Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆԸ



ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆԸՍուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 5 տաղավար տոներից է, որը նշվում է օգոստոսի 15-ի մոտակա կիրակի օրը: Վերափոխման տոնը նվիրված է Սուրբ Մարիամ Աստվածածնի ննջմանը՝ այսպես ենք անվանում Աստվածածնի երկրային կյանքի ավարտը և ապա երկինք բարձրանալը: Տոնի ժամանակ բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ պատարագ: Վերափոխման տոնական պատարագի ավարտին կատարվում է տարվա առաջին բերքի օրհնությունը: Օրհնության համար ընտրված է խաղողը: Այն հատուկ խորհուրդ ունի քրիստոնեության մեջ, քանի որ խաղողից են պատրաստում գինին, որը պատարագի գլխավոր խորհրդանիշներից է: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ իրեն խաղողի որթ անվանելով՝ ըստ այս խոսքի. «Ես եմ ճշմարիտ որթատունկը»: Արարողության ավարտին օրհնված խաղողի ողկույզները բաշխվում են հավատացյալներին:

Համաձայն եկեղեցական ավանդության՝ Սուրբ կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո։ Երբ Սուրբ Մարիամ Աստվածածինը մահացել է, առաքյալները նրա մարմինն ամփոփել են Գեթսեմանի պարտեզում փորված գերեզմանում: Քրիստոսի 12 առաքյալներից Բարդուղիմեոսը ներկա չի եղել թաղմանը, և երբ օրեր անց մյուս առաքյալների հետ գերեզման է գնացել՝ հրաժեշտ տալու, գերեզմանաքարը բացելով՝ Սուրբ կույսի մարմինն այնտեղ չի գտել, այլ միայն՝ անուշաբույր պատանքը։

Եկեղեցական ավանդության համաձայն՝ Տիրամոր ննջումից առաջ Սուրբ Հովհաննես Ավետարանիչը վերցնում է կիպարիսի մի փայտ և դրա վրա նկարում է Սուրբ Տիրամոր պատկերը, որպեսզի նրա ննջումից հետո այդ սրբությունը մնա իրենց մոտ: Ապա առաքյալները խնդրում են Տիրամորը, որ նա այդ պատկերը  դնի իր դեմքի վրա, օրհնի և իր բարեխոսությամբ խնդրի Տիրոջը այդ պատկերի միջոցով աշխարհին բարիքներ պարգևել: Աստվածածինը կատարում է Հովհաննեսի խնդրանքը: Հայկական ավանդության համաձայն՝ Տիրամոր պատկերը տրվել է Բարդուղիմեոս առաքյալին, որն էլ այն բերել է Հայաստան։ Այնուհետև Անձևացյաց գավառում կառուցել են Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը հետագայում հայտնի է դարձել որպես Հոգեաց վանք, որտեղ պահպանվում էր պատկերը։ Դարերի ընթացքում սրբապատկերի հետքերը կորել են, և մինչ օրս դրա գտնվելու վայրը անհայտ է։

Աստվածածնի վերափոխման տոնը նաև ժողովրդական տոնախմբության և սրբուհու անունը կրող եկեղեցիների ուխտի օր է: Ավանդաբար ընդունված է այդ օրը ուխտի գնալ, մատաղի հյուրասիրություն կազմակերպել, հնում նաև եղել են այս տոնին բնորոշ ժողովրդական երգեր և պարեր, օրինակ՝ հիշատակելի է «Աստվածածնա պարը»:

Այս տարի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը կամ Խաղողօրհնեքը նշում է օգոստոսի 18-ին:

Խորագիր՝ #28 (1541) 15.08.2024 - 22.08.2024, Հոգևոր-մշակութային


27/08/2024