ԱՆԱԿՆԿԱԼ ԱՅՑ
Հուլիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ լեռնային ուսումնական կենտրոն:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ողջունել է առավոտյան տողանի շարված նորակոչիկներին, որոնք, ուսումնական փուլն ավարտելով, որպես կրտսեր հրամանատարներ մեկնելու են նախորոշված զորամասեր:
Նախարարը ժամկետային զինծառայողների հետ զրուցել է զինվորական ծառայության առանձնահատկությունների, ՊՆ-ում ներդրված մի շարք ծրագրերի և ուսումնական կենտրոնի տեսական ու գործնական դասերի կարևորության մասին: Այնուհետև շրջել է ուսումնական կենտրոնում, հետևել շտաբային նոր շենքի շինարարությանը։ Շենքը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև տարեվերջ: Սուրեն Պապիկյանը նաև ծանոթացել է վրանային ավանի կահավորմանը, թիկունքային ապահովմանը:
Պաշտպանության նախարարը հանձնարարականներ է տվել ուսումնական կենտրոնի հրամանատարությանը՝ նորակոչիկների ծառայությունը լիարժեք կազմակերպելու համար:
Ավելի ուշ Սուրեն Պապիկյանն այցելել է հատուկ նշանակության զորամասերից մեկը, շրջել մասնաշենքերում, ծանոթացել ենթակառուցվածքներին, ընթացող շինարարական աշխատանքներին:
Զորամասի հրամանատարը նախարարին զեկուցել է անձնակազմի համալրվածության, մարտական պատրաստության ծրագրի, անցկացվող բազմաթիվ վարժանքների մասին: Սպայակազմի հետ քննարկվել են զորանոցների նորոգման, կահավորման, ուսումնական նոր ենթակառույցների և արգելագոտիների ստեղծման հարցերը:
Աշխատանքային այցի ընթացքում նախարարը զորամասերից մեկում նաև հետևել է զորամիավորման սպաների հերթական խմբի ատեստավորման քննությունների ընթացքին, հետաքրքրվել է կրակային փուլի արդյունքով:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զորամիավորման հրամանատարին հանձնարարել է ավելացնել կրակային ու ֆիզիկական պատրաստության պարապմունքները՝ անձնակազմի կարողություններն առավելագույնի հասցնելու և գերազանց գնահատականի արժանանալու համար:
Այնուհետև Սուրեն Պապիկյանը շրջել է զորամասում, հետևել շարահրապարակի շինաշխատանքների ընթացքին: