Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՆԿԻՍՏՆԵՐԸ



ՏԱՆԿԻՍՏՆԵՐԸՄեր բանակի տանկիստները բազմիցս աչքի են ընկել իրենց սխրանքով ու նվիրումով: Զինված ուժերի կազմավորումից սկսած՝ նրանք սերնդեսերունդ փոխանցել են գիտելիքն ու վարպետությունը: Այսօր էլ տանկային ստորաբաժանումները շարունակում են կատարելագործել իրենց մասնագիտական կարողությունները, մարտունակ պահել տեխնիկան, սպառազինությունը՝ առաջադրանքներն արդյունավետ կատարելու համար:

Տանկային զորամասերից մեկում ենք: Մերօրյա տանկիստ ժամկետայիններն արդեն փորձառու վարպետներ են դարձել: Նրանք գիտեն առաջադրանքն արագ, անվտանգ, արհեստավարժորեն կատարելու հիմնական բանաձևը՝ ամենօրյա մարզումներ, սխալների շտկում, ունակությունների ու հմտությունների կատարելագործում: Ու ամեն ինչ անում են ըստ հերթականության, ըստ կարգի, ըստ կարևորության: Տղաները լավ գիտեն՝ տանկիստը համարվում է արհեստավարժ, երբ անձնակազմի չորրորդ անդամը՝ տանկն անթերի վիճակում է:

-Տանկի անձնակազմը երեք հոգուց է բաղկացած,-ասում է Արթուր Մարությանը,- ես ասում եմ՝ կա նաև չորրորդը՝ հենց տեխնիկան, որին պետք է հարգել, սիրել, կարևորություն տալ, ինչպես անձնակազմի անդամներից յուրաքանչյուրին: Տանկը մարտի դաշտում մեծ դեր է խաղում, իսկ դա ապահովելու համար անձնակազմը պետք է լինի մարտունակ, տեխնիկան էլ խնդիրներ չառաջացնի: Պարբերաբար իրականացնում ենք մեր մարտական տեխնիկայի սպասարկում, հետևում ենք, խնամում: Ցանկացած խնդիր վերացվում է անձնակազմի արհեստավարժության շնորհիվ:

Տղաներն ամեն օր, ամեն շաբաթ խնամում ու սպասարկում են մարտական միջոցները, ստուգում ու վերացնում թերությունները: Սև համազգեստով, սևացած ձեռքերով, բայց հպարտությամբ են ամփոփում օրը՝ «երկաթե նժույգը» պատրաստ է ցանկացած առաջադրանքի:

ՏԱՆԿԻՍՏՆԵՐԸԺամկետայիններից շատերի համար տանկը հարազատ տեխնիկա է, ժամանակին հայրը կամ հորեղբայրը նույնպես այս տեխնիկայի շահագործող են եղել: Նրանց շարքում է Դավիթ Մանուկյանը:

-Հայրս նույնպես ծառայել է որպես տանկի մեխանիկ-վարորդ: Երբ իմացա, որ ուսումնական զորամասում նույն մասնագիտությունն եմ սովորելու, շատ պարտավորեցնող էր, կարելի է ասել՝ շարունակում եմ հայրիկիս գործը: Քաղաքացիական կյանքում աշխատել եմ որպես մեխանիկ, և հիմա առավել հաճույքով եմ ծառայում, որովհետև մասնագիտությունն ինձ սկզբից էլ հասանելի է: Տանկը թիմային զինատեսակ է, բայց մեխանիկ-վարորդի պատասխանատվությունն ավելի մեծ է, որովհետև տեխնիկական ամբողջ սպասարկումը հանձնված է ինձ: Ես ձգտում եմ պատվով իրականացնել պարտականություններս, այնպես անել, որ ցանկացած պահի մարտական հզոր տեխնիկայի շարժիչը գործարկվի:

Տանկի սպասարկումը առօրյայի մաս է, հրաձգությունը՝ սպասված ու ցանկալի ակնթարթ: Յուրաքանչյուրն է ցանկանում գործի դնել իր մարտական հսկային ու նշանակետ խոցել: Լյովա Մոռոյանն է խոսում ծառայությունից իր տպավորությունների մասին:

-Տանկից հրաձգություն վարելը չափազանց հաճելի զգացողություն է, նաև ադրենալինի մեծ չափաբաժին: Թիրախը խոցելիս ոգեւորությունն աննկարագրելի է: Մենք անընդհատ կատարելագործվում ենք, մեր ժամանակն աշխատում ենք ճիշտ օգտագործել, զարգանալ գործնականում: Իրականում սկզբում կա լարվածություն, բայց ժամանակի ընթացքում այն անցնում է, հաղթահարում ես ցանկացած հոգեբանական և մասնագիտական դժվարություն: Մեր գործում անհրաժեշտ է ինքնատիրապետում, հանգստություն, որովհետև միայն այդպես կարելի է հասնել առավելագույն արդյունքի:

ՏԱՆԿԻՍՏՆԵՐԸԹե ինչ կարող է անել տանկը մարտի դաշտում տղաներն օրինակներով գիտեն: Մարտական գործողություններում այս զորատեսակի մարտիկներն անձնուրաց են գործել ու խնդիր կատարել: Հիմա իրենց հերթն է շարունակելու ավագների գործը, գերազանց կատարելու առաջադրանքները: Այս հարցում սպաները խիստ են, ուշադիր ու յուրաքանչյուր զինվորի կողքին:

-Բոլորս էլ լսել ենք պատմություններ, թե ինչպես են տանկիստ զինվորներն ու սպաները մարտի դաշտում տարատեսակ գործողություններ կատարել: Մի այդպիսի դեպք է տպավորվել, երբ իրենց տանկը խոցվելուց հետո անձնակազմը դուրս է եկել, ուրիշ տանկով շարունակել մարտը: Ու ոչ ոք չի լքել մարտի դաշտը այդ իրավիճակում: Նման պատմություններով մենք փորձ ենք ձեռք բերում, նաև ներշնչվում ենք հետագա գերազանց ծառայության,-ասում է Արթուրը:

Հանրապետության զորավարժարաններում տարբեր եղանակային պայմաններում վարժանքներ են կատարել, հրաձգությունը բարեհաջող է անցել և լավագույններն այս շաբաթ պարգևատրվել են: Իրենց մասնագիտական օրը հանդիսավոր արարողությամբ նշել ու անմիջապես անցել են հերթական պարապմունքին:

Մեր բանակի տանկային ստորաբաժանումները բազմիցս են ցուցադրել իրենց կարողությունները: Տանկիստները մարտական գործողություններում, զորավարժություններում փայլուն են գործել, ապահովել յուրայինների անվտանգությունը, նպաստել բազմատեսակ սցենարներով առաջադրանքի կատարմանը: Այսօր էլ տանկիստները շարունակում են կատարելագործվել, արդեն ժամանակակից մարտերում ավելի արդյունավետ գործելու, նոր մարտահրավերներին դիմակայելու համար:

 

ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ

Խորագիր՝ #33 (1546) 04.10.2024 - 11.10.2024, Ազգային բանակ


16/10/2024