Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԵՍ»-Ը ԴԱՌՆՈՒՄ Է «ՄԵՆՔ»



«ԵՍ»-ը դառնում է «ՄԵՆՔ»Տանկային զորամասում տեսական դասաժամ է: Ժամկետային զինվորներին ուսուցանում են ծանր զրահատեխնիկայի կառավարման ու կիրառման նրբությունները:

-Ռազմի դաշտում տանկն իր ուրույն տեղն ունի: Մեր ստորաբաժանումը փառահեղ մարտական ուղի է անցել, և այժմ ցանկացած զինծառայողի համար մեծ պատասխանատվություն ու պատիվ է այստեղ ծառայելը, մարտական գործողությունների ժամանակ կիրառված տեխնիկան վարելը,- ասում է զորամասի հրամանատարի տեղակալ, մայոր Արամ Բեգլարյանը։

Մայորն ինքն էլ ժամկետային զինծառայության ժամանակ տանկիստ է եղել՝ նշանառու-օպերատոր: Բանակից հետո իրավաբանական կրթություն է ստացել, ապա ծառայել է խաղաղապահ ուժերի բրիգադում: Հիմա էլ տանկային զորամասում է:

Մայոր Բեգլարյանը պատմում է բանակային առօրյայից, առանձնացնում է իրենց տանկային անձնակազմերի մասնագիտական գերազանց պատրաստվածությունը: Նշում է՝ տանկիստներին առաջադրված խնդրի արդյունավետ կատարման համար մարտական պատրաստությունից պակաս կարևոր չէ անձնակազմի ներդաշնակումը, համապատասխան իրավիճակներում արագ և ճիշտ համագործակցելու կարողությունը: Այնուհետև սպան ներկայացնում է տանկային լավագույն անձնակազմերից մեկը՝ նշելով, որ տղաները մասնակցել են զորավարժությունների, գործնական ցուցադրական պարապմունքների եւ  մշտապես լավ արդյունք են գրանցել:

Վահանը, Արմանը, Արթուրը բանակային ընկերներ են: Նրանց միավորել է հայրենիքի պաշտպանի առաքելությունը, և հիմա նրանք մի թիմ են՝ տանկային անձնակազմ:

Շարքային Վահան Զաքարյանի արմատները Արմավիրից են: Ծնվել է Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում, այնտեղ է մեծացել, կրթություն ստացել:  Ծառայելու նպատակով եկել է հայրենիք:

-Եթե ծառայել, ապա միայն հայրենիքին. այս մտքով եմ եկել Հայաստան,- պատմում է Վահանը: -Հայերեն համարյա չգիտեի, բանակում եմ սովորել, նույնիսկ զինվորական երդման բառերը ռուսերեն տառերով էի գրել: Այնպես որ, ծառայությունն օգնեց վերագտնել իմ հայկական արմատները:

Նոր էի զորակոչվել: Երբ ասացին՝ տանկային զորամասում եմ ծառայելու՝ որպես մեխանիկ-վարորդ, անկեղծորեն այդքան էլ չէի ոգեւորվել: Սակայն ծանոթացա տանկիստի մասնագիտությանը, և այն աստիճանաբար ավելի ու ավելի շատ գրավեց ինձ: Հատկապես մարտական տեխնիկայի հզորությունն ինձ դուր եկավ:

Տեսական և գործնական պարապմունքների ընթացքում մեր սպաները մանրամասն բացատրում են տանկի կիրառման առանձնահատկությունները:  Հնարավորինս պարզ սովորեցնում են ամեն սարքի նշանակությունը: Հիմա արդեն տանկերին վերաբերող ամեն ինչ ինձ հետաքրքրում է: Ամեն օրն ինձ կարծես ավելի ու ավելի է կապում իմ զինվորական գործին, զինվորական տեխնիկային: Այնպես որ՝ բանակում և՛ հայոց լեզուն սովորեցի, և՛ տանկի լեզուն,- կատակում է Վահանը:

-Իմ մտքով էլ չէր անցել, որ մի օր տանկիստ կդառնամ,-տանկի նշանառու, շարքային Արման Մարգարյանն է միանում զրույցին: -Երբ  հավաքակայանում տեղեկացա, ուրախացել էի. հետաքրքիր ու կարեւոր մասնագիտություն է: Սկզբում վարժասարքերով էինք պարապմունքներն անցնում: Վարժադաշտում առաջին անգամ տանկ տեսա, զգացի իրական չափերը, լսեցի տանկի շարժիչի ձայնը, կարծես՝ նույն պահին այդ հզորությունը փոխանցվեց ինձ։

Վահանն ու Արմանը տանկի հետ առաջին անգամ «ծանոթացել» են զորակոչվելուց հետո, իսկ իրենց հրամանատարը՝ կրտսեր սերժանտ Արթուր Մարությանը, զինվորական հայրիկի հետ հաճախ է այցելել հոր ծառայավայր, տեսել շահագործվող մարտական տեխնիկան:

-Փոքր էի, երբ առաջին անգամ տեսա երկաթե հսկային: Հիացա,  ոգեւորվեցի, ասացի, որ ուզում եմ տանկիստ դառնալ։ Խոսքը ուժ ունի, իմ ասածով եղավ։ Ուսումնական զորամասում ծառայելիս «Հայ զինվոր» հանդեսում տանկիստ տղաների ձեռքբերումների մասին մի նյութ կարդացի: Մտածում էի՝ չեմ կարող նրանց նման լինել, կդժվարանամ, բայց փոքրիկ քայլերով առաջ էի գնում՝ ամեն օր մի նոր բան սովորելով, հմտանալով, մի դժվարություն հաղթահարելով: Հիմա էլ մեր մասին է նյութ տպագրվում «Հայ զինվորում», ու մի նորակոչիկ էլ մեր մասին գրածը կկարդա: Ուզում եմ նրան ասել՝ սիրի՛ր գործդ, հավատա՛ ուժերիդ, ամեն դժվարություն էլ հաղթահարելի է:

Երբ նայում ես տանկին, առաջին հերթին մտքովդ անցնում է՝ անհնար է 40 տոննայից ավելի քաշ ունեցող այս հսկային կառավարել, բայց հմտանում ես, սովորում, թե ամեն կոճակ ինչ գործառույթ է կատարում: Ու ավելի ոգեւորվում, ոգեշնչվում ես՝ տեղեկանալով տանկի պատմությանը, հատկապես մարտական գործողությունների ժամանակ ունեցած դերակատարմանը: Ուզում ես նույն կերպ շարունակել և արժանապատվորեն կատարել առաջադրված խնդիրը:

Ուսումնական զորամասում լսել էի տանկային ստորաբաժանման ջերմ, ընկերական հարաբերությունների մասին: Այստեղ համոզվեցի, որ չկա «իմ ու քո», կա միայն «մենք»: Տանկային անձնակազմից որևէ մեկը մենակ չի կարող կատարել առաջադրանքը:

Մենք չորս ընկեր ենք՝ ես, Վահանը, Արմանն ու մեր տանկը: Մեր անձնակազմը ոչ թե կառավարում է տանկը, այլ մեկ միասնություն է կազմում: Միայն այդպես կարող ենք գերազանց կատարել ցանկացած բարդության խնդիր:

Ամփոփելով զրույցը՝ տանկիստները նաև իրենց քաղաքացիական կյանքից են խոսում: Արթուրը մինչ բանակ զորակոչվելը Երգի պետական թատրոնում է սովորել, և տղաները կատակում են.

-Հիմա մեզ համար աշխարհի ամենագեղեցիկ, ականջահաճո երգն ու երաժշտությունը  մեր տանկերի հռնդյունն  է…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարները՝ ՌԱԶՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #28 (1541) 15.08.2024 - 22.08.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


27/08/2024