ՀԱՅՐԵՆԻՔԸ ՍԵՐ Է
Նորակոչիկների ուսումնական գումարտակում տղաներից մեկն առանձնանում է իր խոհուն հայացքով ու լուրջ պահվածքով: Միանգամից տեսանելի է՝ մեծ է տարիքով: Կարապետ Ղազարյանն է, 29 տարեկանում թողել է բարեկեցիկ կյանքը, սեփական բիզնեսն ու Ֆրանսիայից կամավոր վերադարձել հայրենիք, որպեսզի ծառայի բանակում, իր պարտքը տա իր հող ու ջրին: Տասնվեց տարեկանում ուսման նպատակով մեկնել է Ֆրանսիայի Մարսել քաղաք: Ուսման ամբողջական փուլն ավարտելուց հետո վերադարձել է, օրենսդրական նոր կարգավորումների համաձայն՝ սահմանված կարգով որոշակի ժամկետով պարտադիր ժամկետային ծառայության անցել:
-Շատ տխուր էի Հայաստանից մեկնելիս, չէի պատկերացնում՝ ինչպես եմ ապրելու հայրենիքից հեռու: Առաջին անգամ ծնողներիցս հեռու էի լինելու և փորձելու էի միայնակ կարգավորել իմ խնդիրները,- ասում է Կարապետը: -Ֆրանսիան իմ երկրորդ հայրենիքը դարձավ, բայց բանակից հետո մեկնելու եմ, այնտեղ կիսատ թողած գործերս ավարտեմ ու վերադառնամ Հայաստան, գիտելիքներս ի նպաստ հայրենիքիս ծառայեցնեմ: Ես հինգ լեզու գիտեմ, բայց մայրենիս ամենաքաղցրն է: Ուզում եմ, որ երեխաներս մեծանան հայրենիքում, խոսեն ու մտածեն մայրենի լեզվով:
Երկար ժամանակ մտածում էի Հայաստան գալու և իմ հայրենի սահմանները պաշտպանելու մասին: Տղամարդու կարևորագույն հատկանիշներից մեկը հայրենասիրությունն է, էլ ի՞նչ տղամարդ, որ չծառայի իր երկրին: Առանց ծառայելու ես երես կունենայի՞ սիրածս աղջկա՝ Անահիտի աչքերին նայելու:
Ու եկա… Հայաստանում ավելի հստակ գիտակցում ես, որ հայրենիքն իմ ու ինձ նման տղաների կարիքն ունի, ու հեռվից հայրենիք չեն սիրում: Խոսել եմ արտերկրում ապրող ընկերներիս հետ, և իմ խորհրդով նրանք էլ իմ օրինակին կհետևեն, կգան ու կդառնան մեր երկրի զինվորն ու պաշտպանը:
Անփորձ մարդու համար քաղաքացիական կյանքից անցումը զինվորականի լի է բարդություններով ու դժվարություններով: Հատկապես իմ դեպքում կրկնակի ծանր է, քանի որ իմ ու զինակից ընկերներիս միջև տարիքային մեծ տարբերություն է: Սակայն ծառայությանը գաղափարապես նվիրված լինելը մեղմում է բոլոր դժվարությունները: Բոլորիս նպատակը մեկն է՝ դառնալ լիարժեք զինվորներ, կարողանալ պաշտպանել մեր երկիրը:
Շատ ուրախ եմ, որ զորամասում նոր ընկերներ եմ ձեռք բերել: Վստահ եմ, որ բազմաթիվ դժվարություններ համատեղ հաղթահարած այս ընկերությունը չափազանց ամուր է լինելու:
Զորամաս ոտք դնելու պահից հրամանատարներս, ընկերներս աջակցել են ինձ, նրանց օգնությամբ կարճ ժամանակահատվածում կոփվեցի, հասկացա՝ ինչ է ծառայությունը: Կամավոր ծառայել եմ նաև ֆրանսիական բանակում: Իհարկե, այնտեղ շատ ավելի հեշտ է ծառայելը, մեզ նման սահման չեն պահում: Բայց նաև այդ փորձն օգտագործելով ձգտում եմ այստեղ լավագույնս ներկայանալ:
Ես երկքաղաքացի եմ: Ծառայությունս ավարտելուց հետո այլ երկրում առավել հպարտ եմ ներկայանալու որպես հայ: Միշտ պատրաստ եմ ծառայելու հայրենիքիս: Հայրենիքը սեր է:
ՍՅՈՒԶԱՆՆԱ ՎԵՐՄԻՇՅԱՆ
Խորագիր՝ #26 (1539) 25.07.2024 - 31.07.2024, Ազգային բանակ