ԱՄԲՈՂՋ ՆՎԻՐՈՒՄՈՎ
Ավետիս Եգանյանը վանաձորցի է: Ավարտել է Երևանի ճարտարագիտական համալսարանը, ապա զորակոչվել է ժամկետային զինծառայության: Բանակից վերադարձել է «Բանակի գերազանցիկ» «Քաջարի մարտիկ» կրծքանշաններով, բազմաթիվ շնորհակալագրերով և պատվոգրերով: Որպես կամավորական՝ մասնակցել է 44-օրյա պատերազմին: Ավետիս Եգանյանը մասնակցել է սպայական հավաքների և ստացել «լեյտենանտի» զինվորական կոչում: 2020 թվականից զբաղվում է կաշվե ձեռագործ իրերի արտադրությամբ: Նրա գործերը սպառվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:
-Ավետի՛ս, Հայաստանում հաճախ ենք լսում «գործ չկա» արտահայտությունը, իսկ Դուք հակառակն եք պնդում:
-Ես ասում եմ՝ գործ կա, որովհետև ծնված օրվանից տեսել եմ՝ աշխատանք փնտրողը գտնում է այն: 1990-ականների դժվար տարիներին հայրս ու մայրս ինչ գործ ասես չէին անում, որ հոգան երեխաների հոգսերը: Իմ մանկության ամենավառ տպավորությունը կապված է հենց գործի հետ: Ինձնից 12 տարով մեծ եղբայրս՝ Արթուրը, փայտի փորագրությամբ էր զբաղվում: Ես ժամերով հետևում էի նրա աշխատանքին և փորձում էի օգնել: Հիմա տարիների հեռվից հասկանում եմ՝ գուցե ավելի շատ խանգարում էի, քան օգնում, իսկ եղբայրս իր հանձնարարություններով պարզապես բավարարում էր ներգրավված լինելու իմ ցանկությունը: Մեր տանն ընդունված էր հարգել ուրիշի աշխատանքը ու ոչինչ չփչացնել շրջապատում, հակառակը՝ սեփական բաժինն ավելացնել եղածին, կառուցել, նորոգել: Մի անգամ ընկերներով ցոգոլ էինք գողացել ինչ-որ մեկի այգուց: Հայրս իմացավ: Այսօրվա պես հիշում եմ հորս խոսքերը: Երկար-բարակ բացատրեց, թե ինչպիսի ջանքերի շնորհիվ է շիվը ծառ դառնում, ծաղիկը՝ պտուղ, ու ինչ անմարդկային արարք է ճյուղ կոտրելը կամ ուրիշի աշխատանքի պտուղները գողանալը: Ես կարծում եմ՝ մեր կյանքի ազդեցիկ տպավորությունները չեն կորչում անհետևանք, այլ թաքնվում են մեր հոգու մի անկյունում՝ հետագայում ձևավորելով կարծիք, դիրքորոշում, բնավորություն, վարքագիծ: Ես խաղաղ, հավասարակշիռ երեխա էի, բայց կարող էի նույնիսկ ծեծկռտուք սարքել, երբ ընկերներս դրսում ինչ-որ բան էին կոտրում կամ փչացնում: Աշխատանքի ու դրա արդյունքի հանդեպ իմ ակնածանքը տարիների ընթացքում ավելի ընդգծվեց:
-Ձեր աշխատանքային գործունեությանը դեռ կանդրադառնանք, իսկ հիմա ուզում եմ իմանալ, թե ի՞նչ պատմություն է կապված Արթուրի զինվորական երդման արարողության հետ:
-Առանձնահատուկ պատմություն չկա, պարզապես իմ մանկական ապրումներն էին շատ տպավորիչ: Ծնողներս ընդգծված հպարտությամբ բանակ ճանապարհեցին Արթուրին: Ես 6 տարեկան էի այդ ժամանակ: Հետո մենք գնացինք զորամաս, որ մասնակցենք եղբորս զինվորական երդման արարողությանը: Հեռուստացույցով շատ էի զինվորական շարքեր տեսել, բայց առաջին անգամ էր այդ ամենն աչքիս առաջ: Բոլորը համազգեստով էին, զենք ունեին, կանգնած էին հավասար: Ասես՝ հեքիաթում լինեի: Երբ եղբորս հետ դուրս եկանք զորամասից, նա իր զինվորական գլխարկը դրեց գլխիս: Սա, թերևս, իմ մանկության ամենավառ հուշն է: …Հետո ես անընդհատ նամակներ էի գրում զինվոր եղբորս, չէի մոռանում տեսածս, չէի կարողանում կտրվել զինվորական պատկերներից ու տպավորություններից: Ու նույն ոգևորությամբ գնացել եմ բանակ: Պիտի հպարտությամբ ասեմ, որ ես օրինակելի զինվոր եմ եղել, շատ լավ տիրապետել եմ զենքին, «սերժանտի» կոչում եմ ստացել, կատարել եմ մարտկոցի ավագի պարտականությունները: Ծառայել եմ ամբողջ նվիրումով:
Տղամարդու կյանքում երկու շատ կարևոր ձեռքբերում կա՝ իր կերպարը և աշխատանքային հաջողությունները: Ես կարող եմ պատմել, թե ինչ հարուստ «պաշարով» եմ վերադարձել բանակից՝ նշելով գեղեցիկ հիշողությունները, զինակից ընկերներիս, որոնց հետ մինչ օրս հանդիպում ենք: Բայց ես շեշտում եմ մեկ այլ բան՝ բանակը իր գիծն ու գույնը ավելացրեց իմ տղամարդկային կերպարին: Բանակում ձեռք բերած փորձառությունը միշտ օգնում է ինձ դժվարություններ հաղթահարելիս ու մարդկային բարդ փոխհարաբերությունների ժամանակ:
-Իսկ ինչո՞ւ 44-օրյա պատերազմին որպես կամավորական մասնակցելու որոշում կայացրիք:
-Առանց ձևականության պիտի ասեմ՝ Հայրենիքի սահմանները պաշտպանելու որոշումը այնքան բնական ու անխուսափելի մղում է, որ պիտի մեզ զարմացնի հակառակը՝ երբ Տունդ վտանգված է, իսկ դու ապրում ես խաղաղ օրերի ռիթմով, կարծես՝ ոչինչ չի եղել: Առհասարակ, տղամարդը միշտ պիտի այնտեղ լինի, որտեղ իր կարիքը կա: Ես 2020 թվականի սեպտեմբերի 30-ին կամավորագրվեցի և դիրքերից իջա մոտ երեք ամիս անց: Իմ տարրական պարտականությունն եմ կատարել՝ որպես հայ տղամարդ, որպես պետության քաղաքացի:
-Իսկ հիմա՝ խաղաղ օրերին, ո՞րն է Ձեր պարտականությունը:
-Աշխատելը: Ես շատ թանկ եմ գնահատում ժամանակը և ուզում եմ շատ բան հասցնել: Ինձ հարկավոր էր այնպիսի աշխատանք, որ կարողանամ իրականացնել ստեղծագործական ներուժս, մտահղացումներս: Սկզբում ես ու ընկերս հակասրճարան բացեցինք Վանաձորում:
-Երևանում էլ կան հակասրճարաններ, դա ի՞նչ նոր ձևաչափ է:
-Մեր սրճարանի այցելուները իրենց ժամանակը լցնում էին հաճելի և օգտակար զբաղմունքով. ինտելեկտուալ խաղեր էինք կազմակերպում, մշակութային միջոցառումներ, սեմինարներ… Համավարակի օրերին սրճարանը հարկադրված փակեցինք: Ու ես սկսեցի մտմտալ, թե ինչ կարող եմ անել, երբ սահմանափակվել է մարդկանց շփումը: Այդ ժամանակ աչքովս ընկավ կաշեգործական իրերի արտադրության մասին մի տեսանյութ: Միանգամից հասկացա՝ դա այն է, ինչ փնտրում եմ: Կաշեգործությունը արհեստ է, որը կարելի է վերածել արվեստի՝ ներմուծելով գեղեցկություն, ստեղծագործական զանազան մտահղացումներ…
-Դա 4 տարի առաջ էր, այսօր Դուք խոսում եք առանձնատուն ու նոր արտադրամաս կառուցելու, գործն ընդլայնելու, աշխատատեղեր ստեղծելու մասին:
-Իմ մեկնարկային ֆինանսական հնարավորությունները զրոյական էին, նույնիսկ գործիք չունեի ու կաշին պատառաքաղով էի ծակում: Առաջին գործս մի դրամապանակ էր, ես այն պահել եմ: Եթե տեսնեք մեր այժմյան գործերը, կհասկանաք, թե ինչպիսի առաջընթաց ենք ունեցել: Ես այս զրույցի ընթացքում երկրորդ անգամ պիտի գործածեմ «ամբողջ նվիրումով» բառերը…
-Առաջինը զինծառայությանն էր վերաբերում:
-Այո՛, կան գործեր, որոնք պիտի կա՛մ ամբողջ նվիրումով անես, կա՛մ չանես: Ես ամբողջ նվիրումով լծվեցի գործի: Հետո ինձ միացավ կինս: Այսօր մենք արտադրում ենք ձեռագործ կաշվե պայուսակներ, գոտիներ, դրամապանակներ, զանազան պարագաներ: Ես մեծ եռանդով սովորել եմ, ուսումնասիրել եմ կաշեգործության բնագավառում տարբեր երկրների ու ազգերի փորձը, առանձնահատկությունները, ոճերը, համադրել եմ, նոր բովանդակություն եմ ստեղծել…
-Մենք՝ հայերս, ունե՞նք կաշեգործական ավանդույթներ:
-Հայերը դեռ հին ժամանակներից կաշեգործությունը օգտագործել են որպես կենցաղային մշակույթ: Տարիներ առաջ մարզերից մեկում պեղումների ժամանակ գտան մի քանի հազար տարվա պատմություն ունեցող կաշվե տրեխ, որը գրեթե անվնաս էր: Մենք ուզում ենք վերականգնել նախկին ավանդույթները, պահպանել եղածը: Վանաձորում արդեն սկսել ենք առանձնատան ու արտադրամասի շինարարությունը, մտադիր ենք կոշիկի արտադրություն հիմնել: Դա հնարավորություն կտա նոր աշխատատեղեր ստեղծելու մեր քաղաքում: Ես ուզում եմ, որ իմ օրինակը վարակիչ լինի: Կան բազմաթիվ երիտասարդներ, որոնք հեռանում են մարզային քաղաքներից և գյուղերից, գնում են Երևան կամ արտերկիր, մինչդեռ մարզերում ավելի շատ աշխատանք կա, այնտեղ աշխատող ձեռքի կարիք ավելի շատ ունեն: Ես ապրում եմ Վանաձորում, բայց դա չի խանգարում, որ արտերկրից պատվերներ ունենամ: Հիմա աշխարհն այնքան հասանելի է, այն նվաճելու համար ոչ թե բնակավայրդ պիտի փոխես, այլ մտածողությունդ: Պիտի լինես նոր, հետաքրքիր, գեղեցիկ, իմաստալի, հարմար… Մեկ բառով ասած՝ մրցունակ:
-Ո՞րն է հաջողելու Ձեր բանաձևը:
-Նախ՝ յուրաքանչյուր աշխատանք լավ է չաշխատելուց: Եթե ներդնես ամբողջ ուժերդ, եռանդդ, գործդ կծաղկի: Պետք է համբերատար լինել, թեկուզ փոքր քայլերով, բայց հետևողականորեն առաջ գնալ ու երբեք կանգ չառնել: Երկիր կառուցելու ուրիշ բանաձև չկա, աշխատելուց, ստեղծելուց, արարելուց բացի:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #28 (1541) 15.08.2024 - 22.08.2024, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում