ԵՐԴՈՒՄ՝ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ
Զինվորական երդում է նվիրական վայրում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Հայաստանի տարբեր բնակավայրերից եկել են նորակոչիկների հարազատները, բարեկամները: Զինվորական համազգեստով իրար շատ նման տղաների շարքերում նրանք հայացքով փնտրում են իրենց զինվորին, գտնելիս էլ ոգևորված շտապում են տեղեկացնել մյուսներին՝ առաջին շարքի հինգերորդն է, երկրորդ շարքում առաջինն է…
Զինվորական երդման արարողությունն սկսվում է զորամասի հոգևոր սպասավոր Տեր Տրդատի օրհնության կարգով և «Տերունական աղոթքով»:
Այնուհետև ելույթ է ունենում նորակոչիկ Մովսիսյանը.
-Մեզ համար կարևոր և պատասխանատու օր է՝ մեր հավաքական ոգու սրբավայրում՝ «Եռաբլուրում», մեր հերոս եղբայրների առջև մենք զինվորական երդում ենք տալիս անձնվիրաբար և անմնացորդ ծառայելու հայրենիքին, փոքրիկ, բայց սուրբ ու թանկ հողակտորին, որտեղ երազանքներ ունեցող զինվորը արյուն է թափել: Երդում տալով՝ մենք դառնում ենք հայոց բանակի զինվոր, հայրենիքի պաշտպան…
Զորամասի հրամանատար, գնդապետ Անդրանիկ Պողոսյանը շնորհավորում է ներկաներին հիշարժան օրվա առիթով.
-Յուրաքանչյուր ազգ ու պետություն ձգտում է ամուր բանակ ունենալ: Բանակն է երաշխավորում մեր ժողովրդի ու պետության անվտանգությունը: Մենք պետք է շարունակենք հայրենիքի պաշտպանության սուրբ գործը: Զինվոր, զորական լինելը հպարտություն է և մեծ պատասխանատվություն: Մեր բոլոր ջանքերն ուղղված են մի նպատակի՝ ամուր և անառիկ պահել երկրի սահմանները: Ու մենք պարտավոր ենք զինվորական պատվախնդրությամբ պաշտպանել մեր հայրենի տունը, մեր պատիվը…
***
Երդվում են զինվոր տղերքը, հանդիսավոր խոստում տալիս՝ հավաստելով իրենց նվիրվածությունն ու հավատարմությունը հայրենիքին:
-Բանակում ծառայելը յուրաքանչյուր հայ երիտասարդի պարտքն է: Պատվախնդրության ու արժանապատվության խտացում է հայրենիքի զինվոր լինելը,- ասում է թալինցի Սյուզաննա Համբարձումյանը: Նա եկել է ներկա լինելու ավագ որդու՝ Սարգիս Սարգսյանի զինվորական երդման արարողությանը, կրտսեր որդին էլ վեց ամիս հետո է համալրելու բանակի շարքերը:
Պահեստազորի գնդապետ Հովհաննես Նազարյանը կրտսեր որդու՝ Ավետիքի զինվորական երդմանն է մասնակցում:
-Սովորաբար երդման արարողությունները կատարվում են զորամասերում, պատմամշակութային վայրերում, hայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում զոհվածների շիրիմների մոտ: «Եռաբլուրը» մեր բոլորի սրբավայրն է, շատ ոգեշունչ ու խորհրդանշական է այս վայրի ընտրությունը: Զինվորները երդվում են այն քաջորդիների շիրիմների առաջ, որ հայրենիքը, մեր պետականությունը պահպանելու համար զոհեցին ամենաթանկը՝ կյանքը: Ապրումներս աննկարագրելի են: Ես խորհրդային բանակում եմ ծառայել: Անկեղծ լինեմ՝ իմ զինվորական երդման արարողության ժամանակ այնքան չեմ հուզվել ու հպարտացել, որքան հիմա: Հպարտություն է քո երկրին ծառայելը, մայրենի լեզվով երդվելը:
Շուշանիկ Դալլաքյանն էլ Տավուշի մարզի Նավուր գյուղից է եկել:
-Երրորդ որդիս՝ Ռուբենս է զորակոչվել, ավագ որդիներս արդեն ծառայել են: Ռուբենը քոլեջն ավարտել է գերազանց գնահատականներով, վստահ եմ՝ գերազանց էլ ծառայելու է: Մայրական սիրտս միայն ու միայն խաղաղություն է ուզում, խաղաղություն որ լինի, մնացյալ ամեն ինչ էլ կլինի:
-Իսկ իմ առաջին զինվորն է երդում ընդունում, միակ տղաս է Ռոբերտը,- արմավիրցի Մարգարիտա Մարգարյանն է միանում զրույցին: -Բոլոր զգացողություններս խառնվել են իրար, հուզմունքս մեծ է, հպարտությունս՝ անչափելի: Թող խաղաղ լինի հայրենիքն ու մոր սիրտը:
Հրազդանցի Ելենա Թադևոսյանն ու Տիգրան Գրիգորյանը հինգ զավակ ունեն՝ երեք տղա և երկու աղջիկ: Ելենան երեխաների հետ հայացքով առաջնեկին՝ Աղաս Գրիգորյանին է փնտրում շարքերում: Լուիզան, Անին, Արմանն ու փոքրիկ Հայկը աչքները չորս արած, ոտքերի վրա ձգվելով՝ փորձում են գտնել իրենց զինվոր եղբորը: Վերջապես տեսնում են, ոգևորվում, մայրը արցունքախառը ժպիտով նկատում է՝ տղաս զինվորական համազգեստով ավելի ձիգ ու առնական է: Իսկ հայրը լրացնում է.
-Բանակը կոփում է, թրծում տղաներին: Ես էլ եմ ծառայել, հիմա ավագ որդուս հերթն է: Հայրենիքի ապագա երկու զինվոր էլ դեռ ունենք: Պատվով կծառայեն, կգան, կշենացնեն իրենց տունը, երկիրը…
Զինվորական երդման պաշտոնական մասն ավարտվում է, զինվորները ծաղիկներ են խոնարհում հերոս քաջորդիների շիրիմներին: Գրիգորյանների ավագ որդին՝ Աղասը, ամփոփում է օրը.
-«Եռաբլուրում» մեր զոհված քաջերի, մեր հրամանատարության ու զինակից ընկերների, մեր ծնողների ու հարազատների առջև երդվեցինք հպարտ և արժանապատիվ ծառայել… Պարտքի գիտակցում, պատիվ ու կրկնակի պատասխանատվություն է այստեղ երդվելը: Զինվորական երդման բառերը հենց այնպես չեն ասվում, մենք մեր երդումը պահելու ենք ոչ միայն առաջիկա երկու տարում, այլև մեր ամբողջ կյանքում:
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #26 (1539) 25.07.2024 - 31.07.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում