Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՅՐ ՏԱՃԱՐԸ ՎԵՐԱՕԾՎԵՑ



ՄԱՅՐ ՏԱՃԱՐԸ ՎԵՐԱՕԾՎԵՑՍեպտեմբերի 29-ին տեղի ունեցավ Էջմիածնի Մայր Տաճարի վերաօծման արարողությունը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մայր Տաճարի Ավագ Խորանի Սուրբ Սեղանը և մատուցվեց Հայրապետական Սուրբ Պատարագ։

Տարիներ տևած վերանորոգման աշխատանքներից հետո բացվեցին Մայր Տաճարի դռները: Դարերի ընթացքում ծխի և մրի շերտով պատված որմնանկարները ստացել են իրենց նախկին գույները: Փակվել են գմբեթի ճաքերը, ամրացվել սյուներն ու պատերը, ամրակայվել են գմբեթակիր չորս սյուները, զանգակատունը: Աննախադեպ ծավալով հիմնանորոգումն իրականացրել են հանրապետության առաջատար մասնագետները:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը աշխարհասփյուռ հայության սրբազան ուխտատեղին է և Ամենայն Հայոց կաթողիկոսության նստավայրը՝ Վեհարանը։ Այստեղ է գտնվում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր կենտրոնը՝ Մայր տաճարը։

Ագաթանգեղոսի վկայությամբ՝ Էջմիածնի Մայր տաճարը կառուցվել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով։ Նա տեսնում է, թե ինչպես Աստծու Միածին Որդին երկնքից իջնում և ոսկե մուրճով հարվածում է գետնին՝ ցույց տալով այն վայրը, որտեղ պետք է կառուցվի տաճարը: Էջմիածին (իջավ Միածինը) անունն առաջին անգամ գործածել է XIII դարի պատմիչ, Սյունյաց մետրոպոլիտ Ստեփանոս արքեպիսկոպոս Օրբելյանը։

Մինչև V դարի վերջը Էջմիածնի Մայր տաճարի մասին միակ հավաստի տեղեկությունը մեզ փոխանցել է Ղազար Փարպեցին։ Նա գրել է 484 թ. տաճարի հիմնովին վերակառուցման մասին, որն իրականացրել է Հայաստանի կառավարիչ Վահան Մամիկոնյանը Հովհաննես Ա. Մանդակունի կաթողիկոսի օրոք։ Այս վերակառուցումից հետո Մայր տաճարն ստացել է հատակագծային ու ծավալատարածական իր այժմյան հիմնական տեսքը։ Խաչաձև-կենտրոնագմբեթ, քառամույթ, քառախորան հայկական եկեղեցական այս հորինվածքը մեծ ավանդ է համաշխարհային քրիստոնեական ճարտարապետության պատմության մեջ: IX-XI դարերում այն տարածվել է նաև Եվրոպայում։

ՄԱՅՐ ՏԱՃԱՐԸ ՎԵՐԱՕԾՎԵՑ615-628 թթ. Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսը փայտյա գմբեթի փոխարեն կառուցել է քարե գմբեթ։ Իսկ Ներսես Գ Տայեցի կաթողիկոսը տաճարն ընդարձակելու նպատակով չորս կողմերից պատերի մեջ ամփոփված աբսիդները (շինության կիսաշրջանաձև ելուստ) արտաքին պատերից դուրս է հանել։

Մայր տաճարի հատակագիծն իր վերջնական ձևն ստացել է VII դարում։ 1629-1632 թթ. հիմնովին նորոգվել և նոր շինություններով է համալրվել Մովսես Գ Տաթևացի կաթողիկոսի օրոք։ 1654-1658 թթ. Փիլիպոս կաթողիկոսը մուտքի առջև կառուցել է զանգակատուն։ Աստվածատուր Ա Համադանցի (1715-1725) կաթողիկոսի օժանդակությամբ հայ նշանավոր մանրանկարիչ Նաղաշ Հովնաթանն սկսել է տաճարի նկարազարդումը։

XVII դարի սկզբին պարսից շահ Աբաս Ա-ն որոշում է քանդել Մայր տաճարը։ Բարեբախտաբար, այս չարամիտ նպատակը խոջա Նազարի ջանքերով կանխվում է, սակայն հետագայում տաճարի հանգուցային տեղերից հանվում է 15 քար և տեղափոխվում Պարսկաստան: Սպահանի մոտ Մայր տաճարի նմանությամբ նոր տաճար են կառուցում, որպեսզի հայրենիքից տեղահանված հազարավոր հայերն ունենան հայրենիքի տաճարի նման հզոր ու ազդեցիկ հոգևոր կենտրոն։

ՄԱՅՐ ՏԱՃԱՐԸ ՎԵՐԱՕԾՎԵՑ1869 թ. Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսի հայրապետության շրջանում Ռուսաստանի հայ համայնքի միջոցներով Մայր տաճարի հարավարևելյան պատին կից կառուցվել է թանգարան՝ Ավագ խորանի ողջ լայնությամբ՝ հարավային և արևելյան կողմերում։ Մինչ այդ հայ եկեղեցու սրբազան մասունքները պահվում էին բեմի հետևում գտնվող սրահներում և արևելյան պահոցներում։ Թանգարանում արծաթե մասնատուփի մեջ պահվում են Սուրբ Գեղարդը, որով խոցել են Քրիստոսի կողը, Նոյյան Տապանի մասունքը, Քրիստոսի սուրբ Խաչափայտի մասունքը, Աշոտ Երկաթի մասնատուփով խաչը, Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների աջերը, Սուրբ Գևորգի, Սուրբ Անդրեասի մասունքները, Կոմիտաս Վարդապետի խույրը և այլ սրբություններ։ Թանգարանում իր ուրույն տեղն ունի Մյուռոնի արծաթյա կաթսան, որտեղ պահվում է Սրբալույս Մյուռոնը։ Ոչ պակաս արժեքավոր և ուշագրավ են ցուցադրության դրված հայրապետական և վարդապետական գավազանները, ինչպես նաև Խրիմյան Հայրիկ կաթողիկոսի շուրջառը։

Մայր տաճարի ներքին հարդարանքի գլխավոր մասն են կազմում կաթողիկոսական գահերը։ Բեմի դիմաց առաջին գահը 1721 թ. պատրաստել և սուրբ Էջմիածնին են ընծայել իզմիրահայերը։ Գահը ծածկված է լայն գմբեթով՝ պատված մարգարիտներով ու ոսկով։ Երկրորդ գահը Մայր Աթոռին է նվիրաբերել Հռոմի Ինոկենտիոս XIII Պապը 1696 թ.։

Մայր տաճարի ամբողջական վերանորոգումը եղել է նաև Խորեն Ա Մուրադբեկյան կաթողիկոսի (1932-1938) մտահոգությունը։ Նա հանձնարարում է ԱՄՆ մեկնած Մայր Աթոռի միաբան Գարեգին արքեպիսկոպոս Հովսեփյանին հանգանակություն կազմակերպել տաճարի վերանորոգության համար։ Շուտով արքեպիսկոպոսը հայտնում է Վեհափառին, որ ամերիկացի մեծահարուստ Ռոկֆելլերը ցանկանում է ֆինանսավորել վերանորոգման աշխատանքները։ Խորեն Մուրադբեկյան Վեհափառը մերժում է առաջարկը՝ ասելով. «Մայր տաճարը հայ ժողովրդի պատմական նվիրական սրբությունն է և Լուսո խորանը, և նրա վերանորոգության գործը հայ ժողովրդի պարտականությունն ու իրավունքն է»։

ՄԱՅՐ ՏԱՃԱՐԸ ՎԵՐԱՕԾՎԵՑՄինչև XX դարը յուրաքանչյուր նոր կաթողիկոսի գահակալության օրոք որոշակի ամրակայման ու վերանորոգության աշխատանքներ են իրականացվել Մայր տաճարում։ Վազգեն Ա Պալճյան կաթողիկոսի (1955-1994) օրոք Ավագ խորանի տակ կատարվել են նաև հնագիտական պեղումներ։

2000 թվականին Էջմիածնի Մայր տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։

2012 թվականին սկսվել են Մայր տաճարի համալիր և հիմնարար նորոգման աշխատանքները։ Ինչպես մասնագետներն են փաստում՝ այս հիմնանորոգումը վերջին մի քանի հարյուրամյակների մեծագույն ձեռնարկությունն է, որ կատարվել է աշխարհի տարբեր ծագերում բնակվող մեր ժողովրդի զավակների անմիջական մասնակցությամբ։ Տաճարի դռները բաց են եղել մինչև 2018 թվականի նոյեմբերը։ Այդ ընթացքում կատարվել են Եղեռնի նահատակների Սրբադասման արարողությունը և Մյուռոնօրհնեքը: 2016 թ. Սուրբ Էջմիածին է այցելել Հռոմի Ֆրանցիսկոս Պապը։

Վերաօծյալ Մայր տաճարը մշտապես լինելու է հայ ժողովրդի ազգային և հոգևոր կյանքի առանցքը, մեր միասնականության և հարատևության խորհրդանիշը: Այն նոր ամրություն է հաղորդելու հայ ժողովրդին ու լավատեսություն։

 

Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ

Խորագիր՝ #32 (1545) 26.09.2024 - 02.10.2024, Հոգևոր-մշակութային


07/10/2024