Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈՐ ՈՒԺ` ԲԱՆԱԿԻՆ



ՆՈՐ ՈՒԺ` ԲԱՆԱԿԻՆՀուլիսի 24-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում hանդիսավոր պայմաններում զինվորական հետագա ծառայության ճանապարհեցին 2024 թ. շրջանավարտներին և մեկամյա սպայական դասընթացների մասնակիցներին։ Միջոցառմանը ներկա էին պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանը,  բարձրաստիճան զինվորականներ, շրջանավարտների հարազատներ:

Անձնակազմը շարվեց հանդիսավոր տողանի: Դրոշակակիր դասակը շարահրապարակ բերեց ռազմական ակադեմիայի մարտական դրոշը: Ակադեմիայի շրջանավարտներին և մեկամյա սպայական դասընթացների ունկնդիրներին ավարտական վկայականների և խորհրդանշական սպայական դաշույնների հանձնման կապակցությամբ շնորհավորեց պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը: Նա, մասնավորապես, ասաց.

-Ուզում եմ վստահեցնել, որ Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը անում է առավելագույնը զինծառայողների խնդիրներն օր առաջ լուծելու ուղղությամբ: Ի դեմս այսօրվա մեր շրջանավարտների՝ մենք ունենք նոր ավյուն, նոր եռանդ և նոր գիտելիք կրող սպաներ: Մեր առաջնահերթ նպատակը կրթված զինվորականներ ունենալն է: Սիրելի՛ շրջանավարտներ, ակնկալում ենք, որ դուք նոր շունչ, դրական լիցքեր կհաղորդեք բանակին, ձեր ծառայակիցներին: Չեմ կասկածում, որ կարճ ժամանակ անց ստեղծելու եք մի միջավայր, որտեղ առողջ, մարզական կեցվածքով, ֆիզիկապես ամուր և կրթված լինելը պարտադիր է:

Արման Սարգսյանը տեղեկացրեց նաև, որ զորամասերը համալրած նորընծա սպաներին եռամսյա ժամկետում ատեստավորում անցնելու առաջնահերթություն կտրվի: Նրանք հնարավորություն կունենան ծառայության սկզբից ևեթ սոցիալական ապահովվածությունը կտրուկ բարելավելու, հայրենիքի պաշտպանին վայել ֆինանսական բավարարում ստանալու:

Քիչ անց ռազմական բուհի կուրսանտները ցուցադրական ելույթ ունեցան, տարբեր հնարքների միջոցով ներկայացրին իրենց հմտությունը, ուժն ու ճարպկությունը: Դիտարժան ցուցադրությանը մասնակցում էր նաև դպրոցահասակ Արտյոմ Հովհաննիսյանը՝ զինվորական համազգեստով: Նրա երկու ավագ եղբայրները սպաներ են: Արտյոմն ինքն էլ պատրաստվում է ապագայում համալրել ակադեմիայում ուսանող կուրսանտների շարքերը:

Միջոցառման ավարտին շրջանավարտները հրաժեշտ տվեցին ակադեմիայի դրոշին, այնուհետև անձնակազմն անցավ հանդիսավոր երթով։

***

Օրը հուզումնառատ էր թե՛ նորընծա սպաների, թե՛ նրանց հարազատների համար:

Լեյտենանտ Սուսաննա Գրիգորյանը բարձր առաջադիմությամբ է ավարտել ռազմական ակադեմիան: Քնքշորեն գիրկն առնելով մանկահասակ քրոջը՝ Նարեին, Սուսաննան ասում է.

-Առաջին հերթին իմ ընտանիքի մասին մտածելով եմ գնում ծառայության: Հորս ասել եմ՝ որդի չունի, բայց թող վստա՛հ լինի, որ տասը որդու տեղ ծառայելու եմ: Զինվորականի մասնագիտությունն ընտրելու գործում ինձ համար կարևոր դեր է ունեցել պատերազմի մասնակից հորեղբորս օրինակը: Հորեղբորորդիս՝ պայմանագրային զինծառայող Լյուդվիգը, զոհվեց 44-օրյա պատերազմում: Դա ինձ համար զինվորական դառնալու ևս մեկ խթան հանդիսացավ: Եվ այսօր ես կրում եմ սպայական իմ առաջին ուսադիրները: Մեծ պատիվ է մեր բանակում ծառայելը: Ծառայությունս շարունակելու եմ սահմանամերձ զորամասում:

Դստեր մասնագիտական ընտրության մասին այսպես է արտահայտվում Սուսաննայի մայրը՝ Ագապի Բարոյանը.

-Անկեղծ ասած՝ սկզբում շատ դժվար էր, չէինք պատկերացնում աղջկաս զինվորականի կերպարում, բայց համակերպվեցինք, հարգեցինք նրա որոշումը: Իսկ հիմա արդեն շատ ուրախ եմ ու հպարտ: Վստահ եմ, որ նա կհասնի իր նպատակների իրագործմանը:

Սուսաննայի հայրը՝ Կարեն Գրիգորյանը, հուզմունքով է խոսում աղջկա վճռականության մասին.

-Աննկարագրելի են զգացմունքներս: Մինչև այժմ դեռ չեմ հավատում, որ աղջիկս կնոջ համար այս դժվարին ուղին է ընտրել: Բայց, իհարկե, որպես հայր մեծ հպարտություն եմ ապրում: Հաջողություն եմ մաղթում դստերս ու մյուս շրջանավարտներին:

Լեյտենանտ Ռուբեն Շահնազարյանը նույնպես ուսման ընթացքում աչքի է ընկել բարձր առաջադիմությամբ:

-Ավիացիայի հետ կապված ամեն ինչի հանդեպ սերն իմ մեջ դեռ մանկուց է եղել,- ասում է նորընծա սպան: -Ակադեմիայի Ռազմաօդային ուժերի ինստիտուտում սովորելով՝ այսօր արդեն շատ մոտ եմ իմ երազանքների իրականացմանը: Ընտրել եմ հեռանկարային, մեր երկրի անվտանգության ապահովման գործում շատ կարևոր ոլորտը: Անելիքներ շատ կան, ու ես անհամբեր եմ գիտելիքներս գործի դնելուն: Ուսումնառության ընթացքում գիտելիքների ու հմտությունների մեծ պաշար եմ ձեռք բերել, բայց երբեք չեմ դադարի սովորել: Հիմա ես նոր եռանդով ու սպասումներով մեկնելու եմ ծառայավայր:

-Իրինա Ավթանդիլյան, այսօրվանից արդեն սպա Ռուբեն Շահնազարյանի մայրը,- հպարտությամբ ներկայանում է տիկին Իրինան: -Հուզված եմ, իհարկե, ու շատ հպարտ եմ, որ իմ որդին սպայական ծառայության է անցնում բանակում ու իր ներուժն ուղղել է հայրենիքի պաշտպանությանը: Նա ֆիզիկական ու մտավոր գերազանց պատրաստվածությամբ արդեն իսկ արդարացրել է իր ընտրությունը: Մեր բանակին պետք են նման կարգապահ սպաներ: Բոլոր շրջանավարտների մայրերն էլ ինձ պես անասելի մեծ հպարտություն են զգում իրենց որդիների՝ սպայական ուսադիրներ ստանալու կապակցությամբ:

-Ռազմական ակադեմիա ընդունվող յուրաքանչյուր կուրսանտի նպատակը սպայական կոչում ստանալն է,- ասում է շրջանավարտ Նարեկ Նազարյանը: -Այսօր մեզնից յուրաքանչյուրի համար ամենասպասված և ուրախալի պահն է՝ հաղթահարել ենք բոլոր դժվարությունները, հասել ենք մեր նպատակին: Սպայական ուսադիրներ կրելով՝ ինձ ավելի պարտավորված եմ զգում հետագա ծառայությունս ավելի ճիշտ կազմակերպելու առումով: Պատրաստ եմ իմ մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները փոխանցելու ուրիշներին:

Նորընծա սպաները հրաժեշտ տվեցին հարազատ դարձած կրթօջախին։ Արձակուրդից հետո նրանք կգնան վիճակահանությամբ իրենց բաժին ընկած ծառայավայրերը և բանակին նոր ուժ, նոր լիցք կհաղորդեն։

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարները՝ ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ և ՌՈՒԲԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #26 (1539) 25.07.2024 - 31.07.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


02/08/2024