ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԲԱՐՁՈՒՆՔ
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում սաների համար որակյալ և մրցունակ կրթություն ապահովելու շեշտադրումն անփոփոխ է, հստակ ձևակերպված կրթահամալիրի որդեգրած կարգախոսում՝ «Ճանապարհ դեպի բարձունք»: Բարձր առաջադիմությամբ սովորելու ձգտում այստեղ բոլորն ունեն՝ քաջ գիտակցելով, որ մոնթեական, իսկ ապագայում հայրենիքի պաշտպան դառնալու հնարավորություն միայն լավագույններին է տրվում:
Գայանե Արզիկյանն Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն գյուղից է, արդեն երկրորդ տարին է, ինչ սովորում է ռազմամարզական վարժարանում: Ընտանիքում մշտապես հայրենասիրական թեմաներ են արծարծվել, երիտասարդ աղջիկը դպրոցում ևս դաստիարակվել և կրթվել է հայրենասիրական ոգով: Հենց այստեղ սովորելով ու կոփվելով էլ շարժվում է իր երազանքի իրագործման ճանապարհով՝ ուզում է զինվորական ուղին ընտրել:
-Մոնթեական դառնալը իմ կյանքի կարևորագույն որոշումներից մեկն է, այդ մասին դեռ մանկուց եմ երազել: Ճիշտ է, ծնողներս դեմ են եղել, բայց կարողացել եմ նրանց համոզել և իրագործել որոշումս: Ընտանիքումս զինվորականներ չկան, ես առաջինը կլինեմ: Կրթությունս շարունակելու եմ ռազմական բուհում, ուզում եմ ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա, ստանալ հրետանավորի որակավորում: Սկզբում դժվար էր հարմարվել զինվորական առօրյային, սակայն բոլոր խոչընդոտներն էլ հաղթահարելի են, հատկապես, երբ գիտակցում ես, թե համազգեստ կրելը ինչ մեծ պատասխանատվություն է:
Ռոման Գուլյանցն էլ ընդամենը մի քանի ամիս է, ինչ մոնթեական է, սակայն նա եւս հասցրել է վարժվել և հարմարվել զինվորական առօրյային: Երիտասարդ տղան առաջին քայլերն է անում այս վարժարանում, սակայն ապագա անելիքներն ու նպատակները հստակ են:
-Ընկերներիցս մեկն այստեղ է սովորել, շատ է պատմել կրթական միջավայրի, ուսումնական հնարավորությունների մասին: Այդ ամենը հետաքրքրեց ինձ, ու որոշեցի ընդունվել վարժարան: Վերկացից հետո մարզվում ենք, ապա գնում ենք ճաշարան: Ճաշարանից հետո սկսվում են դասերը։ Բոլոր դասաժամերն էլ հետաքրքիր են, միշտ նոր բան ենք սովորում: Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն ավարտելուց հետո որոշել եմ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա ընդունվել, սպա դառնալ:
Վարժարանում առօրյան խիստ հագեցած է: Մոնթեականների համար ապահովված են գիտելիք ձեռք բերելու և բանիմաց զինվորական դառնալու բոլոր պայմանները: Լևոն Խաչատրյանը պատմում է.
-Հիմնական դասերից հետո էլ մենք միշտ ինչ-որ բանով զբաղվում ենք: Ունենք սպորտի, լեզուների խմբակներ, օրինակ՝ ես իտալերեն եմ սովորում, հաճախում եմ լողի, մասնակցում եմ անհատական այլ խմբակների:
Լևոնը վարժարան է ընդունվել ավագ եղբոր խորհրդով, որը ևս մոնթեական է եղել։ Ինչպես մոնթեականների մեծամասնությունը, այնպես էլ երկրորդ կուրսում սովորող Լևոնը որոշել է ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա՝ ավիաինժեներական բաժին: Իր նպատակին հասնելու համար նա ոչ մի դժվարության առջև չի ընկրկում. փորձում է հնարավորինս շատ գիտելիք ու հմտություն ձեռք բերել, օրինակելի սան լինել:
-Այստեղ սովորելը մեծ պատիվ է և պատասխանատվություն: Յուրաքանչյուր մոնթեական պարտավոր է գիտակցել, որ հետագայում ինքը պետք է լինի իր հայրենիքի արժանի սպան։
Վարժարանում գիտելիքն ու ռազմական գործն առաջին տեղում են: Հանրակրթական ավագ դպրոցի ծրագրով նախատեսված բոլոր առարկաներին զուգահեռ ուսուցանվում է նաև ռազմագիտական ինը առարկա:
-Անցնում ենք մարտավարության, կրակային, լեռնային պատրաստության դասեր և այլն,- ասում է Դիանա Ավետիսյանը։ -Ուսուցիչները ջանք ու եռանդ չեն խնայում մեզ գիտելիք տալու համար: Ունենք դասապատրաստման ժամեր, եթե աշակերտներից մեկնումեկը թեման չի հասկացել, կարող է մոտենալ ուսուցչին և իր հարցը ներկայացնել: Նրան անպայման կօգնեն, լրացուցիչ կբացատրեն դասը:
Դիանան վարժարանի վերջին՝ երրորդ կուրսում է սովորում: Արդեն հիմնարար գիտելիքներ է ստացել իր ապագա մասնագիտությանը ավելի լավ տիրապետելու համար: Տասնյոթամյա աղջիկը փաստում է՝ ռազմամարզական վարժարան ավարտող յուրաքանչյուր սան կրթվում է հայրենասիրական ոգով, հոգեպես ու ֆիզիկապես պատրաստ է շարունակելու զինվորականի ուղին, նվաճել նոր բարձունքներ:
-Համազգեստ կրելիս վեհություն, հպարտություն ես զգում, որովհետև տարբերվում ես քո տարեկիցներից: Ես ապագա զինվորական եմ, ու այս վարժարանում կրթվելը մեծ պատիվ է: Յուրաքանչյուր մոնթեական պետք է առաջնորդվի մեծ հայի գաղափարներով ու պատգամներով: Մենք գիտենք, թե Մոնթեն ինչ հայրենասեր է եղել, ու սովորելով նրա անունը կրող վարժարանում՝ չենք կարող հայրենասեր չլինել:
Գայանեի, Ռոմանի, Լևոնի և Դիանայի նման կիրթ ու բանիմաց են նաեւ մյուս մոնթեականները: Կրթօջախի որդեգրած կարգախոսին համահունչ վստահ քայլերով, ուս ուսի նրանք շարժվում են առաջ՝ դեպի բարձունք։
ԶԱՐՈՒՀԻ ՌՇՏՈՒՆԻ
Խորագիր՝ #35 (1548) 23.10.2024 - 30.10.2024, Ազգային բանակ