ԲԱՆԱԿԻ «ԵՐԵՔ ՀՐԱՑԱՆԱԿԻՐՆԵՐԸ»
Ամառային զորակոչի ընթացքում բացառիկ իրադարձություն է տեղի ունեցել՝ ծառայության է մեկնել եռյակ: Երեք եղբայրները միասին հաղթահարում են դժվարությունները, առայժմ պատրաստվում են երդման արարողությանը, ցանկանում են այդ տոնական օրը անթերի ներկայանալ ծնողներին:
Հայկը, Սարգիսը, Վահեն ուսումնական նույն զորամասում են։ Ուսումնական գումարտակում տղաները նույն վաշտից են, նույն դասակից։ Հետագայում ըստ մասնագիտության, ըստ կարողությունների կհամալրեն այլ ստորաբաժանումներ։ Իսկ առայժմ սովորում են զինվորական կարգով, ծառայության ժամանակացույցով կազմակերպել առօրյան՝ մարզումներ, ընդմիջում, դասեր, հանգիստ, պատրաստություն։ Կարևոր է, որ ծառայության առաջին օրերին միասին են հաղթահարում դժվարությունները, հարմարվում նոր կյանքին ու նոր կենցաղին։
Ուսումնական գումարտակի հրամանատարը ծանոթացել, զրուցել է տղաների հետ, վստահեցրել, որ նրանցից լավ զինվորականներ են պատրաստելու՝ փոխանցելով մասնագիտական հարուստ փորձ և գիտելիքներ։
-Առաջին օրվանից մեզ դիմավորել են շատ լավ, այնպես, որ խորթություն չենք զգացել։ Զորամասում ծանոթացել ենք տարածքին, հիմնական մեր անելիքներին,- ասում է Վահեն։
-Ընդամենը մի քանի օր է՝ զորամասում ենք, բայց արդեն շատ բան ենք սովորել՝ շարային քայլք, հրամանատարին ողջունել, շարքից դուրս գալ ու ներկայանալ և այլն,- շարունակում է Հայկը։
Դժվարություններ, իհարկե, կան, սակայն մեզ համար հեշտ է այնքանով, որ երեք եղբայր ենք, մեկս մյուսին օգնելով, իրար օգնելով, մյուսի սխալն ուղղելով՝ կարողանում ենք դրանք հաղթահարել,- հավելում է Սարգիսը։
Երեքն էլ նույն կարծիքին են՝ ծառայությունը ոչ թե կարևոր, այլ պարտադիր նշանակություն ունի յուրաքանչյուր երիտասարդի կյանքում։ Այն հետագա մեծ կյանքի առանցքային դպրոցն է՝ կայանալու, ամրանալու, ապագա մարտահրավերներին պատրաստվելու և պատվով դիմակայելու համար։
-Տղան պիտի ծառայի, որ կոփվի, ինքնուրույնություն սովորի, կարողանա դժվարություններ հաղթահարել,- բոլորի միտքը ձևակերպում է Սարգիսը։
Տղաների այս տրամադրվածությունը հենց այնպես չէ. նրանց հայրը նույնպես զինվորական է, ծառայում է Հայաստանի օդային դարպասները հսկող զորամասերից մեկում։ Փաստորեն, այժմ նրանց վեց հոգանոց ընտանիքից չորսը զինված ուժերում են։ Մեծ փորձառություն ունեցող Մնոյան ավագը եռյակին ճանապարհելիս տվել է կարևոր ու օգտակար խորհուրդները։
-Մեր հայրը օրինակ է մեզ համար, տարիներ շարունակ տեսել ենք նրա նվիրված ծառայությունը։ Շատ խորհուրդներ է տվել մեզ, ամենակարևորը՝ լինել կարգապահ, համարձակ, ցանկացած իրավիճակում գործել միասին,-պատմում են տղաները։
Թալինցի Մնոյան եռյակը մինչև զորակոչվելը նույն դպրոցում, նույն դասարանում է սովորել ու ավարտելիս նույն մասնագիտությունն է ընտրել։ Ապագա ծրագրավորողները միջին մասնագիտական կրթությունը ստացել են, ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություն։ Ուսումը կշարունակեն երկու տարի կամ կես տարի անց։ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրն է տղաներին գրավել, որը հնարավորություն է տալիս սովորել ծառայությանը զուգահեռ։ Ծրագրի մյուս առավելություններն էլ գրավիչ են, բայց դեռ մտածելու, վերջնական որոշում կայացնելու ժամանակ ունեն։
Հիմա ավելի կարևոր է գործնական դասերը գերազանց սովորելը, հանդիսավոր արարողությանը պատրաստ լինելը։ Մեկ շաբաթ անց ծնողների առաջ են ընթերցելու երդման տեքստը։
Մնոյանների տանը հայրիկից բացի մայրն ու կրտսեր քույրիկն են։ Տղաները զորամասից հաճախ են զանգում, զրուցում ծնողների հետ։ Հեշտ չէ մայրիկի համար, սակայն տղաները պատմել են՝ սնունդը, հանդերձանքը, հրամանատարների վերաբերմունքն ու դասերի անցկացումն անթերի են։
-Վստահեցրել ենք, որ ամեն ինչ լավ է, բայց, դե, դժվար է ծնողների համար միանգամից երեք տղա ճանապարհել բանակ։ Այնպես ենք պատրաստվելու, այնպես ենք ծառայելու, որ նրանք հանգիստ լինեն, շատ չմտահոգվեն մեզ համար,- հուզմունքը պահելով՝ ասում են տղաները։
Ամփոփելով բանակային մեկ շաբաթը՝ «երեք հրացանակիրները» սիրելի ծնողներին ու քույրիկին փոխանցում են իրենց ջերմ ողջույնները, այդպես փորձում առնել կարոտը։
-Մա՛մ ջան, պա՛պ ջան, չանհանգստանաք։ Այստեղ ամեն ինչ շատ լավ է, հարմարվել ենք արդեն։ Երդման արարողությանը կգաք, կտեսնեք՝ այս կարճ ժամանակում ոնց ենք պատրաստվել։ Սպասում ենք։
ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ
Խորագիր՝ #27 (1540) 5.08.2024 - 12.08.2024, Ազգային բանակ