ԴԱՍԱԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ
Կանանց ներգրավվածությունը զինված ուժերում շարունակում է ընդլայնվել: Նրանք իրենց ամենօրյա ծառայությամբ նպաստում են բանակի մարտունակության ամրապնդմանը, տղաներին հավասար կատարում են ցանկացած խնդիր թե՛ զորամասում, թե՛ մարտական դիրքերում:
Դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Աննա Ավետիսյանը ծնունդով սահմանամերձ բնակավայրից է: Դպրոցն ավարտելուց հետո մեծ ցանկություն ուներ ռազմական ակադեմիա ընդունվելու, սպա դառնալու: Ասում էր՝ ոչ միայն տղաները պիտի մասնակցեն հայրենիքի պաշտպանությանը: Իր նպատակներին ու ուժերին վստահ Աննան պատվով անցավ զինվորական դառնալու ճանապարհը, ընդունվեց ռազմական ակադեմիա, սովորեց բարձր առաջադիմությամբ ու, ինչպես ի սկզբանե վճռել էր, ծառայության անցավ սահմանային զորամասում: Իր օրինակով նա ապացուցեց՝ հայուհիները կարող են և պետք է իրենց ներդրումն ունենան հայրենիքի պաշտպանության գործում։
-Զինվորական դառնալն ինձ համար երազանք էր, որ դարձավ նպատակ, հետո՝ իրականություն: Եկա կարծրատիպեր կոտրելու, ցույց տալու, որ աղջիկը ևս կարող է սահման պահել: Մինչ այսօր ծառայում եմ նույն տրամադրվածությամբ: Դժվար է սահմանին մարտական հերթապահություն իրականացնել, տղաների հետ հավասար աշխատել: Բայց նաև փաստ է, որ կանայք արդեն մեծ ազդեցություն ունեն բանակում:
Զինվորականի իր ճանապարհը առանց դժվարությունների ու փորձությունների չի եղել։ 44-օրյա պատերազմի ժամանակ Աննան կուրսանտական ընկերներին է կորցրել, տարբեր ժամանակահատվածներում հակառակորդի ձեռնարկած սահմանային սադրանքների ժամանակ ինքն էլ առաջնագծում մի շարք մարտական բարդ խնդիրներ է կատարել: Նույնիսկ այդ ամենի միջով անցնելով՝ ավագ լեյտենանտի համոզմունքը զինվորական ծառայության ու հայրենիքի պաշտպանության հարցում երբեք չի փոխվել։ Պատվաբեր առաքելություն ստանձնելու, ուսերին դրված պատասխանատվության գիտակցումը մշտապես հետին պլան են մղել բոլոր դժվարությունները։
-Զինվորական դառնալը առաջին հերթին պատասխանատվություն է իմ ենթակաների, հայրենիքի, ինքս իմ հանդեպ: Այժմ ծառայությունը ինձ համար ապրելակերպ է: Փորձություններն ինձ շատ են կոփել, բայց նաև կարևոր էր անձնակազմի չափազանց ջերմ ու դրական վերաբերմունքը: Սկզբում եղել եմ մեր զորամասում միակ կին զինծառայողը, որ մարտական հերթապահություն պիտի իրականացնի: Առաջին օրվանից նպատակս նոր ձեռքբերումներ, ծառայողական առաջընթաց ունենալն էր:
Ու աստիճանաբար Աննան սկսեց իրագործել իր նպատակները: Ծառայողական բարձր ցուցանիշներ ունի, վայելում է անձնակազմի ու հրամանատարության հարգանքն ու վստահությունը: Վերջերս էլ դասակի հրամանատարն ստացել է զինվորական հերթական կոչումը։
-«Ավագ լեյտենանտ» կոչմանս երկար եմ սպասել, օրերն էի հաշվում: Շատ էի ուրախացել, երբ հրամանատարը շարքի առաջ հայտարարեց ինձ նոր կոչում շնորհելու մասին: Բոլորը շնորհավորում էին, ծառայողական նորանոր բարձունքներ մաղթում: Նույն պահին ես արդեն մտածում էի առավել պատվով ու բարեխղճորեն ծառայելու մասին:
Ավագ լեյտենանտ Ավետիսյանը հոգեպես ու ֆիզիկապես պատրաստ ծառայում է մարտական դիրքում պայմանագրային զինանձնակազմի հետ միասին։ Որպես պատասխատանու սպա նա իր խնդիրները կատարում է առավելագույն զգոնությամբ ու հպարտությամբ։ Մեծ ընտանիքում յուրաքանչյուրն իր տեղն ու դերը լավ գիտի, անվերապահորեն հարգում է հրամանատարին ու ծառայակից ընկերոջը։ Այն փաստը, որ մարտական դիրքում անմիջական հրամանատարը գեղեցիկ սեռի ներկայացուցիչ է, պայմանագրայիններին ոչ թե կաշկանդում, այլ ավելի ոգևորում է ու պարտավորեցնում՝ ծառայել բազմապատիկ պատասխանատվությամբ, հպարտությամբ ու զգոնությամբ։
-Իրականում դժվար է մարտական հերթապահություն իրականացնել հակառակ սեռի հետ: Բայց ես ունեմ մասնագիտական կրթություն ու գիտելիքս փորձում եմ փոխանցել իմ ենթականերին: Շատ կարևոր է ինձ համար, որ նրանք ամեն ինչ իրականացնեն կրկնակի ճիշտ ու հստակ: Ենթական պիտի գերազանցի հրամանատարին: Միշտ շարժվել եմ այդ կարգախոսով ու փորձում եմ հնարավոր ամեն ինչ անել դրա համար: Ինձ օգնում է նաև իմ երկրորդ մասնագիտությունը՝ հոգեբան-հոգեթերապևտ:
Ծառայությունը դիրքում իրականացնում ենք հնարավորինս համատեղ: Հարկ եղած դեպքում՝ դիտակետում կանգնում ենք միասին, ինժեներական աշխատանքներ կատարում: Երբեմն գիշերային ժամերին մնացել եմ տղաների հետ, որ կարողանան հանգստանալ: Հարգանքն իմ հանդեպ սկսվել է հենց դրանից, որ չեմ ասել՝ ես աղջիկ եմ, դուք տղամարդ եք:
Ու այսպես փորձություններից կոփված ու թրծված, մարտական ծառայության մեջ որպես սպա կայացած երիտասարդ հայուհին պատմում է հարազատ դարձած զորամասային կյանքի, խրամատային ընկերության, հարազատ դարձած երկրորդ ընտանիքի մասին։
-Հայրենիքի սահմանը սկսվում է մեր կանգնած դիրքից՝ առաջնագծից, ու գնում ընտանիք: Եթե ունենք ամուր սահման, ամուր ընտանիք, ուրեմն՝ ունենք ամուր բանակ և պետություն: Այդ կարգախոսով եմ առաջնորդվում: Պատիվ ունեմ սպա լինելու, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայելու:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ
Խորագիր՝ #29 (1542) 27.08.2024 - 03.09.2024, Ազգային բանակ