ այս մրցույթին։ Ուզում եմ գիտելիքներս առավելագույն իրացնել ծառայության ընթացքում։

 

ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ

Խորագիր՝ #25 (1538) 18.07.2024 - 24.07.2024, Ազգային բանակ


22/07/2024