Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱՐԺԱԴԱՇՏՈՒՄ ԱՊԱԳԱ ՀՐԵՏԱՆԱՎՈՐՆԵՐՆ ԵՆ



ՎԱՐԺԱԴԱՇՏՈՒՄ ԱՊԱԳԱ  ՀՐԵՏԱՆԱՎՈՐՆԵՐՆ ԵՆԶինված ուժերի ուսումնական կենտրոնները տեսական և գործնական ամենօրյա դասերի միջոցով պատրաստում են նոր մասնագետների: Այդ կենտրոններից մեկում մոտ երեք ամիս անց հրետանավորների նոր խումբը պատրաստ կլինի մարտական ծառայության: Սպայակազմը մինչ այս նորակոչիկներին սովորեցրել է զինվորական այբուբենը, այժմ արդեն տղաները հիմնական մասնագիտությանն են ծանոթանում՝ ինչպես շահագործել, սպասարկել հրետանին և ինչպես կրակ վարել:

 

Լսարաններից մեկում տեխնիկական պատրաստության պարապմունք է: Հագեցած ուսումնական առօրյայի հերթական դասաժամի ընթացքին հետևում է ստորաբաժանման հրամանատարը: Նա կուրսանտներից հետաքրքրվում է՝ որքանո՞վ են հեշտ ընկալելի բացատրվող նյութերը, կա՞ն անհասկանալի հարցեր, թե՞ ոչ:

-Կուրսանտը պետք է թեման յուրացրած դուրս գա լսարանից,- ասում է Հովհաննես Այվազյանը: -Սպայական կազմը կարողանում է իր փորձն ու գիտելիքները փոխանցել անձնակազմին, այնպես անել, որ կուրսանտներից յուրաքանչյուրը գիտակցի՝ ինքը ապագա հրամանատար է: Արդեն ճամբարային հավաքների ընթացքում զինվորները գործնականում տիրապետելու են մարտական մեքենաների և հրանոթների հնարավորություններին և կատարելու են մարտական հրաձգություն:

Նախքան զորավարժարանում կուրսանտներն առաջին անգամ մարտական կրակ կվարեն հրետանային տարբեր միջոցներից, պետք է լավագույնս սերտել հրանոթների, մարտական մեքենաների տեխնիկական բնութագրերը, յուրաքանչյուրի կառուցվածքն ու առանձնահատկությունները։

-Օրը անցնում է հագեցած, սովորում ենք կատարել մեր առջև դրված խնդիրները: Մեզնից կախված ամեն ինչ անում ենք, որ դառնանք լավ մասնագետներ: Օրեցօր ավելի եմ կատարելագործում իմ գիտելիքները, ինչը պետք է մարտունակ զինվոր լինելու համար,- ասում է կուրսանտ Սպարտակ Դավթյանը:

Իսկ մարտունակ զինվոր դառնալու գլխավոր գրավականն, իհարկե, սովորելն է, զենքին ու զինտեխնիկային գերազանց տիրապետելը։ Ուսումնական աշխույժ եռուզեռ է վարժադաշտի յուրաքանչյուր անկյունում։ Զինվորները զբաղեցնում են հաստիքային տեղերը ինքնագնաց հրետանային կայանքում, հրանոթները նախապատրաստում կրակի վարմանը։ Այս դասաժամի թեման է՝ կրակի վարումը փակ կրակային դիրքից:

ՎԱՐԺԱԴԱՇՏՈՒՄ ԱՊԱԳԱ  ՀՐԵՏԱՆԱՎՈՐՆԵՐՆ ԵՆԿարճատև դադարի ժամանակ Թորգոմ Բրուտյանն է ներկայացնում իր տպավորությունները:

-Օրակարգը շատ խիտ է: Օրն սկսվում է առավոտյան ֆիզպատրաստությամբ, հետո գնում ենք ճաշարան ու անցնում ենք դասերին՝ մասնագիտական, տեխնիկական: Մեզ այստեղ ուսուցանում են այնպես, որ հիմնական ստորաբաժանում մեկնենք որպես շատ լավ մասնագետներ: Ծառայում եմ այն գիտակցումով, որ մարտունակ զինվոր դառնամ ու լավ տիրապետեմ իմ զենքին՝ ինքնագնաց հրետանային կայանքին: Վստահ եմ, որ լավ մասնագետ եմ դառնալու՝ ձգտելով նմանվել մեր սպաներին ու սերժանտներին:

Բացազատված ուսումնական կետերում ամեն հաշվարկ նախ հրահանգավորվում է, ապա անցնում խնդրի կատարմանը։ Առաջնահերթ ուշադրություն է դարձվում անվտանգության կանոնների պահպանմանը: Ուսումնական առաջադրանքը պետք է կատարել արագ ու ներդաշնակ քայլերի ճիշտ հաջորդականությամբ։ Սա է հենց գործնական պարապմունքների գլխավոր նպատակը՝ օրեցօր հղկել անձնակազմի գործողությունները, զարգացնել դաշտային վարժվածությունը և քայլ առ քայլ պատրաստվել առաջին մարտական հրաձգությանը։

Արտյոմ Սարգսյանը՝ ընդամենը երեք ամիս ծառայության անցած ապագա հաշվարկի հրամանատարը, վստահ է՝ ուսումնական կենտրոնից հիմնական զորամաս իր հետ գիտելիքների ու հմտությունների մեծ պաշար է տանելու։

-Մեր առաջադրանքը հրանոթը մարտի բերելն է երթային դիրքից: Դժվար չէ, եթե սիրում ես քո զենքը, զգում ես պարտականությունդ: Պետք է հասկանաս, որ քեզնից շատ բան է կախված, ու դժվարությունները հաղթահարելի կլինեն: Դեռևս  իմ զենքին տիրապետում եմ բավարար մակարդակի, սակայն որոշակի ժամանակ անց անընդհատ պարապմունքների շնորհիվ մենք կարող ենք հասնել կատարյալ մակարդակի: Ինքս զգում եմ փոփոխությունը:

Մյուս ուսումնական կետում նույնպես աշխատանքը հրետանու և հրանոթների հետ է։ Հրետանու դերը բոլորն են քաջ գիտակցում ու սերտում մասնագիտական դասերը:

-Հրետանին շատ կարևոր դեր ունի մեր բանակում: Ամեն օր դասերի ընթացքում կատարելագործում ենք մեր ունակությունները, մի նոր բան սովորում: Ոգևորվում ենք, երբ կարողանում ենք հրանոթն առավել լավ շահագործել,- նշում է Էրիկ Բադալյանը:

Իհարկե, այդ ոգևորությունն ու լավագույն արդյունքի հասնելու ձգտումը նաև անմիջական հրամանատարների ամենօրյա ջանքերի արդյունքն է։ Դասակի հրամանատար Նարեկ Ավետիսյանը «Պատիվ ունեմ» ծրագրով է անցել ծառայության: Նա մյուս սպաների հետ միասին ենթականերին սովորեցնում է կրակ ղեկավարել, հրաձգություն կատարել: Վստահ է՝ հիմնական զորամասերում կուրսանտները իրենց լավ կդրսևորեն որպես հրանոթի հրամանատարներ:

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Խորագիր՝ #33 (1546) 04.10.2024 - 11.10.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


16/10/2024