Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԱՀՄԱՆԸ ՄԵԶ Է ՎՍՏԱՀՎԱԾ



ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկի պահպանության գոտում ենք: Մարտական դիրքերից մեկում հերթապահության ընդգրկված զինծառայողները պատմում են ծառայության կազմակերպման մասին: Դիրքի ավագը և դիտորդները բարձր պատասխանատվությամբ կատարում են իրենց պարտականությունները՝ հուսալիորեն ապահովելով սահմանի տվյալ հատվածի իրենց վստահված դիրքի պահպանությունը:

Դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Դավթյանը ներկայացնում է ծառայողական անցուդարձը՝ պարբերաբար ստուգելով անձնակազմի զգոնությունը, մասնագիտական պատրաստվածությունը: Այնուհետև իր հրամանով զինծառայողներն անցնում են մարտական հաշվարկով նախատեսված պարտականությունների իրականացմանը:

-Անձնակազմը մշտապես պատրաստ է: Գիշեր, թե ցերեկ, անկախ եղանակային պայմաններից, բոլորս զգոն ծառայություն ենք իրականացնում, – ասում է կրտսեր սերժանտ Դավթյանը: -Ես Սևան քաղաքից եմ, արդեն 2 տարի է՝ ծառայության եմ անցել ՀՀ զինված ուժերում «Պաշտպան հայրենյաց» ծրագրով: Շատ կարևոր որոշում եմ կայացրել: Ընտրելով այս ծրագիրը՝ ստանձնել եմ երկրիս սահմանների պահպանության սուրբ գործը և միաժամանակ լուծել եմ կենսական շատ հարցեր: Ուրախ եմ, որ բոլորս այստեղ հասկանում ենք մեր առաքելության կարևորությունը: Անձնակազմը մի ընտանիքի պես է, ամուր բռունցք՝ շաղախված յուրաքանչյուր զինծառայողի դրական հատկանիշներով և հարուստ գիտելիքներով:

Զրուցեցինք նաև ազատ հերթափոխի տղաներից մի քանիսի հետ:

-Ես դիտորդ, կրտսեր սերժանտ Նավասարդյանն եմ, արդեն 7 տարի է՝ պայմանագրային զինծառայող եմ,- խրոխտ ներկայանում է սերժանտը: -Մանկուց սիրել եմ զինվորական գործը: Վարդենիս քաղաքից եմ, լավ հասկանում եմ սահմանի պահպանության կարևորությունը: Մարտական դիրքում առանձնակի ուշադիր ենք, որովհետև ոչ միայն ինքներս մեզ, այլև սահմանից սկսվող մեր ընտանիքը, մեր տունն ենք պաշտպանում:

Դիտորդներ Գնունյանը և Յայլոյանը զորամասի լավագույն զինծառայողներից են: Նրանց միավորում է նվիրվածությունը զինվորական կյանքին և հայրենիքին: Մասնագիտությամբ շինարար, իսկ հիմա հրաձիգ Յայլոյանը նշում է՝ հպարտ ենք, որ հայրենիքի սահմանը նաև մեզ է վստահված:

ՀԱՅԿ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐՄԱՆ ԱՐՇԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #33 (1546) 04.10.2024 - 11.10.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


16/10/2024