ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՆՇԱՁՈՂ ՍԱՀՄԱՆԱԾ ՍՊԱՆ
Զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Հովհաննես Խաչատրյանը շուրջ երեք տասնամյակ ծառայում է զինված ուժերում։ Դպրոցն ավարտելուց հետո մասնագիտության ընտրությունը երկար չի տևել. տասնվեց տարեկանում արդեն վճռել էր՝ դառնալու է զինվորական: Հորեղբայրը մասնակցել է հայրենիքի պաշտպանության համար մարտերին, ինքն էլ փոքրուց տեսել է, որ ընտանիքում կարևորվում է ծառայությունը, երկրի անվտանգության ապահովումը: 1994 թվականին հորեղբոր զոհվելուց հետո զինվորական դառնալու նրա որոշումն ամրապնդվել է։
Ռազմական բուհն ավարտելուց հետո Հովհաննես Խաչատրյանն զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ բոլոր զորամասերում աչքի ընկնելով իր նվիրված ու բարեխիղճ ծառայությամբ։
-Ծառայության ընթացքում մշտապես ձգտել եմ զարգանալ, կատարելագործել մասնագիտական կարողություններս: Ընտրել եմ հրետանավորի մասնագիտությունը՝ գիտակցելով, որ մարտական գործողությունների ընթացքում մեր ստորաբաժանումների հաջողությունները մեծապես պայմանավորված են հրետանու ճշգրիտ կրակով,- ասում է փոխգնդապետ Խաչատրյանը։
Երկար տարիներ ծառայելով, ինքնակրթվելով ու կոփվելով բանակում՝ փոխգնդապետը սահմանել է լավ և հմուտ զինվորական դառնալու իր բանաձեւը:
-Սպան առաջնահերթ պետք է լինի լավ մասնագետ, կարևորի իր դերը պատրաստության ընդհանուր գործընթացում: Մասնագիտական հաջողությունը երբեք պատահական չի լինում, այն գիտելիքի, կարգապահության, գերազանց պատրաստվածության, դժվարությունները հաղթահարելու կարողության, տքնաջան աշխատանքի ու էլի շատ գործոնների խառնուրդ է: Նման մտածելակերպով սպան անպայման կհասնի հաջողությունների։ Լավ զինվորականի համար պակաս կարևոր չէ սպա-զինվոր հարաբերությունների ճիշտ կառուցումն ու հաստատումը: Սպան, հրամանատարը պետք է իր ենթակաների շրջանում ձևավորի հարգանք՝ ապահովելով հրամանների արագ և ճիշտ կատարումը։ Յուրաքանչյուր սպա օրինակ է ենթակաների համար։
Հովհաննես Խաչատրյանի հաջողված ծառայությունը լավ օրինակ եղավ նաև իր կրտսեր եղբոր համար. նա նույնպես ընտրեց զինվորականի ճանապարհը: Խաչատրյան եղբայրները պատվով և անձնվիրաբար մասնակցել են մարտական տարբեր գործողությունների, նաև քառասունչորսօրյա պատերազմին:
-Ես ու կրտսեր եղբայրս շարունակելու ենք մեր պատվաբեր ծառայությունը, հետայսու ևս կատարելու ենք մեր առջև դրված բոլոր խնդիրները:
Ծառայակից ընկերները փաստում են՝ զինվորականի անունն ու համբավը բարձր պահելու գործում փոխգնդապետ Խաչատրյանը ջանք ու եռանդ չի խնայում: Նա բարձր նշաձող և պահանջներ է դնում ոչ միայն ենթակա անձնակազմի, այլ նաև ինքն իր առջև: Զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Արմեն Սարգսյանն այսպես է խոսում գործընկերոջ մասին:
-Փոխգնդապետ Խաչատրյանը պատրաստված ու բանիմաց սպա է: Նա մշտապես զբաղվում է ինքնակրթությամբ և կարողանում է իր փորձը, գիտելիքները փոխանցել անձնակազմին, օգնում է ճիշտ կազմակերպել ծառայությունը: Պահանջկոտ է, հետևողական իր առաջադրած խնդիրների կատարման հարցում, բայց մինչ այդ սովորեցնում է, տրամադրում անհրաժեշտ ուսումնական նյութը:
Մշտապես պատրաստված և գիտելիքով զինված մասնագետ ունենալու համար Հովհաննես Խաչատրյանը կարևորում է ատեստավորման գործընթացը: Ինքն էլ մասնակցել է ատեստավորմանը և արձանագրել է լավ արդյունքներ:
-Զինվորականը պետք է անընդհատ աշխատի իր կարողությունների զարգացման վրա, ձգտի հասնել գերազանց արդյունքի։ Ֆիզիկապես կոփվելով և մասնագիտորեն զարգանալով՝ մենք նպաստում ենք մեր ստորաբաժանումների մարտունակության աճին:
Հովհաննես Խաչատրյանը երեք զավակների հայր է: Թեև որդին դեռ փոքր է, բայց արդեն որոշել է շարունակել հոր ճանապարհը, ծառայել հայրենիքին:
-Հայրենիքն ինձ համար սկսվում է հենց ընտանիքից: Մեր ամբողջ երկիրը համարում եմ մի մեծ ընտանիք, որտեղ մշտապես պետք է լինի անվտանգ ապրելու, ձեռքբերումները զարգացնելու, բարգավաճելու, մեկը մյուսին օգնելու ձգտումը, ինչը կապահովի մեր մեծ ընտանիքի անվտանգ, խաղաղ կյանքը։ Կարևոր է յուրաքանչյուրիս ներդրումը, բայց առավել մեծ և անուրանալի դերակատարում ունեն զինվորն ու սպան: Սպայի կոչումը, համազգեստը կրելը պատիվ է ինձ համար։ Պատրաստ եմ կատարելու հայրենիքիս պաշտպանությունն ու անվտանգությունն ապահովող ցանկացած խնդիր:
ԶԱՐՈՒՀԻ ՌՇՏՈՒՆԻ
Խորագիր՝ #25 (1538) 18.07.2024 - 24.07.2024, Ազգային բանակ