ԸՄԲԻՇՆԵՐԸ ՄԵԿՆԵՑԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
Ամառային զորակոչի վերջին օրը ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում մարզական ու մարտական տրամադրություն է: Զորակոչիկների շարքում են մեր ըմբիշները՝ աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթողներ ու մրցանակակիրներ, օլիմպիական խաղերի մեդալակիր: Նրանք ծառայելու են ՀՀ ՊՆ մարզական վաշտում:
Հայկական եռագույնը միշտ բարձր պահած, Հայաստանը պատվով ներկայացրած ըմբիշներին ծափողջույններով են դիմավորում: Տասը ըմբիշ զորակոչվում է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության: Նրանցից յուրաքանչյուրը պատրաստ է ոչ միայն սպորտում կերտած իր հաղթանակներով բարձրացնել բանակի մարտական ոգին, այլև արդեն ֆիզիկապես կանգնել զինվորի ու սպայի կողքին:
Հավաքակայանում վերջնական բուժզննումն անցնելուց հետո նրանք ստանում են համազգեստը, հանդերձավորվում ու անմիջապես անցնում ծառայության: Մարզիկ-զորակոչիկները օրեր անց նաև հայրենիքին անձնվիրաբար ծառայելու երդում են տալիս: Ասում են՝ այսօր ստանում ենք մեր ամենաբարձր կոչումը՝ հայ զինվոր:
Ու սկսվում են հագեցած պարապմունքները: Կրակային դաշտում տղաները սովորում են խոցել թիրախները, զարգացնել մարտավարական հմտությունները, արդեն որպես լիարժեք զինվորներ կատարել ծառայողական պարտականությունները:
Ըմբիշները երկու տարի ծառայելու են մարզական վաշտում, սեփական ճակատում մարզական նվաճումներով նպաստելու են զինուժի ամրապնդմանը:
Մալխաս Ամոյանը օրեր առաջ բրոնզե մեդալով է վերադարձել օլիմպիական խաղերից: Հպարտությամբ ասում է՝ աշխարհի պատվո հարթակներում Հայաստան անունը հնչեցնելը մեծագույն պատիվ է իր համար:
-Երբ հնչում է Հայաստանի Հանրապետության հիմնը, բարձրանում է մեր պետական դրոշը, շատ մեծ հպարտություն եմ ապրում: Հայրենիք վերադառնալիս մեր հայրենակիցները մոտենում, շնորհավորում են, դա մեծ արժեք ունի ինձ համար: Լավ է, որ մարդկանց ուրախանալու առիթ եմ տալիս:
-Բոլորս մեր գործում պիտի լինենք առաջատար՝ թե՛ սահմանին, թե՛ մարզագորգին, որ կարողանանք Հայաստան անունը բարձր հնչեցնել ամենուր: Հայրս ՀՀ բանակի առաջին զինվորներից է եղել, ես պատերազմի եմ մասնակցել նրա հետ: Բոլորս անհրաժեշտ պահին պիտի համախմբվենք ու մեր երկիրը պահենք,- հավելում է Արսեն Հարությունյանը:
Արման Թադևոսյանն էլ մարտական տրամադրվածությամբ ասում է.
-Վստահ եմ՝ բացի մարզական հաջողություններից ու այդպես հայրենիքի պատիվը բարձր պահելուց, կկարողանանք նաև բարձր պահել հայ զինվորի անունը, որի նվիրված ծառայությամբ ամենքս հպարտանում ենք:
ՀՀ ԶՈՒ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյանը խոսում է այս ձևաչափով ծառայելու նշանակության մասին:
-Յուրաքանչյուր 18 տարեկան երիտասարդ պետք է զորակոչվի, նաև մարզիկը: Սակայն մարզիկներին երկու տարվա ընդմիջումից հետո շատ դժվար է վերադառնալ սպորտ: Այսպիսով, մենք ապահովում ենք նրանց մարզական նվաճումների շարունակականությունը, բարելավումը ծառայության ընթացքում: Նոյեմբերի 18-ից 24-ը Հայաստանը հյուրընկալելու է զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Մեր զորակոչիկ ըմբիշները նույնպես կկարողանան մասնակցել մրցումներին:
Մարզական վաշտում ծառայելու ընթացքում տիտղոսակիր տղաները պետք է բարելավեն իրենց կարողությունները, ունենան մարզական նոր հաղթանակներ և նվաճումներ՝ վստահեցնում են բանակի ֆիզիկական պատրաստության պատասխանատուները: Ամեն մեկն իր հաղթանակով սահմանին կանգնած զինվորին վստահեցնելու է՝ ես քո կողքին եմ:
ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ
Լուսանկարը՝ ՌՈՒԲԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #28 (1541) 15.08.2024 - 22.08.2024, Ազգային բանակ