Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՅՐ ՈՒ ՈՐԴԻՆ



ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՅՐ ՈՒ ՈՐԴԻՆԱյս հոդվածում պատմելու ենք հայր և որդի Ֆերոյանների մասին։ Նրանք ձևավորում են Հայրենիքի պաշտպանության ընտանեկան ավանդույթներ, երբ սերնդեսերունդ փոխանցվում է հայրենի եզերքը ամուր և անառիկ պահելու կարևոր ու պատասխանատու առաքելությունը։ Հայրը՝ Արմեն Ֆերոյանը, շուրջ երեք տասնամյակ ծառայել է տարբեր զորամասերում, այժմ՝ ՊՆ վարչական համալիրում։ Որդին՝ Ալեքսանդրը, որոշել է շարունակել հոր ուղին, այս տարի ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ռազմաօդային ուժերի ինստիտուտ։

 

Այս ընտանիքում հայրենիքի պաշտպանի մասնագիտությունն անկախ դժվարություններից վաղուց արդեն կենսակերպի սիրված ու կարևոր տարր է, որի շարունակականությունն այսօր նաև Ֆերոյանների որդին է ապահովում։ Կուրսանտ Ֆերոյանը ընդամենը մի քանի շաբաթ է, ինչ ուսանում է ռազմական բուհում։ Ընտրել է ռադիոէլեկտրոնային սարքավորումների մասնագիտությունը՝ նպատակադրված գերազանց առաջադիմությամբ ավարտելու ռազմական կրթօջախը։

-Փոքր տարիքից հայրիկիս տեսել եմ համազգեստով, ոգեշնչվել նրանով: Հենց այդ պատճառով էլ որոշեցի դառնալ զինվորական, ինձ համար դա պատվաբեր առաքելություն է։ Պատրաստվում եմ սովորել շատ լավ։ Ուսումնական առօրյան հետաքրքիր է: Առավոտյան վերկացից հետո ֆիզիկական պատրաստություն է, ապա մասնագիտական դասերի հերթն է: Անցնում ենք նաև ծրագրավորում, տարբեր լեզուներ: Մեր ընտանիքում կա զինվորական, և այդ փաստն ինձ պարտավորեցնում է ծառայել ավելի զգոն, ավելի լավ, միշտ կատարել իմ առջև դրված խնդիրները և լինել կարգապահ:

Կուրսանտական առօրյան հետաքրքիր է ու հագեցած բազմաթիվ դասերով, որոնք դեռ կոփելու և օրեցօր ավելի պատրաստված ու գրագետ են դարձնելու ապագա զինվորականին։ Մինչ Ալեքսանդրը հայրենիքի պաշտպանի մասնագիտությունը սովորելու առաջին քայլերն է անում ռազմական կրթօջախում, նրա հայրը փոխգնդապետ է, զինված ուժերում է քառորդ դարից ավելի։ Փոխգնդապետ Ֆերոյանը գերազանցությամբ ավարտել է Օմսկի տանկային ինժեներական ինստիտուտը։ 27 տարի լինելով բանակի շարքերում՝ մի շարք զորամասերում զբաղեցրել է զինվորական տարբեր պաշտոններ։

-Զինվորական լինելն ինձ համար պատիվ է։ Գիտակցելով զինվորական գործի կարևորությունը՝ ընտրել եմ այս մասնագիտությունը հայրենիքիս ծառայելու իմ բաժին առաքելությունը կատարելու համար:

Ես սովորում եմ, աշխատում եմ ինձ վրա, որ ավելի ժամանակակից մոտեցումների կարողանամ տիրապետել։ Զինվորական գործում նորարարությունները շատ են, առաջ գնալու լայն հորիզոններ են բացվում։ Անցած 27 տարիները դիտարկում եմ որպես փորձ՝ հետագայում ծառայությունս շարունակելու համար։ Յուրաքանչյուրը պետք է իր ներդրումն ունենա մեր բանակի հզորացման, մարտունակության ամրապնդման գործում։

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՅՐ ՈՒ ՈՐԴԻՆՉափազանց կարևորելով կարգապահության գործոնը զինվորական միջավայրում՝ փոխգնդապետը առանձնացնում է ևս մի քանի կարևոր հատկանիշներ, որոնցով պետք է առաջնորդվի սպան առօրյա ծառայության ընթացքում։ Նա համոզված է՝ տարիներ անց նաև որդին է համալրելու բանակի սպայակազմի շարքերը՝ ունենալով անհրաժեշտ հատկանիշները։ Այդպես է դաստիարակվել փոքրուց, իսկ այսօր արդեն զինվորական համազգեստ կրելով պետք է ջանք ու եռանդ չխնայի այդ համազգեստի էությունն ու այն կրելու ողջ պատասխանատվությունը պատվով ստանձնելու համար։

-ՀՀ բանակի սպան պետք է լինի արդար, խիստ, բայց և բարի, ունենա անհատական մոտեցում ամեն զինծառայողի հանդեպ, կարողանա ձևավորել զինվորական կուռ կոլեկտիվ։ Ուրախ եմ, որ տղաս, նույնիսկ տեսնելով իմ անցած դժվարությունները, ընտրեց զինվորականի ուղին։ 2008-2017 թվականներին Նոր տարին նա դիմավորել է ինձ հետ զորամասերում: Վստահ եմ՝ որդիս կդառնա լավ զինվորական,  որովհետև դա իր ընտրությունն է։

Աշխատանքային շաբաթվա ավարտին Ֆերոյանների ընտանիքը հավաքվել է ամբողջ կազմով։ Իհարկե, այսպես հաճախ չի պատահում՝ հաշվի առնելով զինվորականի կյանքի ու ծառայության առանձնահատկությունները։ Բոլորն էլ ըմբռնումով են մոտենում, կարողանում են լիարժեք վայելել համատեղ անցկացրած ամեն պահը: Տանտիկինը՝ Արգինե Ֆերոյանն ասում է.

-Դժվար է զինվորականի կին լինելը, ամեն փորձություն միասին հաղթահարելը: Հիմա էլ նույն ճանապարհը որդուս հետ եմ անցնելու: Բայց քաջ գիտակցելով նրա ընտրած մասնագիտության կարևորությունը՝ հպարտությամբ եմ ընդունել այդ որոշումը: Ժամանակին ես էլ եմ համազգեստ կրել, զգացել եմ այդ պատասխանատվությունը և որդուս խորհուրդ եմ տվել իր պարտքը հայրենիքին կատարել հպարտությամբ։

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Խորագիր՝ #31 (1544) 13.09.2024 - 20.09.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


30/09/2024