Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱՆՈՑԱՅԻՆ ՆՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ



ԶՈՐԱՆՈՑԱՅԻՆ ՆՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՄարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում ենք: Այստեղ վերջերս շահագործման են հանձնվել նորակառույց մոդուլային կացարանները, որոնք ապահովում են անձնակազմի կենցաղային անհրաժեշտ պայմանները: Զինվորների հետ զրուցում ենք նոր տեսակի զորանոցային պայմանների, ծառայողական առօրյայի մասին:

Զորամասում մեզ ուղեկցում է զինվորներից մեկը՝ Ռուբեն Մխիթարյանը. մեզ հետաքրքրիր է ժամկետային զինծառայողների կարծիքն ու գնահատականը զորամասում փոփոխությունների, ծառայության նոր որակի մասին: Զորանոցի գեղեցիկ կահավորված, լուսավոր սենյակներից մեկը ննջարանն է: Ռուբենը պատահականորեն ընտրված մահճակալներից մեկի հարդարված անկողնու սավանը հետ տանելով՝ ասում է.

-Ահա այս մաքուր, հարմարավետ ներքնակների վրա ենք քնում: Կարողանում ենք լիարժեք հանգստանալ: Ծառայողական օրվա ավարտին լոգանք ենք ընդունում մաքուր լոգարանում: Առկա են լվացքի մեքենաներ, արդուկներ: Մեր համազգեստը միշտ մաքուր է ու կոկիկ, ինչպես վայել է զինվորին: Ընդհանուր առմամբ, շատ գոհ ենք մեր զորամասի նոր պայմաններից: Այս ամենը նպաստում է մեր լավ, առավել արդյունավետ ծառայությանը:

Զորամասում ուսումնական եռուզեռ է: Մարզական ավանում զինվորների մի խումբ հեշտությամբ հաղթահարում է արգելագոտին, անթերի կատարում բոլոր վարժությունները:

Շարահրապարակում էլ շարային պատրաստության դասընթաց է: Տղաները հղկում, բարելավում են շարային վարժաձևերի կատարման հմտությունները: Դասակի հրամանատարի տեղակալ, կրտսեր սերժանտ Գոռ Սարգսյանն է ղեկավարում պարապմունքը։ Նրա կրծքին բարեխիղճ և օրինակելի ծառայության համար տրվող «Քաջարի մարտիկ» և «Մարտական հերթապահություն» կրծքանշաններն են:

-Ծառայությունը կազմակերպվում է ըստ օրվա կարգացուցակի, ամեն ինչ շատ լավ է: Զինվորների գերակշիռ մասը գրագետ, կիրթ, ուսումնական նյութը արագ ընկալող տղաներ են։ Ճիշտ մոտեցման դեպքում բոլորն էլ կարճ ժամկետում հեշտությամբ տիրապետում են ծառայողական պարտականություններին, հետևում կարգուկանոնին:

Վարժանքներին ուշի-ուշով հետևում է վաշտի հրամանատարի պարտականությունները ժամանակավոր կատարող, լեյտենանտ Նարեկ Մինասյանը: Նա անձնակազմի մասին մեծ սիրով ու հպարտությամբ է խոսում: Ներկայացնելով ծառայության ընթացքում աչքի ընկած զինվորներից մի քանիսին՝ առաջարկում է հենց նրանցից իմանալ ծառայության պայմանների և ընթացքի մասին:

Խաչիկ Մարգարյանը ուսումնական զորամասում ամփոփիչ քննությունները հաջող հանձնելուց հետո ստացել է «կրտսեր սերժանտի» կոչում և տեղափոխվել այս զորամաս։

-Ինքներդ եք տեսնում՝ զորանոցային նոր պայմանները պարզապես գերազանց են: Օրինակելի զորամաս է թե՛ սննդի, թե՛ կացարանների, թե՛ կարգապահության առումով։ Սովորել եմ Հայկական պետական մանկավարժական համալսարանում, հեռուստաընկերություններից մեկում աշխատել եմ որպես օպերատոր։ Մշակութային առօրյայից անմիջապես բանակային կյանքին անցնելը մի փոքր դժվար էր, բայց ժամանակի ընթացքում լիովին ընտելացել եմ նոր միջավայրին, այն ինձ հոգեհարազատ է դարձել։ Զինվորական անձնակազմը մի ընտանիքի պես է, այստեղ բոլորս եղբայրներ ենք, օգնում ենք իրար, մեկս մյուսի հոգսերով ապրում։ Արդեն յոթ ամիս է, ինչ ծառայում եմ այստեղ, մարտական հերթապահության ընթացքում դիրքի ավագի պարտականություններն եմ իրականացնում։ Մեծ պատասխանատվություն է դիրքի ավագ լինելը, ամեն ինչ պետք է անել կատարյալ, ամենակարևորը՝ ապահովել սահմանագոտու տվյալ հատվածի հուսալի պաշտպանությունը։ Դիրքում յուրաքանչյուրս գիտակցում է մեր ծառայության կարևորությունը Հայրենիքի անվտանգությունն ապահովելու գործում:

Կրտսեր սերժանտ Գոռ Առաքելյանն ասում է.

-Զինվորական ծառայությունն ինձ շատ բան է տվել: Հիմա արդեն ավելի հասուն մարդ եմ, որոշումներ ընդունելիս ավելի վստահ եմ ու վճռական, ֆիզիկապես կոփվել եմ, ուժեղացել։ Բանակում սովորածն անպայման ինձ պետք է գալու քաղաքացիական կյանքի ցանկացած բնագավառում։

Էրիկ Խալաթյանը մինչև զորակոչվելը սովորել է ծրագրավորող-ինժեների մասնագիտությունը: Հիմա շուրջ մեկ տարվա ծառայող է, մարտական հերթափոխի է մասնակցում։ Նրա կրտսեր եղբայրն էլ մեկ այլ զորամասում հրետանավոր է, իր բաժին սահմանն է պահպանում:

-Դիրքերում պատասխանատվության զգացումն ավելի է մեծանում: Խորապես գիտակցում ես, որ քո տունն սկսվում է հենց սահմանից։ Մարտական դիրքում ցանկացած թերացում անթույլատրելի է, աստիճանաբար այդ գիտակցումը դառնում է կենսակերպ։

Մյուս զինվորը՝ շարքային Նարեկ Ավդալյանը, մարզիկ է, տասը տարեկանից քիքբոքսինգ է պարապել:

-59 մենամարտ եմ անցկացրել, 56 հաղթանակ տարել,-հպարտությամբ ասում է երիտասարդը: -Մասնակցել եմ միջազգային տարբեր մրցումների, Հայաստանի տասնակի չեմպիոն եմ, Վրաստանի՝ եռակի, Լեհաստանի՝ կրկնակի։ Մինչև բանակ գալս մեկ տարի աշխատել եմ որպես մարզիչ։ Երեք եղբայր ենք, երեքս էլ քիքբոքսինգով ենք զբաղվում։ Եղբայրներիցս մեկը վերջերս Եվրոպայի չեմպիոն դարձավ։

Բանակում շատ կարևոր է ֆիզիկական ուժը: Հաճելի էր տեսնել, որ այստեղ կան մարզվելու և ֆիզիկական որակներդ զարգացնելու համար անհրաժեշտ պայմանները։ Առհասարակ, ծառայությունը տղամարդու համար է, կոփում է թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես։

Մինչ զորամասի անձնակազմը զբաղված էր օրվա կարգացուցակով նախատեսված պարապմունքներով, իր ամենօրյա կարևոր աշխատանքն էր իրականացնում նաև զորամասի ճաշարանի անձնակազմը: Հայրենիքի պաշտպանը հագեցած օրվա ընթացքում երեք անգամ պետք է ստանա իր բաժին սննդարար և բազմազան  ճաշը: Ճաշարան մտնելով նկատում ենք՝ այն պսպղում է մաքրությունից։ Ճաշապատրաստման սենյակում ամեն մեկն իր գործին է՝ խոհարարները թարմ դդմիկ են կտրատում, աղցանի համար նախատեսված թարմ բանջարեղենը լվանում ու կտրատում: Մսեղենի պատասխանատուն հավի ախորժատես թևիկներն է դասավորում տարայի մեջ, ավելացնում սոխի օղակները։ Ճաշարանի աշխատակիցները մեր հարցերին պատասխանում են կարճ, բայց սրտաբուխ:

-Մեր գործը սիրով ենք անում: Մեր զինվորների, մեր երեխաների համար ենք պատրաստում, և պետք է վստահ լինենք, որ ցանկացած ուտեստ թարմ է ու համեղ, օգտակար է ու սննդարար,- ասում է խոհարար տիկին Կարինեն:

Տիկին Վիկտորյան էլ հավելում է.

-Հաճելի է, երբ տեսնում ենք, թե մեր տղաները ինչ ախորժակով են ճաշակում ուտելիքը և վերադարձնում դատարկ ափսեները։ Ճաշի համար պատրաստել ենք չորս տեսակի ուտեստ, երկու տեսակի ապուր, աղցաններ, կոմպոտներ։ Շատ գոհ են մնում մեր տղաները։

Շուտով պարապմունքներից հոգնած և քաղցած զինվորները գալիս են ճաշարան, հաստատում են իրենց համար սիրով ճաշ պատրաստող կանանց ջերմ խոսքերը:

-Ամեն ինչ շատ համեղ է, հաճույքով ուտում ենք բոլոր ճաշատեսակները: Իրոք, ճաշում ենք ինչպես տանը, միայն թե՝ այստեղ ավելի բազմազան է ընտրությունը,- ժպտալով ասում է զինվորներից մեկը:

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարները՝ ՌԱԶՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #26 (1539) 25.07.2024 - 31.07.2024, Ազգային բանակ


02/08/2024