100-ԱՄՅԱԿԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԹԻՄԸ
Հայաստանը պահպանում է շախմատային գերտերության համբավը
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականը ճանաչել է 100-ամյակի լավագույն թիմ։ Այդ մասին հայտարարվել է կազմակերպության հիմնադրման 100-ամյակի առթիվ սեպտեմբերի 20-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած արարողության ժամանակ: Այդ օրերին Բուդապեշտում ընթանում էր շախմատի համաշխարհային օլիմպիադան։ Այստեղ եւս, գրեթե ինչպես միշտ, հայկական թիմը լավ հանդես եկավ։ Բուդապեշտում գերազանց խաղաց նաեւ Հայաստանի կանանց հավաքականը։
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը համաշխարհային օլիմպիադաների եռակի հաղթող է: Շախմատային ամենապատվավոր ավարը՝ Համիլթոն Ռասելի գավաթը, հայ գրոսմայստերների թիմը նվաճել է 2006 թվականին՝ Թուրինում, 2008-ին՝ Դրեզդենում, եւ 2012-ին՝ Ստամբուլում, չեմպիոն հռչակվել նաեւ Եվրոպայի (1999) եւ աշխարհի (2011) թիմային առաջնություններում։ Մեր հավաքականը մեկ անգամ դարձել է օլիմպիադաների արծաթե, երեք անգամ՝ բրոնզե, չորս անգամ՝ աշխարհի թիմային առաջնությունների բրոնզե, երկու անգամ՝ Եվրոպայի թիմային առաջնությունների արծաթե եւ երկու անգամ՝ բրոնզե մեդալակիր։ Ի դեպ, 2022 թվականին Հնդկաստանում անցկացված օլիմպիադայում Հայաստանը եւ Ուզբեկստանը 1-2 տեղերը բաժանեցին, եւ միայն լրացուցիչ ցուցանիշներով մեր թիմը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը: 2016-ին Բաքվում կայացած օլիմպիադային Հայաստանի կանանց եւ տղամարդկանց հավաքականները չեն մասնակցել։
100 տարվա ընթացքում Հայաստանից ավելի շատ շախմատի օլիմպիական չեմպիոնի տիտղոս ունեն ԽՍՀՄ-ը (18 անգամ), Ռուսաստանը (6 անգամ), ԱՄՆ-ը (5 անգամ), սակայն շախմատային գերտերությունների շարքում գլխավոր դափնին շնորհվել է հայկական ընտրանուն, որը երբեք չլինելով իմաստուն խաղի չեմպիոնի կոչման գլխավոր հավակնորդը՝ շախմատային հսկաների շարքում մրցակիցներին գրեթե մշտապես գերազանցել է հենց թիմային ոգով, հաղթողի հոգեբանությամբ ու անզիջում պայքար մղելու հավաքական կամքով։ Մասնավորապես, վերջին օլիմպիադայում Հայաստանի թիմը միջին գործակցով դասակարգվել է 17-րդը, ցույց է տվել 2-րդ արդյունքը եւ միայն լրացուցիչ ցուցանիշներով է մեդալները զիջել ԱՄՆ-ի ու Չինաստանի հզոր թիմերին ու նույնքան միավոր վաստակած մյուս ընտրանիներին եւ հանգրվանել 6-րդ տեղում։
ԱՐՄԵՆ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ
Խորագիր՝ #31 (1544) 13.09.2024 - 20.09.2024, Մարզաշխարհ