Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ Է ՀԱՆՁՆՎԵԼ ՆՈՐ ՃԱՇԱՐԱՆ



ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ Է ՀԱՆՁՆՎԵԼ ՆՈՐ ՃԱՇԱՐԱՆԶինված ուժերում բարեփոխումները շարունակվում են տարբեր ուղղություններով: Նպատակը մեկն է՝ հարմարավետ պայմաններ և նոր հնարավորություններ ստեղծելով ավելի գրավիչ դարձնել ծառայության հեռանկարը ռազմական ոլորտում: Բարեփոխումների շարքում պակաս կարևոր չէ նաև ճաշարանային պայմանների արդիականացումը՝ թարմացված ճաշացանկով: Օրեր առաջ զորամասերից մեկում շահագործման հանձնվեց նոր ճաշարան:

 

ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ Է ՀԱՆՁՆՎԵԼ ՆՈՐ ՃԱՇԱՐԱՆՆոր կառուցված ևս մեկ զինվորական ճաշարանից այսուհետև կօգտվեն ավիացիոն զորամասերից մեկի զինծառայողները։ «Մեդիտեք» ընկերությունն է կազմակերպելու զինանձնակազմի սննդի պատրաստումն ու մատակարարումը՝ ՊՆ հետ կնքած պայմանագրի պահանջներին համապատասխան խիստ ուշադրության կենտրոնում պահելով մատուցվող սննդի որակը, ճաշատեսակների բազմազանությունն ու սանիտարահիգիենիկ պայմանները։

Ընկերության սննդի ապահովման ղեկավար Արտյոմ Արզումանյանն է պատմում նոր ճաշարանի մասին:

-Ունենք տարբեր արտադրամասեր՝ ձկան, մսի մշակման և այլն: Յուրաքանչյուրն իր նշանակությամբ ու կարևորությամբ հատուկ առանձնացված է ու հագեցած նոր գույքով, տեխնիկայով, սառնարանային ու խոհանոցային ժամանակակից սարքավորումներով։ Կարծում եմ՝ չկա այնպիսի բան, որը պակաս կլինի մեր ճաշարանում: Մենք աշխատում ենք ամեն ինչ անել, որ մեր ճաշարանը լինի մաքուր, բոլոր չափորոշիչներին համապատասխան: Ճաշատեսակները քննարկում ենք գլխամասում, ընտրում ենք այն տարբերակը, որն ավելի շատ նախընտրում են մեր զինվորն ու սպան:

ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ Է ՀԱՆՁՆՎԵԼ ՆՈՐ ՃԱՇԱՐԱՆԶինծառայողը մեր ճաշարանում ուտելիս պետք է զգա, որ ուտում է՝ ինչպես իր տանը, պետք է լիարժեք սնունդ ստանա՝ անհրաժեշտ կալորիականությամբ ու գնա իր ծառայությունը կատարելու:

Ճաշարանը գործելու է հոսքագծային սպասարկման տարբերակով։ Այս ձևաչափը վաղուց արդեն կիրառելի է և իր արդյունավետությունն է ապացուցել մի շարք այլ զորամասերում։ Դա հավաստում է ԶՈՒ պարենային ծառայության պետ Կարեն Բունիաթյանը:

-Զինված ուժերի բարեփոխումների ծրագրերը շարունակական են, և այդ ծրագրերի շրջանակներում զինված ուժերում առկա տիպային բոլոր ճաշարաններում իրականացվում են ընթացիկ և կապիտալ վերանորոգման աշխատանքներ: Իսկ ոչ տիպային ճաշարանների փոխարեն կառուցվում են նոր, ժամանակակից ճաշարաններ և հագեցվում անհրաժեշտ գույքով և տեխնիկական միջոցներով:

Ճաշի ժամն է մոտենում, ու րոպեներ անց անձնակազմը արդեն պետք է համտեսի օրվա ճաշացանկով նախատեսված ուտեստները։

ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ Է ՀԱՆՁՆՎԵԼ ՆՈՐ ՃԱՇԱՐԱՆՃաշացանկում երկու տեսակի աղցան է, երկու տեսակի ապուր՝ մեկը լոբով ապուր, մյուսը՝ սպաս, հավի մսով, խոզի մսով խորոված, նաև խորոված կարտոֆիլ ու մակարոն՝ հալած պանրով:

Ճաշարանի աշխատակիցները վստահեցնում են՝ «Պատրաստում ենք մեծ սիրով: Հուսով ենք՝ անձնակազմն էլ մեծ սիրով ճաշակում է, գոհ է: Ամեն ինչը որակով է, մաքուր և ժամանակին մատուցվում է զինվորին»:

Ամեն ինչ պատրաստ է անձնակազմին դիմավորելու համար։ Եվ քանի որ օրը խորհրդանշական է, նոր ճաշարանի բացումն ազդարարվում է հանդիսավոր կերպով՝ երկնքում ՍՈՒ-25 օդանավերն են մի քանի պտույտ կատարում զորամասի նոր ճաշարանի շուրջը: Դրան հաջորդում է ավանդական կարմիր ժապավենը կտրելու արարողակարգը։

Յուրաքանչյուր զինծառայող մոտենում է հոսքագծին, վերցնում նախընտրած ուտեստները։ Ճիշտ ժամանակն է համտեսելու խոհարարների պատրաստած կերակուրները։ Օդաչուներն ու տեխնիկները կիսվում են իրենց առաջին տպավորություններով.

-Բազմազանությունը մեծ է, ընտրության հնարավորությունը՝ լայն: Ամեն ինչ համեղ է, շատ որակով ու թարմ:

Զինվորական նոր, ժամանակակից ճաշարանների կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Մինչև տարեվերջ զինված ուժերում շահագործման կհանձնվեն երկու տասնյակից ավելի տիպային այսպիսի ճաշարաններ։

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Խորագիր՝ #29 (1542) 27.08.2024 - 03.09.2024, Ազգային բանակ


10/09/2024